Քաղաքական

14.08.2017 13:23


ՀՀ փոխարտգործնախարար․ «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար»

ՀՀ փոխարտգործնախարար․ «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար»

Ըստ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր երկու առաքելություն ունեն՝ նպաստել, որպեսզի կողմերը գան համաձայնության, և թույլ չտալ, որ պատերազմ լինի։

«Որպեսզի կողմերը գան համաձայնության. այս դաշտում Ադրբեջանը ելնում է հետևյալ մոտեցումից՝ «կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ ոչինչ», արդյունքը ոչինչ է։ Կամ ասում է՝ «կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ պատերազմ», այստեղ էլ հայկական կողմերը երբեք տեղիք չեն տա։ Դա շատ լավ հասկանում են միջնորդները, դրա համար առաջընթաց չկա բանակցային գործընթացում»,-«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Քոչարյանը։

Միջնորդները միաձայն ասում են՝ «որպեսզի առաջընթաց լինի բանակցային գործընթացում, պետք է կողմերի միջև լինի վստահություն», ասաց փոխարտգործնախարարը, շարունակելով՝ կողմերի միջև վստահությունը չի կարող լինել, քանի կրակում են, քանի սադրում են, քանի զինվում են, քանի իրականացնում են դիվերսիաներ։

«Ո՞նց կարելի է խոսել այսօր բանակցային գործընթացում առաջընթացի մասին, երբ որ Ադրբեջանը նախկին փաստաթղթերը խախտել է՝ 1994-1995 թվականի անժամկետ զինադադարի պայմանագրերը, էստեղ միջնորդները որևէ մեղք չունեն։ Հիմա երկրորդ իրենց առաքելությունը՝ այո՛, թույլ չտալ, որ պատերազմ լինի, ինչո՞ւ՝ ոչ միայն այն պատճառով, որ իրենք միջնորդ են, այլ նաև երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, իրենք պատասխանատու են խաղաղության համար՝ աշխարհի ցանկացած ծայրում, և այդ տեսակետից, եթե իրենք երեքով հանդիսանում են միջնորդ և վերսկսվում են ռազմական գործողությունները, դա ապտակ է հենց Անվտանգության խորհրդի երեք անդամին: Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, ահա ինչու էին անընդհատ վարկաբեկում, փորձում այդ ֆորմատից ազատվել, պատահական չէ, դա նոր չէ՝ մեկ Ամերիկային է մեղադրում, մեկ՝ Ռուսաստանին, մեկ՝ Ֆրանսիային, մեկ փնտրում է ֆորմատի փոփոխություն՝ «եկե՛ք ներգրավենք Գերմանիային»՝ մտքում պահելով Թուրքիային, դա հայտնի է: Որովհետև նմանատիպ եռանախագահությունը Ադրբեջանի համար զսպաշապիկ է, և նա իհարկե շարունակելու է, բայց առնվազն մենք չկրկնենք. այն մեղքերը, որը փորձում է բարդել Ադրբեջանը եռանախագահության վրա, դա հենց իր մեղքն է։ Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար», - ասաց Քոչարյանը։

Ըստ փոխարտգործնախարարի, Ադրբեջանին պետք է պարտադրել խաղաղություն։ «Ընդ որում այդ հարցում մենք առաջին հերթին մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, և ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց։ Այս անգամ մենք շատ ավելի պատրաստ ենք լինելու և հույսը մեզ վրա պետք է դնենք, բայց, իհարկե, ոչ միայն չպետք է անտեսենք, այլ պետք է լուրջ աջակցություն սպասենք եռանախագահներից, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են», - ասաց Քոչարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը