Քաղաքական

17.11.2017 14:02


Նալբանդյան․ Պետք է խոսել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի, այլ Ադրբեջանի և ԵՄ դիրքորոշումների տարբերության մասին

Նալբանդյան․ Պետք է խոսել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի, այլ Ադրբեջանի և ԵՄ դիրքորոշումների տարբերության մասին

«Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, [այլ] Ադրբեջանի-Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր «Ազատության» խնդրանքով ներկայացնելով Եվրամիության Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի հռչակագրի հետ կապված իրավիճակը:

«Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, և նախորդ նաև գագաթնաժողովների ժամանակ, նաև՝ Արևելյան գործընկերության,-ասաց Նալբանդյանը՝ մանրամասնելով,-Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերի և մոտեցումների: Դա կոնյունկտուրային ինչ-որ դիրքորոշում չի եղել՝ դա մտածված, բավական գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստել նաև հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Երբևէ այս դիրքորոշումը Եվրամիության չի փոխվել»:

«Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա, տեսնենք», - նշեց Հայաստանի արտգործնախարարը:

Հիշեցնենք, «Ազատության» թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով․ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է:

Երևանում բրազիլացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ի պատասխան մեկ այլ հարցի անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններից կոնկրետ արդյունքներ են ակնկալում, Նալբանդյանը հիշեցրեց, որ «եռանախագահող երկրները՝ ամենաբարձր մակարդակով, կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորում»:

«Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման․ արդյոք Ադրբեջանը դա անո՞ւմ է: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի չկիրառման, ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության․ արդյոք Ադրբեջանը դա անո՞ւմ է: Եռանախագահողները կոչ են անում անվերապահորեն հարգել և իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը․ արդյոք Ադրբեջանը դա անո՞ւմ է: Եռանախագահողները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները․ արդյոք Ադրբեջանը դա անո՞ւմ է», - շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքակնա գերատեսչության ղեկավարը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը