Տնտեսական

28.12.2010 12:08


2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 690.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը' ավելի քան 742.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 93.6%-ով և 85.8%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.3%-ով կամ 86.3 մլրդ դրամով: Ընդ որում, 13.6%-ով (76.5 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 82.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով' պաշտոնական դրամաշնորհները, 19.6%-ով կամ ավելի քան 7.1 մլրդ դրամով' այլ եկամուտները:

Պետական բյուջեի եկամուտների 92.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.3%-ը' այլ եկամուտների, 0.8%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 17 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 742.6 մլրդ դրամի ծախսեր' կազմելով տարեկան ծրագրի 85.8%-ը: Մասնավորապես' 662.1 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 80.5 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 14.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով կամ 23.8 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 52.4 մլրդ դրամ պակասուրդով' տարեկան ծրագրով նախատեսված 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 114.9 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 67.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է  -15.3 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների  պետական բյուջեի կատարման օպերատիվ  հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի' www.minfin.am«Նորություններ» բաժնում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը