Քաղաքական

09.10.2017 19:17


Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքմենստանի ԱԳ նախարարը նամակներ են փոխանակել

Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքմենստանի ԱԳ նախարարը նամակներ են փոխանակել

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած տարիները ցույց տվեցին ի սկզբանե երկու երկրների կողմից որդեգրած՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով երկկողմ միջպետական հարաբերությունների հետևողական զարգացման քաղաքականության արդյունավետությունը:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշում է, որ առկա հայ-թուրքմենական քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս երկկողմ օրակարգում գտնվող բոլոր հարցերը լուծել կառուցողական գործընկերության ոգով:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների բազմաշերտ համագործակցությունն առավել կընդլայնվի՝ խթանելով տարածաշրջանային և միջազգային հարցերում փոխգործակցության խորացմանը և տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Թուրքմենստանի արտգործնախարարն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ այս տարիների ընթացքում Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցությունը հետևողականորեն զարգանում է՝ հիմնված լինելով փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա:

Ռաշիդ Մերեդովը արձանագրում է, որ վերջին շրջանում հայ-թուրքմենական քաղաքական երկխոսության մեջ նկատվում է նոր դինամիկա, ինչը վկայում է փոխադարձ հետաքրքրության աճի և երկկողմ գործընկերության երկարաժամկետ հեռանկարների մասին:

Ամփոփելով ուղերձը, արտգործնախարար Մերեդովը ընդգծում է, որ երկու երկրները ակտիվորեն աշխատում են համագործակցության տարբեր ոլորտներում երկկողմ կապերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը