Մեկնաբանություն

21.11.2017 10:30


Քալաշյանը բան չթողեց մեղադրանքից. ի՞նչ է սպասվում Բաբայանի հարցով

Քալաշյանը բան չթողեց մեղադրանքից. ի՞նչ է սպասվում Բաբայանի հարցով

Երեկ Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավարության ժամանակ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես է եկել պաշտպանական ճառով: Վերջինս, պատկերավոր ասած, քարը քարը վրա չի թողել մեղադրող կողմի ներկայացրածից:

Իրավական տեսանկյունից շատ գրագետ ու փաստարկված իր ելույթով Քալաշյանը փաստացի ապացուցեց, որ Բաբայանի դեմ գործը «կարված է սպիտակ թելերով»: Նա դատարանի դահլիճում ի ցույց դրեց այդ «թելերը»՝ պահանջելով ոչ թե մեղմացում (Բաբայանի համար պահանջվել է 7 տարվա ազատազրկում), այլ արդարացում:

Այո՛, պաշտպանական կողմը լավ էր պատրաստվել, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ դա բարդ չէր անելը, քանի որ հանցագործություն չկատարած մարդկանց արդարացնելը և պաշտպանելը զգալիորեն հեշտ է՝ ի համեմատ այն դեպքերի, երբ պաշտպանության տակ են առնվում հանցանք կատարած մարդիկ, և փաստաբանի խնդիրն այդ ժամանակ դառնում է մեղմացուցիչ հանգամանքների վրա շեշտը դնելը: Քալաշյանից պահանջվում էր «ջարդել» մեղադրանքի հիմքում ընկած փաստարկները, ինչը և արվեց:

Բաբայանի փաստաբանի հասցրած «կետային» հարվածները հակափաստարկի տեղիք չեն տալիս, և եթե մի պահ կտրվենք հայկական իրականությունից, ապա դժվար կլինի պատկերացնել, թե մեղադրող ու պաշտպանվող կողմերին, ինչպես նաև գործով անցնող սուբյեկտներին լսելուց ու «հանցագործության ապացույցներին» ծանոթանալուց հետո դատարանը ինչպե՞ս կարող է արդարացման վճիռ չկայացնել:

Եթե արդարացման որոշում չընդունվի, ապա դա է՛լ ավելի խոր անդունդը կգլորի դատական իշխանությանը և ներքին լարվածության լրացուցիչ աղբյուր կհանդիսանա:

Եթե ոմանց թվում է, թե ամեն ինչ «խախանդ» է, հայ ժողովրդին հաղթել են, «խաղ չկա» և իրենց կարող են թույլ տալ ինչ ուզեն, ապա չարաչար սխալվում են:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Իր պաշտպանական ճառում Քալաշյանն անդրադարձել էր նաև մեղադրող կողմից հնչած այն էժանագին հայտարարությանը, թե իբր Բաբայանը, ով տարիներ շարունակ բանակ է ղեկավարել, չի տարբերում խողովակը ռազմամթերքից: Քալաշյանը ամոթանք տվեց նման արտահայտությունների համար՝ նշելով, որ անկախ ամեն ինչից չի կարելի մոռանալ, թե ով ինչպիսի ծառայություններ է մատուցել հայրենիքին պատերազմի ժամանակ:

Քալաշյանի ասածի իմաստն այն էր, որ Բաբայանն իր անցած ռազմական ճանապարհով կասկածի տեղիք չի կարող տալ, թե նա արդյոք տարբերո՞ւմ է խողովակը ռազմամթերքից: Բնականաբար տարբերո՛ւմ է, և, հետևաբար, մեղադրող տղայի արարքը արժանի է ցածր գնահատականի:

Ի դեպ, իշխանությունների ոչ պաշտոնական (իրականում՝ ամենապաշտոնական) խոսափող հանդիսացող «Ժամանակ» թերթն ու դրան կից «1in.am» կայքը կտրել էին Քալաշյանի խոսքը կոնտեքստից ու դեմագոգիկ ձևակերպումներ արել, թե իբր փաստաբանը Բաբայանին արդարացնում է՝ վերջինիս անցած ռազմական ուղուն հղում կատարելով: Վերջում էլ «խոհափիլիսոփայական» հարց էին բարձրացրել, թե արդյոք Ղարաբաղում կռվելը հանցագործության ինդուլգենցիա՞ է տալիս:

Թե ինչու են լրատվական դաշտի այս հաճախորդները, պատերազմի տարիների դեզերտիրները և բանակից փախնելու համար դատվածները նման բաներ գրում, պարզ է: Պարզ չէ միայն պատվիրատուի մոտիվացիան: Չէ՞ որ «մուտիլովկան» բումերանգի էֆեկտ ունի:

Այս խորագրի վերջին նյութերը