Մեկնաբանություն

22.11.2017 00:15


Կգա՞ զինված հեղաշրջման ուրվականը Հայաստան՝ կախված է բացառապես մեզանից

Կգա՞ զինված հեղաշրջման ուրվականը Հայաստան՝ կախված է բացառապես մեզանից

Աշխարհում կրկին ակտիվացել է «անփոխարինելի առաջնորդների» փոխարինման գործընթացը՝ զենքի միջոցով:

Օրերս Զիմբաբվեի «անփոխարինելի առաջնորդ» Ռոբերտ Մուգաբեին այնտեղի «երկրապահները» հեռացրին: Նրա կինն էր ուզում 93-ամյա ամուսնու մահից հետո այդ երկրի նախագահ դառնալ ու մի քանի տասնամյակ էլ ինքն «անփոխարինելի» մնալ, բայց, ինչպես աֆրիկացիներն են սիրում ասել, երկուշաբթին երեքշաբթիից շուտ եկավ և Մուգաբեն «սեփական կամքով» հրաժարական ներկայացրեց:

Զինված հեղաշրջում է տեղի ունեցել նաև Լուգանսկում: Այնտեղի «անփոխարինելի» Պլոտնիցկին փախել է: Թե ինչ է լինելու այդ չճանաչված հանրապետությունում, կիմանանք շատ շուտով:

Մի խոսքով, զինված հեղաշրջումները Աֆրիկայով գալիս հասնում են Լուգանսկ ու դեռ կշարունակվեն, որովհետև աշխարհի երեսին դեռ կան մուգաբեներ ու պլոտնիցկիներ:

Տեղին է նկատել, որ այդ փոփոխությունների «մոդան» նաև Հայաստանից սկսվեց: Ճիշտ է, «Սասնա ծռերի» գործողությունները նույնքան նպատակամղված ու ծրագրված չէին, ինչ մենք տեսանք նույն Զիմբաբվեում կամ Լուգանսկում, բայց մեթոդը նույնն էր:

Իսկ թե ինչու են տեղի ունենում զինված հեղաշրջումներ, կամ ավելի ճիշտ՝ իշխանափոխություններ ու իշխանափոխության փորձեր, պատասխանը պարզ է: Երբ քաղաքական դաշտը ոչնչացվում է, երբ ժողովրդավարական քողի տակ կամ բացահայտ ավտորիտարիզմի պայմաններում հաստատվում է «անփոխարինելի առաջնորդով» համակարգ, երբ հասարակությանը ամբողջությամբ դուրս են մղում պետության կառավարման գործընթացից, երբ ընտրությունները վերածվում են առուծախի միջոցառման, երբ տնտեսությունը կենտրոնացվում է նեղ շրջանակի ձեռքում, երբ հաստատվում է գարշելի մթնոլորտ, ասպարեզ են մտնում զինված մարդիկ և փորձում են արկերի ու փամփուշտների միջոցով արդարություն հաստատել: Հաստատում են թե ոչ, դա այլ հարց է: Մենք առայժմ զինված հեղաշրջման պատճառներից ենք խոսում:

ՀՀ նոր Սահմանադրությունը և ստեղծված ներքաղաքական վիճակն, ի դեպ, պարարտ հող են ստեղծել զենքի ուժով իշխանության հարցը լուծելու համար: Դա, թերևս, իշխանությունները բնազդաբար զգում են և դա է պատճառը, որ ամենուրեք իրենց դեմ զինված դավադրության օջախներ են տեսնում:

Մեր կողմից ասենք, որ հայաստանյան իշխանությունները չպետք է վախենան պատերազմի բովով անցած մարդկանցից, քանզի նրանք իրենց ասելիքն ուղիղ են ասում, այլ ոչ թե «տակից» գործում: Հակասություններ, իհարկե, կան, բայց ամեն հարցում էլ փոխզիջում կարելի է գտնել, հո սա էլ հայ- թուրքական խնդի՞ր չէ:

ՀՀԿ առաջնորդը պետք է վախենա ոչ թե իր բաց ընդդիմախոսներից, ովքեր, երկրի շահերից ելնելով՝ ժամանակին նույնիսկ մի կողմ են դրել ամեն ինչ ու բանակի հզորացման գործում իրենց աջակցությունն են հայտնել, այլ իրեն քծնողներից, որոնք ճիշտ պահին են սպասում, որպեսզի, պատկերավոր ասած, դանակով մեջքից հարվածեն:

Երկրի ներսում բարիկադներ սարքելն ու խրամատներ փորելն է զինված հեղաշրջման նախադրյալ ստեղծում, իսկ որտեղ չկա փոխզիջումային մթնոլորտ և լարվածության թուլացում, միշտ պետք է սպասել ցնցումներ, քանզի այդպիսին է բնության օրենքը, որը ժամացույցի ճշգրտությամբ աշխատում է նաև քաղաքականության մեջ: Չե՞ք հավատում, հարցրեք Մուգաբեին ու Պլոտնիցկուն: Նրանք այդ ամենը հաստատ իրենց մաշկի վրա զգացին այս օրերին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը