Մեկնաբանություն

24.05.2017 09:55


2040-ին ԿԸՀ-ն կհայտարարի՝ ընտրողների թիվը 3,6 միլիոն է

2040-ին ԿԸՀ-ն կհայտարարի՝ ընտրողների թիվը 3,6 միլիոն է

«2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»: Երբ այս մասին ասաց Սերժ Սարգսյանը, մտածեցի, որ նման հայտարարություն անելու համար նա հաստատ «հիմք է ընդունել» ընտրողների թվի մասին ԿԸՀ-ի կողմից ամեն անգամ ներկայացվող տեղեկանքները:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քիչ էր մնում՝ Մուկուչյանն ասեր, որ ընտրողների թիվը 3 միլիոն է: Բայց լավ էր, իշխանության հետ գցեցին-բռնեցին ու այդ թիվը մի քիչ պակասեցրին: Թե չէ կստացվեր, որ նորածին երեխաներն էլ ընտրելու իրավունք ունեն: Չնայած, այն թիվը, որ ներկայացրեց ԿԸՀ-ն (2,6 միլիոն), դարձյալ չափազանց կասկածելի էր. ոնց որ անչափահասներին էլ էին հաշվել որպես ընտրող: Եթե այդ թիվը իրական լիներ, ապա ՀՀԿ-ն ստիպված չէր լինի 90-ամյա տատիկին անկողնուց հանել ու բերել ընտրատեղամաս: Ինչևէ:

ՀՀԿ ղեկավարն էլ ընտրողների ուռճացված թվերի հաշվարկով է խոստանում 2040-ին բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի: Այսինքն՝ եթե 2040-ին էլ իշխանության լինի, ԿԸՀ-ն կհայտարարի, որ ընտրողների թիվը 3,6 միլիոն է: Իրականում, սակայն, նման պնդում անելու համար հիմք չկա, եթե նայում ենք այսօրվա ժողովրդագրական պատկերը: Իսկ այն աղետալի է:

Մի քանի օրից դպրոցներում հնչելու է Վերջին զանգը: Բայց պարզվում է՝ սահմանամերձ գյուղերի շատ դպրոցներում Վերջին զանգը չի հնչելու: Ինչո՞ւ: Որովհետև ավարտող աշակերտ չունեն: Սյունիքի, Տավուշի մարզերի գյուղերում առաջին դասարան են հաճախում երկու-երեք աշակերտ, իսկ 12-րդ դասարանն ավարտող էլ չունեն, մի գյուղում միայն երկու աշակերտի համար պետք է հնչի Վերջին զանգը: Սահմանագոտու դպրոցներում առավելագույնը 12-13 աշակերտ են սովորում: Ընտանիքներով քոչել են, ու երեխա չկա, դպրոցները աշակերտներ չունեն:

Ի վերջո, ինքը Սերժ Սարգսյանն էլ հրաշալի գիտի այս ամենի մասին: Նա էր, չէ՞, 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում սահմանագոտու բարձրադիր գյուղերի բնակչությանը խորհուրդ տալիս իջնել ներքև ու ապրել ներքևի գյուղերում, մինչև կկարողանան լուծել կենսապահովման խնդիրները: 2012-ից մինչ օրս ոչ մի խնդիր չեն լուծել, ու սահմանագոտու բնակիչներն էլ ոչ ներքև են իջել, ոչ էլ մնացել են վերևում: Ուղղակի երկրից արտագաղթել են: Իսկ հիմա 4 միլիոնից է խոսում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը