Աշխարհ

21.06.2017 14:56


Եվրախորհրդարանում ընդունվել է Թուրքիայի մասին զեկույց

Եվրախորհրդարանում ընդունվել է Թուրքիայի մասին զեկույց

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 51 կողմ, 3 դեմ ձայնով ընդունել է Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Քեթի Փիրիի զեկույցը: Զեկույցի քվեարկությանը մասնակցած 68 պատգամավորից 14-ը ձեռնպահ է մնացել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը:

Հոլանդացի զեկուցող Փիրին նշել է, որ ԵԽ-ում ներկայացված բոլոր խմբակցությունները Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագայի վերաբերյալ իրարից տարբեր մոտեցումներ ունեն: Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովն ու խորհուրդը լռության են մատնում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, մինչդեռ խորհրդարանը, ընդհանուր առմամբ, կայուն մոտեցում է դրսևորում: Միևնույն ժամանակ զեկուցողը շեշտել է, որ իրենց համար ամենադժվարը Խորհրդարանի միատեսակ կարծիքն ապահովելն է:

«Մեզ շատ են անհանգստացնում Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները և դրանց հնարավոր հետևանքները: Եթե այսօրվա մեր առաջարկները կիրառվեն առանց սահմանադարական փաթեթը փոփոխելու, կնշանակի անհրաժեշտ է լինելու պաշտոնապես առկախել Թուրքիայի եվրաանդամակցության բանակացությունները»,-հավելել է Փիրին:

Հոլանդացի զեկուցողը շեշտել է, որ եթե Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցվեն, ապա կսառեցվեն նաև եվրաինտեգրմանը նախապատրաստվելու համար Թուրքիային հատկացվող դրամական միջոցները: Հարաբերությունների դադարեցման դեպքում Թուրքիա ուղարկված գումարները կտրամադրվեն տեղի հասարակական կազմակերպություններին, իսկ ԵՄ բյուջեով Թուրքիայի համար նախատեսված ֆոնդերը ուղղակիորեն կբաժանվեն թուրք ժողովրդին:

Փիրին նաև ընդունել է, որ վերջին 6 ամսում Թուրքիան շատ բան է արել փախստականների խնդրի լուծման համար: Զեկույցում արձանագրվել է, որ այս պահին Թուրքիայում 3.2 մլն փախստական կա: ԵՄ անդամ երկրներն էլ ամեն ջանք թափում են՝ Թուրքիայից ավելի շատ փախստական ընդունելու մասին իրենց խոստմանը հավատարիմ մնալու համար: Սակայն, ըստ Փիրիի, Թուրքիան էլ չպետք է թեման շահարկի և ԵՄ երկրների հասցեին խնդրի հետ կապված սպառնալիքներ հնչեցնի:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը