Կարծիք

10.06.2017 01:16


«Գայանե» բալետի ներկայացման տապալման փաստն աննախադեպ է

«Գայանե» բալետի ներկայացման տապալման փաստն աննախադեպ է

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի ներկայացման տապալման փաստն աննախադեպ է:
Մինչ օրս նման բան չեմ մտաբերում: Չեմ հիշում, որ երկրի թիվ մեկ թատրոնում ներկայացում տապալված լինի:
Բայց որքան էլ փաստն աննախադեպ է, նույնքան էլ զարմանալի է հանրության անտարբերութունն այդ իրողության նկատմամբ:
Խաչատրյանական «Գայանեն» հայկական առաջին բալետն է և հունիսի 8-ի ներկայացումը հոբելյանական էր (բալետի ստեղծման և առաջնախաղի 75-ամյակին էր նվիրված):
Այնինչ, բալետային ներկայացումը տապալվեց և, կրկնում եմ, այդ փաստի հանդեպ անտարբերությունն արտառոց է: Սա վկայում է այն մասին, որ մենք իսկապես ապրում ենք «հոգևոր» անապատացման ժամանակաշրջանում, երբ հանրության զգալի մասին առավելապես հետաքրքրում են, ասենք, Հայկոյի ու Մկոյի բաժանվելու, սերիալային այս կամ այն «դեՌասանի» ամուսնանալու, ռաբիս երգչի անունով փողոց անվանակոչելու, սրա ու նրա մարմնամասերին «տատու» տեսնելու և նմանատիպ փաստերը:
Իսկ դասական արվեստը «դժվարամարս» է: Հեռուստաէկրանին սոսնձված, հնդկական սերիալների ասեղի վրա նստած մարդը զահլա չունի ոչ Օպերային թատրոն հաճախելու, և ոչ էլ այդ թատրոնով հետաքրքրվելու: Այնպես, որ նրա համար միևնույն է, թե ինչո՞ւ է տապալվել «Գայանեն» (ա՛յ, Օպերային թատրոնում ռեստորան լիներ՝ ուրիշ բան):
Իսկ բալետային ներկայացումը տապալվել է նվագախմբի «դեմարշի» պատճառով. նշված օրը նվագախումբը ելույթ չի ունեցել, հրաժարվել է նվագել:
Ըստ լուրերի, թատրոնում տեղի ունեցած կրճատումներին նվագախումբը այսկերպ է պատասխանել: Սա յուրատեսակ բողոքի ակցիա կարելի է համարել:
Եվ հիմա Մշակույթի նախարարը և թատրոնի գեղարվեստական ղեկավարը նվագախմբի անդամներից պահանջում են բացատրագրեր ներկայացնել, թե ինչո՞ւ, ո՞ւմ դրդմամբ են դիմել նման քայլի: Կարճ ասած, երաժիշտներին ստիպում են հանդես գալ «գործ տվողի» դերում: Կարծես, այդ մարդիկ անչափահաս են ու չէին կարող ինքնուրույն որոշում կայացնել:
Ճիշտ է, հանդիսատեսին «տհաճ անակնկալ» են մատուցել, բայց, կարծում եմ, կրճատման տակ ընկած իրենց գործընկերներին պաշտպանելու նվագախմբի անդամների արարքը շատ էլ ողջունելի է:
Եթե այսօր դու չես կանգնում քո այն գործընկերների կողքին, որոնց մի վայրկյանում գործազուրկ են դարձնում, ապա վաղն էլ քեզ են գործազուրկ դարձնելու:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը