Կարծիք

11.08.2017 00:01


Սեպտեմբերին սկսվում է քաղաքական նոր թատերաշրջանը

Սեպտեմբերին սկսվում է քաղաքական նոր թատերաշրջանը

Սեպտեմբերին սկսվում է քաղաքական նոր թատերաշրջանը: Առանցքային թեման է՝ ով է ժառանգելու Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Բոլորը, հատկապես մեր Պատժի նեղ շրջապատը, հասկացել են, որ նա քաղաքականապես և բարոյապես վերջացած անձնավորություն է, կարճ ասած՝ անգործունյա է ու որևէ վճռական քայլի այլևս անընդունակ է և' բարոյապես, և' ֆիզիկապես, և', ամենարևորը, ինտելեկտուալ առումով:

Սերժ Սարգսյանը կարողանում է պահպանել իշխանությունը, սակայն կիրառել իշխանությունը հանուն հանրային բարօրության, անընդունակ է:

Անկախ նրանից, թե 2018-ին նա կդառնա վարչապետ, թե ոչ, նա գնացող է և անգամ պահելով իշխանությունն, այնուամենայնիվ, չի կարողանա կանխատեսելի կերպով իշխանության վերարտադրության խնդիրը լուծել:

Նա իր շուրջը դեռևս մոբիլիզացրել է հաճախ հակադիր շահեր ունեցող խմբավորումներին, սակայն նրանց համար կանխատեսելի ապագա չի կարողացել կերտել և չէր էլ կարող` գործող կլանների կոչումն է միմյանց հոշոտելը, ինչը ժամանակավորապես հետաձգվել է:

Սերժ Սարգսյանն այլևս իշխող վերնախավի համար ոչ թե մոբիլիզացնող, այլ ճիշտ հակառակը` ապակայունացնող գործոն է:

Նա երբեք լեգիտիմ իշխանություն չի ունեցել, այլ ընդամենը հավասարակշռել է կլաններին՝ նրանց համար կատարելով արբիտրի դերը: Այսինքն, նրա իշխանությունը ոչ Աստծոց է, ոչ էլ ժողովրդից, այլ կլաններից է:

Կլանների հավասարակշռության խախտումն էլ անբովանդակ է դարձնում նրա իշխանությունը և պատահական չէ, որ նա վերջնականապես չոչընչացրեց 2008-ին իր դեմ ապստամբած օլիգարխներին, ոչ էլ վերացրեց Ծառուկյանին` նրա ընդվզումից հետո, որովհետև հավասարակշռության խախտումը ի չիք կդարձնի իր դերակատարությունը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ: Ըստ միջկլանային կոնվենցիայի՝ նա կարող է պատժել, սակայն ոչնչացնել չի կարող, դա արդեն ուրիշ համակարգ է: Այդ իսկ պատճառով նա չի կարող ժառանգորդ ընտրել իր նեղ շրջապատից որևէ մեկին, դա բալանսի խախտում և միջկլանային պատերազմ է նշանակում, սակայն, մյուս կողմից, հավասարակշռության պահպանումը հարցականի տակ է դնում նրա ժառանգորդ ընտրելու կարողությունը: Դա ծուղակ է, որը հետևանքներ է ունենալու ու Սահմանադրության փոփոխությունը չի փրկում վիճակը:

Այսօր գոյություն չունի իշխանություն ու ընդդիմություն, այլ գոյություն ունեն խմբավորումներ, որոնք լուռ կերպով պատրաստվում են առաջիկա ճակատամարտին:

Վերախմբավորումները, բնականաբար, չեն լինելու ըստ կուսակցական պատկանելության, այլ լինելու են լիդերների շուրջը: Նոր բաժանումների ժամանակ պետք է մոռանալ «խորհրդարանական մեծամասնություն» հասկացությունը: Գործի են դրվելու փողը, ֆիզիկական ուժը, զենքը:

Մի խոսքով, լուծումները կլինեն ուժի գործադրմամբ, իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանի շուրջ, դեռևս պասիվ, տարանջատումներն արդեն սկսվել են և առաջին տեսանելի կանխանշանները կուրվագծվեն սեպտեմբերին:
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա դա որոշ ժամանակով կերկարաձգի հանգուցալուծումը, բայց հետագայում այն կլինի ավելի ցավոտ, առանց գերագույն արբիտրի հավասարակշռող մասնակցության:

Ապագայում չի բացառվում բազմագլուխ դասական օլիգարխիայի կառավարման տարբերակը, ինչն, որպես կանոն, մեծ արյամբ է վերջանում:
Իսկ մինչ այդ այն հարցը, թե որ կլանը կկարողանա իր կողմը ձգել հեղափոխական ամբոխներին և լեզու գտնել աշխարհքաղաքական խաղացողների հետ, կլինի գլխավոր ինտրիգը: Համենայն դեպս կլանների միջև ընթացող պայքարի հիմնական նպատակներից մեկը կլինի հեղափոխական զանգվածին միմյանց դեմ օգտագործելը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը