Քաղաքական

18.10.2017 00:14


ՄԱԿ-ի կանխատեսումներով` 2035 թ․ Հայաստանի բնակչությունը լավագույն դեպքում կկազմի 3.2 միլիոն․ Սերժ Սարգսյանի խոստումն անիրականանալի է (տեսանյութ)

ՄԱԿ-ի կանխատեսումներով` 2035 թ․ Հայաստանի բնակչությունը լավագույն դեպքում կկազմի 3.2 միլիոն․ Սերժ Սարգսյանի խոստումն անիրականանալի է (տեսանյութ)

Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով աշխարհի բնակչութան 2017թվականի «Անջատ աշխարհ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարույթան դարում» զեկույցը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը փոխանցեց, որ ՄԱԿ-ի կանխատեսումներով, Հայաստանի բնակչությունը 2035 թվականին կլինի վատթարագույն դեպքում 2.5-2.6 միլիոն, լավագույն դեպքում 3.2 միլիոն մարդ՝ ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի՝ 4 միլիոն բնակչություն ունենալու մասին խոստումները, ըստ այդ զեկույցի, անիրականանալի են թվում:

«Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Բայց, իսկապես, սա շատ ամբիցիոզ հայտարարություն է․․․ Դրա համար մենք հենց երեկվանից պետք է սկսեինք լուրջ ներդրումներ անել այդ ուղղության մեջ: Փառք Աստծու, մենք արդեն ունենք ուսումնասիրված լավագույն փորձը աշխարհում․ որտեղ է աշխատել, որ, օրինակ, ծնելիությունը բարձրացել է վերջին 20-25 տարիներում, դա ավելի շատ Սկանդինավյան երկրներն են», - ասաց Հայրապետյանը:

Մասնագետը պնդում է, որ միջազգային փորձը հստակ մեխանիզմ է առաջարկում բնակչության թիվը բարձրացնելու համար, և դա ամենևին էլ պայմանվորված չէ ընտանիքներին ֆինանսական ինչ-որ աջակցություն ցուցաբերելով: Ընտանիքը, ըստ Հայրապետյանի, նախևառաջ պետք է սոցիալապես և տնտեսապես ապահով զգա իրեն՝ առաջին կամ հաջորդ երեխան ունենալու որոշում կայացնելիս, ինչը մեզանում այսօր բացակայում է․ «Որպեսզի ինքը չհայտնվի ծանր վիճակում, որպեսզի աշխատաշուկայից չզրկվի, որպեսզի իր անձնական զարգացման հնարավորություններից չզրկվի․․․ Մեր ամբողջ իմաստը պետք է լինի այն, որ հաջորդ երեխան ունենալու որոշումը ընտանիքի համար չլինի ռիսկային»:

Անհավասարությունը ընտանիքներում ազդում է բնակչության թվի վրա: Ըստ զեկույցի, մեծ ճեղքվածք կա կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև՝ ի վնաս կանանց: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում եկամտային անհավասարությունը ամենամեծն է Թուրքիայում:

Հայաստանի ցուցանիշը նույնպես մտահոգիչ է․ հայ տղամարդկանցից շատերը կնոջից պահանջում են բարձրագույն կրթություն, սակայն հետագայում չեն թողնում աշխատել:

«Որպեսզի տնտեսական բարձր վիճակ ստեղծվի, պետք է հասարակության բոլոր անդամները մասնակցեն այդ տնտեսական արժեքի ստեղծմանը: Չի կարելի 50 տոկոսին բնակչության թողնել դուրս: 2015 թվականի մեր հետազոտությունը, որ ես նշեցի, էնտեղ մենք հաշվարկ էին կատարել, որ կանանց աշխատանքի իրավունքից զրկելով, իսկ դա տեղի է ունենում, մեր դեռ 2009 թվականի տնային տնտեսությունների հետազոտությամբ, մոտ 7-9 տղամարդիկ հայտնել են, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց կանայք աշխատեն: Այդ 7-9 տոկոսի չաշխատելու պարագայում, իսկ ես կարծում եմ, որ այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է, որովհետև սա լատենտային, ավելի թաքնված խնդիր է, Հայաստանի ՀՆԱ-ի վրա դա կազմում է մոտավորապես 60 միլիոն դոլար բեռ: Կարծում եմ, դա բավականին մեծ թիվ ա մեզ համար, և մենք չենք կարող անտեսել սա»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը