Լրահոս

22.05.2017 17:38


Ըստ հաղորդման` հարկադիր կատարողները չարաշահել են պաշտոնեական դիրքը

Ըստ հաղորդման` հարկադիր կատարողները չարաշահել են պաշտոնեական դիրքը

Դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Մ. Պ.-ի դիմումի և հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, Մ. Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Ա. Պ.-ն, համապատասխան պայմանագրով «Գ. Տ.» ՍՊԸ-ին է հանձնել ռեստորանային համալիրում գտնվող 200 մլն դրամ արժողությամբ շարժական գույքը: Որոշ ժամանակ անց հիշյալ ՍՊԸ-ն որպես վարկի ապահովման միջոց գրավադրել է նշված ռեստորանային համալիրը` բանկին գրավոր տեղեկացնելով, որ դրանում առկա շարժական գույքը պատկանում է Ա. Պ.-ին: Դրանից հետո վերջինս դիմել է դատարան` իրեն պատկանող գույքը հետ ստանալու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ շարժական գույքը դատական վեճի առարկա է, ԴԱՀԿ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում դրա նկատմամբ արգելանք է դրվել մինչև վեճի հանգուցալուծումը: Սակայն այդ ընթացքում Ա. Պ.-ն տեղեկացել է, որ արգելադրված գույքն աճուրդով վաճառվել է, և ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները որևէ միջոց չեն ձեռնարկել դրա օտարումը կանխելու ուղղությամբ:

Հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը