Քաղաքական

14.11.2017 20:13


Սերգեյ Լավրովը կգա Երևան, Սերժ Սարգսյանը կգնա Մոսկվա

Սերգեյ Լավրովը կգա Երևան, Սերժ Սարգսյանը կգնա Մոսկվա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելել Հայաստան և Ադրբեջան:

«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին ծրագրված են իմ այցերը Երևան և Բաքու: Նախ և առաջ, այդ այցելությունները նախատեսված են իրականացնել ՌԴ-ի և համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ընդառաջ»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ օրակարգում կներառվեն այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունների հարցերը, կխոսեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, այդ թվում՝ կփորձենք հասկանալ, թե Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումից հետո որ փուլում են գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանն էլ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Սարգսյանը հանդիպում կունենա Պուտինի հետ, կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

Բաղրամյան 26-ից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին:

Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը