Մեկնաբանություն

26.06.2017 11:40


2018-ի «նախագահական» ընտրությունների մասին

2018-ի «նախագահական» ընտրությունների մասին

Շատերը չնկատեցին, իսկ ոմանք էլ ձև արեցին, թե չեն նկատում, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեի և 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեզանում լրիվ նոր քաղաքական իրականություն է ստեղծվել: Խոսքն այսպես կոչված խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն չի վերաբերում:

Խոսքն այն մասին է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ քաղաքացին փաստացի զրկվում է քաղաքական ընտրություն կատարելու հնարավորությունից (ընտրական իրավունքից ոմանք զրկվեցին 10.000 դրամի դիմաց, իսկ մյուսները՝ անկախ սեփական կամքից):

Այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգի ներդրումը արևելյան բազառի վերածեց ընտրության գործընթացը: Մինչև այդ սահմանադրորեն վերացվել էր նախագահի ընտրովի ինստիտուտը:

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում միայն նախագահական ընտրություններն են հանրության կողմից ընկալվել որպես քաղաքական, այլ կերպ ասած՝ իշխանության հարց լուծող:

Նախագահի ընտրովի ինստիտուտը վերացնելով՝ Սերժ Սարգսյանը կարծում է, որ առնվազն ապահովագրել է իր անձնական անվտանգությունը և սեփականությունը: Ինչ վերաբերում է առավելագույնին, ապա այն դրսևորվելու է «Վերարտադրություն» օպերացիայով: Թե ինչ կունանանք իրական կյանքում, պարզ կդառնա 2018-ին, երբ գործող Սահմանադրության ուժով կդադարեցվեն Սարգսյանի նախագահական լիազորությունները: Այդ պահից սկսած ամեն մի սցենար հնարավոր է՝ սահուն վերարտադրությունից մինչև ցնցումային փոփոխություններ:

2018-ին տեղի կունենան յուրօրինակ նախագահական ընտրություններ, բայց առանց ՀՀ քաղաքացու, այսինքն՝ առանց ուղղակի և համընդհանուր քվեարկության:

Ինչպես վերևում նշվեց՝ քաղաքացին այլևս զրկվել է քաղաքական ընտրություն կատարելու հնարավորությունից: 2018-ին «նախագահի» հարցը կլուծվի ներքաղաքական ուժերի հաշվեկշռից ելնելով: Ասել է թե՝ այսպես, թե այնպես մենք ունենալու ենք նախագահական ընտրություններ, պարզապես նախագահի անունը հիմա դրել են «վարչապետ», իսկ ընտրողներն էլ ոչ թե ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներն են, այլ ռեսուրսային կենտրոնների (քաղաքական ուժ, ինֆորմացիոն աջակցություն, հասարակական խմբեր, բիզնես շրջանակներ, պետական ապարատ, ուժայիններ և այլն) տիրապետող սուբյեկտները:

Ավելորդ չէ նշել, որ ամենագլխավոր ռեսուրսը 2018-ի «էլիտար» ընտրություններում լինելու է Խելքը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը