Աշխարհ

21.08.2017 13:49


Նոր նշանակումներ Թուրքիայի ուժային կառույցներում

Նոր նշանակումներ Թուրքիայի ուժային կառույցներում

Օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը կից ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության նոր հրամանատար է նշանակվել ժանդարմերիա զորքերի հրամանատար Արիֆ Չեթինը: razm.info-ն գրում է, որ այս մասին հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում:

Նույն հրամանագրով Արիֆ Չեթինին շնորհվել է բանակի գեներալի կոչում: Նրա փոխարեն ժանդարմերիայի զորքերի հրամանատար է նշանակվել Թունջելի նահանգի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Սալիհ Քարաթաշը, ում էլ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում:

Նշենք, որ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ այժմ եղել է բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ով, օգոստոսի 2-ին Թուրքիայում կայացած Բարձրագույն ռազմական խորհրդի հերթական նիստի որոշմամբ, նշանակվել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար:

Փոփոխություններ են եղել նաև Թուրքիայի ցամաքային զորքերի բանակային կորպուսների հրամանատարություններում: Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Զեքայի Աքսաքալլըն նշանակվել է 1 բանակին կից 2-րդ կորպուսի գլխավոր հրամանատար: 2-րդ կորպուսի ստորաբաժանումները տեղակայված են հիմնականում Հունաստանի հետ սահմանին և Մարմարա ծովի շրջանում: Շտաբը տեղակայված է Գելիբոլուում:

Զեքայի Աքսաքալլըի փոխարեն հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պարտականությունները կատարելու է հատուկ նշանակության ուժերի 2-րդ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ահմեթ Էրջան Չորբաջըն:

Թուրքիայի ռազմածովային ուժերի ուսումնական հրամանատարության հրամանատար, փոխծովակալ Էրջյումնեթ Թաթլօղլուն նշանակվել է նավատորմի հրամանատար:

Հրամանագրով փոփոխվել են նաև Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) 22 նահանգի ղեկավարները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Թուրքիայում կայացել է Բարձրագույն ռազմական խորհրդի հերթական նիստ, որում մեծամասնություն են կազմել քաղաքացիականները՝ կառավարության անդամների մի մասը: Նիստի որոշմամբ՝ ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարների պաշտոններում նշանակվել են նոր զինվորականներ, մի շարք զինվորականների պաշտոններ և կոչումներ էլ բարձրացվել են:

Այս խորագրի վերջին նյութերը