Քաղաքական

20.11.2017 21:11


Լավրով. Ղարաբաղյան հակամարտության շարունակությունը որևէ մեկին ձեռնտու չէ

Լավրով. Ղարաբաղյան հակամարտության շարունակությունը որևէ մեկին ձեռնտու չէ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Նա այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նշենք, որ Լավրովը Հայաստան է եկել Բաքվից։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, քննարկել նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը:

«Դիվանագիտությունն ի վիճակի է գտնել այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար,-Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը,-հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է»:

Լավրովը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան համակարտության շարունակությունը որևէ մեկին ձեռնտու չէ․

«Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: Առավել ևս՝ որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են»:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման հարց չի քննարկվում․ «Այն բոլոր պետությունները, որոնք կարող են նպաստել խնդրի լուծմանը, Մինսկի խմբում ներկայացված են»:

Նա նաև ասել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի շրջանակում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը չի տուժել ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունների պատճառով, և Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ Վաշինգտոնն ու Փարիզը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը