Լրահոս

28.05.2017 10:33


Պատվիրատուին հետաքրքրել է միայն Դոն Պիպոյի սպանությունը

Պատվիրատուին հետաքրքրել է միայն Դոն Պիպոյի սպանությունը

Օրեր առաջ լրատվամիջոցներում մեծ տարածում գտավ տեղեկությունը, որ Հայաստանում ձախողվել է քրեական հեղինակություններ Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանի և Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի սպանությունները:

Նկատենք, որ խոսքը ոչ թե սպանության փորձի, այլ նախապատրաստության մասին է, քանի որ քրեական գործը հարուցվել է հենց 35-104-րդ հոդվածի հատկանիշներով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, եւս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Նախաքննական մարմինն առայժմ ձեռնպահ է մնում գաղտնազերծել մեղադրյալների ինքնությունը կամ մանրամասնել գործի հանգամանքները` քննությանը չվնասելու պատճառաբանությամբ: Սակայն դատելով առաջադրված մեղադրանքների վերաբերյալ պաշտոնապես հրապարակված տեղեկությունից` խոսքը պատվերով սպանության մասին է, որը վերաբերել է մեկ անձի: Այսինքն` պատիրատուին հետաքրքրել է հեղինակություններից միայն մեկի սպանությունը, քանի որ մեղադրանքը առաջադրվել է 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, այն է կազմակերպված խմբի կողմից շահադիտական նպատակներով, պատվերով անձի սպանության նախապատրաստություն: (Եթե քրեական գործով խոսքը գնար երկու անձի սպանության մասին, ապա մեղադրանք կառաջադրվեր նաեւ դրա համար, ինչը չկա): Կարող ենք փաստել, որ կալանավորվածները բուն կատարողներն են` պատվեր ստացածները, իսկ պատվիրատուն առայժմ դրսում է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` պատվերը վերաբերել է Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի սպանությանը, ինչը ձախողվել է: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` մեղադրյալներն առանձնապես աչքի չընկած մարդիկ են, ովքեր իրենց օրվա ապրուստը հոգացել են արտագնա աշխատանքով` Ռուսաստանում զբաղվելով խոհարարությամբ, շինարարությամբ: Թե որքանով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները կապ ունեն Ռուսաստանի քրեական աշխարհի հետ, առայժմ պարզ չէ, սակայն այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ եւս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` խմբին օժանդակողի նկատմամբ:

Ու մինչ նախաքննությունը շարունակվում է ու փորձում են պարզել պատվիրատուին, նշենք, որ հայաստանյան քրեական հեղինակությունները ուժեղացրել են իրենց անվտանգությունը: Նրանց թվում նաեւ Արտյոմ Կանեւսկոյը, ով թեեւ փորձում է բացահայտ ցույց տալ, թե իր առօրյայում ոչինչ չի փոխվել եւ շարունակում է հաճախել իր նախընտրելի վայրերը, սակայն ուժեղացված անվտանգությամբ:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը