Կարծիք

03.09.2017 09:39


Հենոն պատրաստ չէ նույն անձնազոհությամբ կատարել լիդերի ֆունկցիաները հավաքականում

Հենոն պատրաստ չէ նույն անձնազոհությամբ կատարել լիդերի ֆունկցիաները հավաքականում

Ես հասկանում եմ, որ այսօր հայկական ֆուտբոլը ընդհանրապես ու Հայաստանի հավաքականը մասնավորապես օբյեկտիվորեն չեն կարող մեծ հավակնություններ ունենալ, բայց գոնե եղած հնարավորությունները պիտի արդյունավետ օգտագործվեն: Այդ առումով ինձ երեք բան է հիմնականում մտահոգում: Ընկերական խաղերի սակավությունը, Արթուր Պետրոսյանի կողմից խաղի ընթացքում կատարվող փոխարինումները ու Հենրիկ Մխիթարյանի դերը թիմում:

Մեկնարկային կազմի ընտրությունը նույնպես կասկածներ են առաջացնում, սակայն կարելի է ընդունել, որ մարզիչը, իհարկե, ավելի լավ է տիրապետում խաղացողների մարզավիճակին: Զարմացնում է միայն Պետրոսյանի արտահայտած կարծիքը, որ ընկերական խաղերը խանգարում են պաշտոնականներին նախապատրաստվելուն: Չե՞ որ լուրջ մրցակիցների հետ ընկերականները օգնում են կազմի հարցում կողմնորոշմանը:

Փոխարինումների հետ կապված հարցերը առաջանում էին բոլոր երեք վերջին հանդիպումներում` եւ՛ հաղթական Ղազախստանի հետ, եւ՛ երկու հետեւած անհաջողություններում: Օրինակ, Ռումինիայի հետ խաղում թիմը մնում է 10 հոգով ու 0:0 հաշվի պայմաններում փոխարինման դուրս չի գալիս երկրորդ կենտրոնական պաշտպանը: Նախ ակնհայտ է, որ թիմը ստիպված էր լինելու խաղալ պաշտպանողական ֆուտբոլ եւ ընդամենը երեք հետեւի գծի խաղացողներով, այն էլ հյուրընկավկելիս կարգով ավելի ուժեղ թիմին, դա անչափ դժվար է: Ի վերջո, հենց կենտրոնական պաշտպանի գոտում ազատ հայտնված հարձակվողից ստացանք գոլը:

Բացի դրանից, փոխարինման հանելով պահեստային կետրոնական պաշտպանի՝ հնարավորություն կստեղծվեր իր համար ավելի լավ նախապատրասվել հաջորդ խաղին, որին ինքը, միեւնույն է, պիտի փոխարինի որակազրկված Տարոն Ոսկանյանին: Ինչքան խաղը մոտենում էր ավարտին, այդքան պարզ էր դառնում, որ Հայաստանի հավաքականը լրիվ հանձնել է նախաձեռնությունը ռումինացիներին, սակայն խաղում էր մեկ կենտրոնական պաշտպանով ու մեկ հենակետային կիսապաշտպանում, իսկ փոխարինման դուրս եկավ հարձակվող: Դա ոչ մի բան չտվեց արջեւի գծին ու չլուծված թողեց պաշտպանության խնդիրը:

Այն, որ ստեղծված իրավիճակում թիմին անհրաժեշտ էին երկու կենրոնական պաշտպան ու երկու հենակետայիններ, պարզունակ ճշմարտություն է: Եւ, վերջապես, ակնհայտ է դառնում, որ մրցաշարային վիջակից ելնելով՝ Հենոյի համար շատ ավելի կարեւոր են ակումբում իր ելույթները ու ինքը պատրաստ չէ նույն անձնազոհությամբ կատարել լիդերի ֆունկցիաները հավաքականում, ինչ Յովետիչը Մոնտենեգրոյի ու Էրիքսենը Դանիայի կազմերում: Ես դա պատրաստ եմ ընդունել: Ուրեմն կարելի է ազատել իրեն լիդերի դերից ու տեղափոխել այնտեղ, որտեղ, մեծ պատասխանատվություն չվերցնելով՝ ինքը ավելի օգտակար կլինի թիմին: Ասենք, խաղա մեզ համար դեֆիցիտ հանդիսացող հենակետային կիսապաշտպանի դիրքում: Իր փաստացի ներդրումը վերջին երկու խաղերում դրանից չէր տուժի, բայց օգտակարության գործակիցը ավելին կլիներ: Իսկ արջևում լիդերի դերում հանդես կգային դրան հոգեբանորեն ավելի պատրաստ Մարկոս Պիզելին ու Տիգրան Բարսեղյանը:

Ամեն դեպքում, թեեւ, խմբից դուրս գալու հարցը վերջնականապես փակվել է, միավորները մնացած խաղերում ու ոգեւորությունը հաջողություններից մեզ համար կարեւոր են: Ու սխալների վրա աշխատանքը պիտի կատարվի: Կարծում եմ՝ մասնագետների համար նաեւ ոչ մասնագետ ֆուտբոլի սիրահարների կարծիքը չի խանգարի:

Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը