Մեկնաբանություն

13.10.2017 11:05


«Ազգ-բանակ» հայեցակարգը և բանակի քեֆը

«Ազգ-բանակ» հայեցակարգը և բանակի քեֆը

Բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ վերջին տարիներին ավելի քան 300 հազար ՀՀ քաղաքացի է արտագաղթել:

Արտագաղթը հետևանք էր, որն այժմ վերածվել է պատճառի:

Արտագաղթի պատճառով տուժում է տնտեսությունը, վատանում՝ սոցիալական պատկերը:

Արտագաղթն ազդել է նաև բանակի վրա: Տուժել է բանակի կառուցվածքը: Պարզ լեզվով ասած՝ մարդ չեն կարողանում հավաքել ու տանել բանակ: Զինվորների քչություն կա:

Նրանք, ովքեր արտագաղթել են, բնականաբար, չեն կարող բանակի համար մարդ մատակարարել: Իսկ նրանք, ովքեր չեն արտագաղթել, մտածում են, թե ինչպես իրենց արու զավակներին պրծացնեն բանակից: Արդյունքում՝ բանակում հայտնվում են քյասիբները, ովքեր ստիպված են ծառայում: Ասել է թե՝ ունենք բանվորագյուղացիական բանակ:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մարդիկ կամավոր մեկնում էին ճակատ, իսկ հիմա ամեն կերպ խուսափում են մեր պետության թիվ մեկ երաշխավոր հանդիսացող բանակում հայտնվելուց: Ինչո՞ւ է այդպես: Ամեն մեկն իր պատասխանն ու պատճառաբանությունն ունի, բայց գլխավորն այն է, որ մարդկանց գիտակցության մեջ ձևախեղվել է պետության գաղափարը: Արդարության սուր դեֆիցիտն է հարվածում մեր բանակին:

Ղարաբաղյան շարժման ժամանակ մարդկանց հերոսության էր մղում վեհ գաղափարը՝ հայրենիքի ու ազատության գաղափարը, իսկ հիմա նրանք տեսնում են, որ ընդամենը վերածվել են իշխանությունների սեփականությունը պաշտպանողի, քանզի պետությունն արդեն սեփականաշնորհված է մարդկանց նեղ շրջանակի կողմից ու վերածվել է թալանի օբյեկտի:

Երբ մարդիկ տեսնում են, որ իշխանություններն իրենց շրջապատով բոլոր տիպի քեֆերն անում են, բացի բանակի քեֆից, քանի որ իրենց շրջապատում ընդունված չէ բանակում ծառայելը, իսկ ժողովրդին էլ ուզում են «Ազգ-բանակ»-ով ու այլ տիպի «ռազմահայրենասիրական» ծրագրերով կերակրել, ապա պարզ է, որ մարդիկ խուսափելու են բանակից, ու ոչ մի դեմագոգիկ ծրագիր չի կարող այս պատկերը փոխել:

Երբ պետությունը նույնացվում է իշխանության հետ, իսկ իշխանությունն էլ տարանջատում է իրեն հանրությունից ու ապրում լրիվ ուրիշ աշխարհում, ապա բնական է, որ իշխանությանը պատկանող այդ ուրիշ աշխարհը սեփական կյանքով պաշտպանելու ցանկությունը մարդկանց մոտ զրոյանում է: Մանավանդ որ հայտարարվում է, թե անպետք հողեր կան, որոնք կարող են հանձնվել:

Երբ մարդիկ տեսնում են, թե ինչպես են ներքաղաքական նպատակահարմարությունից և այլ հաշվարկներից ելնելով «գործ սարքում» Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր բանակը ղեկավարած Սամվել Բաբայանի դեմ, ապա ինչո՞ւ պետք է սահման մեկնելու և մեր երկիրը պաշտպանելու ցանկություն ունենան:

Քաղաքացին տեսնում է, որ իշխանություններն իրենց են վերցրել բոլոր իրավունքներն ու լիազորությունները, հաստատել են թալանի իրավունք, իսկ հասարակ մահկանացուներին վերապահել են հարկեր ու տուրքեր վճարելու, վարկերի տակ ճկռելու և սահմանը պահելու պարտականությունը: Տեսնում է ու չի ընդունում դա: Նման դեպքերում քաղաքացին պետք է ոտքի կանգնի և փոխի իրավիճակը, սակայն առայժմ դա չի հաջողվում: Ու քանի որ չի հաջողվում, կրկնենք, մարդիկ արտագաղթում են ու բանակին այլևս մարդ մատակարարելու պարտականություն չեն ունենում՝ կամ որդիներին են ազատում ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի խոսափեն բանակում հայտնվելուց, կամ էլ ստիպված ծառայում են: Բայց «ստիպված ծառայողներով» բանակում ոչ քանակ, ոչ էլ որակ կարող ես ապահովել: Երկրում պետք է մթնոլորտ փոխվի, որպեսզի բանակն ամուր թիկունք ունենա:

Այնպես որ, բանակում առկա ներկայիս խնդիրները ոչ միայն ու ոչ այնքան բանակինն են, որքան պետական կառավարման համակարգինը:

ՀՀ-ն ունի անվտանգության ապահովման խնդիր առավել, քան աշխարհի շատ ու շատ երկրներ: Մենք կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, և այս պայմաններում ունենալ պետական կառավարման այսպիսի որակ ու տնտեսական այսպիսի հարաբերություններ, պարզապես անթույլատրելի է: Այսպիսի որակներով մնալը հավասարազոր է պետության ինքնասպանությանը: Սա՞ է հայ ժողովրդի առաքելությունը 21-րդ դարում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը