Մեկնաբանություն

28.05.2017 10:02


Խորհրդարան խորհրդարանի ներսում

Խորհրդարան խորհրդարանի ներսում

Տպավորությունն այնպիսին է, կարծես այս երկրում ոչ ոք չգիտի՝ ով ինչ է անում, ով ինչպես է իրականացնում իր պաշտոնեական պարտականությունները, այս կամ այն կարգավիճակ ունեցող անձը ո՞ր չափով կարող է զոռ տալ սեփական երևակայությանը: Էլ չենք խոսում այն մասին, որ առաջին դեմքից մինչև ամենափոքր տրամաչափի չինովնիկը առաջնային ու երկրորդական խնդիրներն իրարից չեն տարբերում: Անհասկանալի ու անտրամաբանական «նախաձեռնություններով» առատ մեր երկրում հանկարծ կարող ես մի օր էլ արթնանալ ու իմանալ, որ պետական իշխանության կարևորագույն մարմինների «ընդերքում» մի նոր մարմին է գոյացել, որն այնպիսի լայն իրավասություններով է օժտված, որ գերակայող է դառնում հիմնական կառույցին:

Գալուստ Սահակյանը եթե շարունակեր մնալ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, մենք այդպես էլ չէինք իմանա, թե նա քանի խորհրդական ու օգնական ունի: Իսկ Սահակյանը, պարզվում է ուենցել է 22 խորհրդական և 16 օգնական: Աբսուրդ: Այս 38 հաստիքայինները, որ չափազանց բարձր աշխատավարձ են ստացել, հետաքրքիր է՝ ի՞նչ խոհուրդ են տվել կամ ինչո՞վ են օգնել Սահակյանին, որն առանց այդ 38 մարդու էլ միշտ կարողացել է հրապարակավ ցնցող ու մոգական մտքեր արտահայտել: Օրինակ՝ այսպիսին՝ «Գաղտնի բառը դա թաքուն բառը չէ», կամ՝ «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ» նշանակում է «ոչ էական», «Դեմ լինելը դա ընդդեմը չէ» և այլն: Բնությունից իմաստուն մարդուն մի՞թե ինչ-որ խորհրդականներ ու օգնականներ են պետք, այն էլ՝ թվով 38:

Տարիներ շարունակ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցեր են անցկացնում «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք այդպես էլ իրենց աշխատավարձերը չեն ստանում: Իսկ ամիսը մեկ-երկու անգամ Գալուստ Սահակյանի աշխատակազմում երևացող խորհրդական-օգնականները ստանում էին ահռելի աշխատավարձ (ըստ մամուլի՝ 400-500 հազար): Օրերս ԱԺ նոր նախագահը օպտիմալացրեց սրանց: Բայց պետք է հաշվել, թե պետբյուջեից որքան գումար է մսխվել: Այն դեպքում, երբ նաիրիտցիները մնացել են անփող ու անգործ (ավելի ողբերգականը՝ նրանցից ոմանք արդեն մահացել են):

Սակայն Գալուստ Սահակյանի նախկինում ձևավորած աշխատակազմում իրականացված օպտիմալացմանը զուգահեռ հիմա էլ Ազգային ժողովի խորհուրդ են ձևավորել, որն արդեն իր առաջին նիստն է հրավիրել: Այս խորհրդի իրավասություններին ծանոթանալիս, պարզապես, տարակուսում ես: Եթե 17–հոգանոց խորհրդի (որում ՀՀԿ-ականները մեծամասնություն են) որոշումներով է խորհրդարանը առաջնորդվելու, այդ խորհուրդն է որոշում ԱԺ նիստերի օրակարգերը, օրենսդրական նախաձեռնությունների ճակատագիրը, պատգմավորներին անձենմխելիությունից զրկել-չզրկելու հարցը, և էլի շատ հարցեր, անգամ լրագրողների «նիստուկացը», ճեպազրույցների օրն ու ժամը, ապա 105 պատգամավորների գոյության իմաստը ո՞րն է: Միանգամից թող այդ խորհրդարանը լիներ 17 մարդու նստավայր: Ո՞ւմ են պետք այն մնացած պատգամավորները, որոնք, կոպիտ ասած, «մեխի գլուխ» են լինելու և ոչինչ չեն որոշելու: Ավելի ճիշտ՝ ընդամենը կոճակ են սեղմելու՝ հաստատելով խորհրդի հերթական «վերդիկտը»:

Է՛հ, լուծարեք այդ խորհրդարանը (մանավանդ, որ կեղծված ընտրություններով է ձևավորվել), շենքն էլ ծառայեցրեք մի այլ նպատակի, իսկ այդ 17 հոգուն էլ մի քանի սենյակ տրամադրեք Մելիք-Ադամյան փողոցում գտնվող պարտիայի կենտրոնական գրասենյակում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը