Բանավեճ

30.01.2010 16:38


Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

«7օր»-ը հյուրընկալել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանին

-Ինչպե՞ս եք գնահատում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը և ինչպե՞ս կմեկնաբանեք միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի նախագահների հայտարարությունները, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք է  արագացված կարգով զարգացումներ լինեն։

Ստեփան Սաֆարյան-Ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացը միշտ մտահոգիչ է եղել այն առումով, որ ղարաբաղյան կողմը մշտապես բացակայել է այդ հանդիպումներից։ Եվ մենք արդեն տեղիք ենք տվել, որ որոշ փաստաթղթեր ստորագրվեն Հայաստանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի անունից (մայնդորֆյան հռչակագիր)՝ Ադրբեջանին հիմք տալով նշել, որ հակամարտության իրական կողմը Հայաստանն է։ Մի կողմ թողնելով այս մտահոգությունը, որ մենք ունեցել ենք տարիների ընթացքում՝ շատ ավելի մտահոգիչ է այն, որ այս հանդիպումները տեղի են ունենում Թուրքիայի առաջադրած պայմանը կատարելու պատճառով, հանուն նրա, որ Թուրքիան շուտափույթ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ Թուրքիան այս գործընթացում ավելի համառող կողմ է, քան Հայաստանը։ Հետևողական մի բան նկատել չի կարելի. նախկինում երբևէ Թուրքիան այսպես ինտենսիվ և ուղղակի չի միջամտել և չի ազդել ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի վրա։ Մեր անհեռատես արկածախնդրության պատճառով ժամանակին չկանխելով նմանատիպ զարգացումները կամ քայլեր չանելով դրանք կանխելու ուղղությամբ՝ այսօր թույլ ենք տվել, որ Թուրքիան նախ խնդիրը քննարկման առարկա դարձնի բոլոր միջազգային կառույցներում և ատյաններում, և երկրորդ՝ սպառնալ աշխարհի մեծ պետություններին և մասնավորապես Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի շուտափույթ  լուծվի ղարաբաղյան հակամարտությունը՝ դրա հետ կապելով արձանագրությունների վավերացումը։

Արտակ Զաքարյան-Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սկզբից մինչև վերջին իրադարձությունը տարբեր փուլեր է անցել, և եթե հետադարձ հայացքով նայենք կարգավորման ընթացքում տեղի ունեցած ամենատարբեր մոտեցումներին, իրադարձություններին, ապա պետք է ասենք, որ տարբեր ժամանակներում փորձեր են արվել ակտիվացնել գործընթացը ՝ առաջադրելով տարբեր սկզբունքներ Մինսկի խմբի ձևաչափում։ Ներկա գործընթացներն այդ ակտիվացման փուլերից մեկը պետք է դիտարկել։ Սա նորմալ երևույթ է, որովհետև ղարաբաղյան խնդիրը դիտարկվում է նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում, չի կարող անմասն մնալ այդ զարգացումներից։ Իսկ ինչպես Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարները, այնպես էլ միջազգային հանրությունը հստակ տեսնում են Հայաստանի սկզբունքային մոտեցումը ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ Մայնդորֆյան հռչակագիրը փաստել է մի հանգամանք, որ խնդրի լուծումը գերտերությունները և բանակցային միջնորդ կողմերը տեսնում են միայն և միայն խաղաղ կարգավորման ճանապարհով, ուժի կիրառման բացառման սկզբունքով։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցությունները ղարաբաղյան խնդրի հետ կապելուն և Թուրքիայի կողմից այդ ճնշումներին, բնականաբար, Թուրքիան փորձեց այդ դերակատարությունն ունենալ, բայց զարգացումները և գերտերությունների ու Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարություններն այնպիսին են, որ այս գործընթացները մեկը մյուսի հետ կապ չպետք է ունենան։ Ուղղակի տարածաշրջանային զարգացման որոշակի գործընթացներ արագացնելու համատեքստում նաև պետք է համապատասխան ուշադրություն դարձվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի կարգավորման գործընթացին։ Այստեղ, կարծում եմ, շատ կարևոր է լինելու ԼՂՀ-ի կողմ դիրքորոշումը, և նաև կարևոր ու էական է լինելու այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն ինչ-որ մի պահի կարող է հնարավորություն ստանալ վերադառնալ բանակցային գործընթաց։ Իսկ սա արդեն նշանակում է, որ ինչ-որ մի պահից նաև բանակցային կամ խնդրի կարգավորման գործընթացում ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման հնարավորությունները դառնալու են առավել իրական։ Դա հայտարարվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների արտգործնախարարների կողմից։

Ս. Ս.-Իհա՛րկե, եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ամեն ինչ հնարավոր է։ Ես պետք է առարկեմ իմ գործընկերոջ այն հայտարարությանը, թե սա հերթական փուլ է, կամ ակտիվացման նախորդ փուլերի նման մի փուլ է։ Պետք է հասկանանք, որ սա այդ գործընթացի մի մասն է, բայց միանգամայն նոր փուլ է, որովհետև ղարաբաղյան խնդիրը հայտնվել է միանգամայն նոր համատեքստում և նոր գործոնների ճնշման ու ազդեցության տակ։ Չնկատել սա և ճիշտ չախտորոշել իրավիճակը նշանակում է ճիշտ քայլեր և ադեկվատ որոշումներ չանել։ Եթե մենք ընդունենք, որ սա նորմալ, նախկինի նման ակտիվացման հերթական փուլ է, ապա պետք է ասեմ, որ սա նույնն է, ինչ հայ-թուրքական արձանագրություններից առաջ, երբ երկու տարի առաջ «Ժառանգությունը» և ընդդիմադիր այլ ուժեր հորդորում էինք, որ պատասխան տրվի Թուրքիայի նախագահի ներկայությամբ, թե Հայաստանն իրեն դիմել է ղարաբաղյան խնդրին միջամտելու, միջնորդելու համար, սակայն համարժեք պատասխան չտրվեց։ Երբ Թուրքիայի նախագահը, վարչապետը սկսեցին պահանջներ դնել Հայաստանի առջև և խոսել «օկուպացիայից», և մենք հորդորեցինք, որ համարժեք պատասխաններ տրվեն, և իսկապես բացվի օկուպացիայի թեման արդեն հայոց հայրենազրկման համատեքստում, կրկին մեզ հորդորվեց, որ սրանք նորմալ հայտարարություններ են, կրկին չգիտակցվեց, որ միանգամայն նոր զարգացումների մեջ ենք մտնում։ Արդյունքը եղավ այն, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կապեց ղարաբաղյան խնդրի հետ, և հիմա աշխարհին պարտադրում է, որ ճնշումներն ուժեղացնի, և որևէ փաստաթուղթ ստորագրի։ Իսկ այդ փաստաթուղթը, որ դրված է բանակցությունների սեղանին, կատարելապես անընդունելի է։ Ադեկվատ գնահատական չտալով տեղի ունեցածին, ադեկվատ որոշումներ չկայացնելով՝ մենք կարող ենք հայ-թուրքականի նման մի օր էլ գիշերային ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով անակնկալի առաջ կանգնեցնել Լեռնային Ղարաբաղը, որից հետ գնալը հավասարապես վտանգավոր լինի, առաջ գնալն էլ՝ անթույլատրելի, ինչպիսին հայ-թուրքական հարաբերություններն են։

-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի իշխանություններն ունե՞ն այն ներուժը, որ կարողանան դիմակայել արտաքին ճնշումներին։

Ա. Զ.-Նախ կցանկանայի մի դիտարկում անել։ Ես որևէ կերպ չեմ կարծում և չեմ տեսնում, որ այսօր Հայաստանը ենթարկվում է կամ կարող է հետագայում ենթարկվել որոշակի ճնշումների հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանն արդեն դեպի տարածաշրջանային գործոն լինելու քայլ է արել, որը նաև քաղաքական նոր ռեսուրսներ և հնարավորություններ, նոր պոտենցիալ է տալիս՝ արդեն համապատասխան կառույցների և պետությունների հետ նոր որակի հարաբերություններ կարգավորել և նաև առաջադրել սեփական սկզբունքներն ու շահերը, ինչը նաև առաջին հերթին (իհարկե, տարածաշրջանի կտրվածքով) վերաբերելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Այսինքն, Հայաստանն ունի բանակցային քաղաքական բավարար ռեսուրսներ, որպեսզի որևէ կերպ չտուժվեն այն սկզբունքները, որոնք Հայաստանի կողմից որպես դիրքորոշում դրվել են խնդրի կարգավորման գործընթացում։

Բանակցային գործընթացում բավական փակ, դեռևս չհրապարակված տեղեկատվությունն ավելի մեծ է, քան առկա տեղեկատվությունը. մենք հիմա ուղղակի ենթադրությունների դաշտում ենք գտնվում, և իմ գործընկերոջ կարծիքը, ինչպես ես հասկանում եմ, ամբողջությամբ մտավախությունների խնդիր է, որը տեսանելի հիմքեր առայժմ չունի։ Դեռևս դժվար է ասել, թե ինչ վարքաբանություն կունենա Թուրքիան առաջիկայում, բայց մի բան հստակ է՝ Թուրքիան երբեք որևէ կերպ չի կարող ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալ ԵԱՀԿ ձևաչափով կարգավորվող խնդիրներին։ Բացի դրանից, թուրք-ադրբեջանական հարաբերությունները չեն գտնվում այն մակարդակի վրա, որ Թուրքիան ամբողջությամբ և լիարժեք կարողանա պատվար լինել ադրբեջանական կողմի դիրքորոշումներին՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող մի շարք այնպիսի խնդիրներ, որոնցից է Հայոց ցեղասպանությունը (չեն բացառվում նաև ասորիների ցեղասպանության խնդիրը, թուրք-իրանական հարաբերությունները, Սիրիայի հետ կապված խնդիրները, հենց Թուրքիայի ներսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ԵՄ-ի կողմից առաջադրված պահանջները Կիպրոսի հարցում և այլն)։ Այսինքն, այս բազմազանությունն այնքան մեծ է, որ Թուրքիայի համար Ղարաբաղի խնդրի կարևորությունն արդեն աստիճանաբար գլորվում է hետին պլան, և այստեղ զուտ Ադրբեջանը պետք է կարողանա խելացի լինել այնքան, որ շատ չհենվի Թուրքիայի աջակցության վրա։ Տարածաշրջանում Ադրբեջանի միակ հաղթաթուղթ կոչվածը («Եթե խնդիրը չլուծվի, մենք ուժ կկիրառենք» և այլն) բոլորն էլ արդեն հասկանում են, որ Ադրբեջանի վերջին ծայրահեղական մոտեցումն է. բնականաբար, եթե քաղաքական ռեսուրսներն արդեն չեն բավարարում, ստիպված նման հայտարարությունների են գնում, ինչը Հայաստանի պարագայում, իհարկե, չկա, և նաև միջազգային հանրությունը տարբեր ձևաչափերով հայտարարել է և հետամուտ է, որ նման զարգացումներ չլինեն, լինելու դեպքում էլ դրանք կարող են ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ հենց Ադրբեջանի համար։ Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացն այս փուլում ինչ-որ էական փաստաթղթային տեսքի չի գա, և ուղղակի փորձ կարվի, կարծիքներն ու դիրքորոշումները մեղմելով, ավելի մոտեցնել, փորձել բանակցային փուլում որևէ հանգրվանի գալ այն առումով, որ կրկին անգամ բացառվի, այսպես ասած, ռազմական միջամտությունը, այսինքն՝ գործընթացը չգնա սառեցման, չմտնի փակուղի, այլ շարունակվի բանակցային գործընթացը, ինչը նշանակում է ստատուս քվոյի պահպանում դեռևս որոշակի ժամանակահատվածում, իսկ Կովկասում, հատկապես Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը շատ էական նշանակություն ունի առաջիկա գործընթացների համար։

-Ձեր ասածները կարելի՞ է դիտարկել նաև որպես կանխատեսում։

Ա.Զ.-Ամեն դեպքում առկա տեղեկատվության և բոլոր գործոնների պարագայում զուտ իմ վերլուծության արդյունքում ես ավելի շատ նմանատիպ զարգացումներ եմ սպասում։

Ս.Ս.-Մադրիդյան սկզբունքների հիման վրա կառուցված առաջարկների թե՛ հին, թե՛ նորացված տարբերակների վերաբերյալ իր այդ աշխատանքները ոչ թե երբեմն ուղղակի անհիմն վերլուծություններ են (հիշեցնեմ, որ ՄԽ համանախագահները, կոնկրետ ԵԱՀԿ-ն հրապարակել են հիմնարար սկզբունքները), այլ միայն այդքանը բավարար է գնահատական տալու, թե արդյոք այդ սկզբունքներն ընդունելի՞ են Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի համար, թե՞ ոչ, այսինքն՝ մտահոգություններն անհիմն չեն, այլ ունեն շատ լուրջ փաստական հիմք։ Երկրորդը, կարծում եմ, իմ գործընկերը կհաստատի, որ ՄԽ համանախագահները Հայաստան այցելելիս պարբերաբար հանդիպումներ են ունենում նաև քաղաքական կուսակցությունների, այդ թվում և մեզ հետ, և նաև այդ խողովակներով ունենք տեղեկատվություն։ Սա ուղղակի այն գնահատականի մասին, որը ես տվել եմ, և ոչ միայն ես, այլև, ինչպես նշեցի, ԼՂՀ իշխանություններն են տվել մադրիդյան առաջարկներին, թեև նշել են, որ դրանք իրենց պաշտոնապես հանձնված չեն եղել։ Այսինքն, իրենք ծանոթ են, իրենց համար անընդունելի են, սակայն պաշտոնապես իրենց չեն հանձնվել։ Ինչ վերաբերում է ճնշումներին, ես շատ հստակ վկայակոչեմ ճնշումներ և ճնշման փաստեր, որոնց արդյունքում հայաստանյան իշխանություններն ընդունել են որոշումներ՝ ցույց տալու, որ չունեն ռեսուրսներ միջազգային լուրջ ճնշումներին դիմադրելու և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերին դեմ փաստաթուղթ չստորագրելու առումով։ Նախ հիշեցնեմ ապրիլի 22-ը։ Ըստ էության, գիշերային հեռախոսազանգերի արդյունքում, որոնք Հիլարի Քլինթոնն ունեցավ Հայաստանի արտգործնախարարի, նախագահի և Թուրքիայի իշխանությունների հետ, համաձայնություն ձեռք բերվեց հայտարարել, որ դրանք արդեն նախաստորագրված են։ Երկրորդ՝ ՀՀ նախագահը հայտարարեց, որ ինքը Բուրսա չի գնա ֆուտբոլային խաղի դիտմանը, եթե Հայաստանի սահմանը բաց չլինի, կամ չգտնվենք դրա նախաշեմին։ Չնայած այս ամենին՝ միջազգային ճնշումներին, անգամ հորդորներին ենք ենթարկվում։ Եվ այս հորդորների ազդեցության տակ, հետ կանգնելով սեփական խոսքից, նախագահը գնաց Բուրսա։ Հաջորդը՝ Թուրքիայի պահվածքի պատճառով ՀՀ նախագահը հայտարարեց, որ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետներում չվավերացնի արձանագրությունները, ինքն իր ստորագրությունը հետ կվերցնի արձանագրությունների տակից, ինչը նշանակում էր առնվազն սպասել Թուրքիայի վերաբերմունքին և նոր արձանագրությունները մտցնել Սահմանադրական դատարան։ Բայց կրկին միջազգային զանգերի արդյունքում ՀՀ-ն արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը հրապարակեց Սերժ Սարգսյանի հայտարարածից բխող ժամկետներից շուտ։ Կարծես թե Հայաստանը չպիտի քայլ աներ վավերացման ուղղությամբ՝ լուրջ ազդանշան  ուղարկելով միջազգային հանրությանը Թուրքիայի պահվածքի համար, և որ նրանք ստիպեին, որ Թուրքիան արագացներ դա։ Հետևաբար, այդ ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, կարող են հրաժարվել սեփական հայտարարություններից, քաղաքական դիրքորոշումներից, ինչն է՛լ ավելի է մեծացնում հասարակության անվստահությունն ու քաղաքական ընդդիմադիր ուժերի անվստահությունն իշխանությունների քայլերի հանդեպ, որովհետև պրակտիկայում արդեն իսկ ունենք մի քանի դեպք, երբ ՀՀ նախագահը, ժողովրդական լեզվով ասած, իր թքածը ինքն է մաքրել։

-Բնականաբար, Դուք այլ կարծիքի եք...

Ա.Զ.-Լավ ճանաչելով իմ գործընկերոջը և իմանալով, որ նա խորքային ուսումնասիրել է քաղաքագիտություն երևույթը և ռեալ քաղաքական գործընթացների նկատմամբ քաղաքական գործիչների և ժամանակակից աշխարհում «real politic»-ի սկզբունքները՝ հասկանում եմ, որ նա հիմա փորձում է շահարկել դա։

Ս.Ս.-Ես փաստեր ասացի։

Ա.Զ.-Դրանք ոչ թե փաստեր են, այլ գործընթացի ընթացքում գործողություններ, որոնք որևէ կերպ հիմքեր չունեն պնդելու, որ Հայաստանի իշխանությունները ենթարկվում են տարբեր տիպի հորդորների, ճնշումների։ Միանշանակ հստակ է, որ ժամանակակից աշխարհում փակ սահմաններ ունենալն անընդունելի է. ՀՀ հետագա զարգացման և հարաբերությունների կառուցման  և ժամանակակից աշխարհի հետ համահունչ, համաքայլ լինելու համար շատ էական նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը և Թուրքիայի սահմանի բացումը։ Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների սկիզբը և ընթացքը որևէ կերպ չեն հակասում ՀՀ շահերին։ Ճիշտ է, հայ ժողովրդի տարբեր հատվածներ տարբեր կերպ են ընկալում. այստեղ կա նաև էմոցիոնալ գործոնը, որը, ըստ էության, մեր քաղաքական համարգը կարողանում է ատիճանաբար հաղթահարել։ Ամենատարբեր քննարկումներում նաև երկրի նախագահն իր ուղերձում ամենառեալ, ամենաակնհայտ մտահոգությունների մասին հանդես եկավ հայտարարությամբ և լուծման ու հետագա զարգացման համար ուղիներ նախանշեց։ Այս առումով բոլորովին կարիք չկա փորձել Հայաստանին դնել այն դիրքում, որ Հայաստանի իշխանություններն այսօր վարում են այնպիսի քաղաքականություն, որը ենթակա է տարբեր ճնշումների, կամ եթե չվարեր այնպիսի քաղաքականություն, որն առաջադրվում է, կենթարկվեր ճնշումների։ Նման բան գոյություն չունի։ Գոյություն ունեն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, որոնք և կետ առ կետ, քայլ առ քայլ հետևողական դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների զարգացման արդյունքում առաջ են գնում։ Այսօր չկա մի հանգամանք, մի փաստ, որ մենք մատնանշենք, ասենք՝ այ այստեղ թերացել ենք։ Տարբեր կազմակերպություններ, տարբեր կենտրոններ կարող են տարբեր հայտարարություններ անել, բայց դա դեռևս չի նշանակում, որ իրականում ՀՀ շահերն այստեղ տուժվել են։ Ինչ վերաբերում է մադրիդյան փաստաթղթին, ապա Սոչիի հանդիպումից առաջ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին նորացված տարբերակի մասին, և Սոչիում ձեռք բերվեց պայմանավորվածություն 6-շաբաթյա ժամկետում հանդես գալ առաջարկություններով, և այստեղ ուղղակի պետք է վստահ լինել, որ, այո՛, հայկական կողմն իր սկզբունքային մոտեցումները չի հերքելու, և դրանք տեղ կգտնեն արդեն նորացված տարբերակում։ Ես կարծում եմ, որ սա ուղղակի լրացուցիչ հնարավորություն է բանակցային գործընթացը թարմացնելու և արդեն առաջարկի յուրաքանչյուր դետալի շուրջ բանակցությունները շարունակելու համար։

Ս.Ս.-Եթե ճնշում չկար, ապա ինչո՞ւ հոկտեմբերի 10-ին չէին թողնում, որ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն վերադառնային իրենց տները։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ դժգոհ էին տեղի ունեցածից, և կարելի էր ասել՝ քանի որ դուք չեք ուզում, իրարից խռոված եք, գնացեք տուն։

Ա.Զ.-Թուրքիան փորձում էր խախտել պայմանավորվածությունը։

Ս.Ս.-Խախտում էր, մենք էլ գայինք տուն, ասեինք, որ մենք այդ ուխտադրուժ, ցեղասպան պետության հետ չենք ուզում հարաբերվել։

Ա.Զ.-Արդյունքում գերտերությունների երաշխիքի և տեղում Թուրքիայի վրա ճնշումների արդյունքում Թուրքիան հասկացավ։ Շատ լավ հիշեցրեց պարոն Սաֆարյանը։ Սա ևս մի դետալ է, որ հասկանաք, որ ճնշման վեկտորն ավելի շատ Թուրքիայի վրա է դրված։ Թուրքիան ուղղակի փորձեց՝ ինչքանով է հայկական կողմի աջակցությունն ամուր։ Հետագայում լոնդոնյան հանդիպումներում էլ մեր արտգործնախարարի հետ ԱՄՆ-ը ևս մեկ անգամ վերահաստատեց իր աջակցությունը։ Ռուսական կողմը պարբերաբար հանդես է գալիս համապատասխան հայտարարություններով։

 Ս.Ս.-Դուք ասացիք, որ դա երաշխիք է, իսկ մենք դրանք անվանում ենք ճնշումներ, որովհետև  դրանք ճնշումներ են։

Ա.Զ.-Ճնշում կլիներ, եթե դրանք հակասեին ՀՀ շահերին, ինչն այս պահի դրությամբ այդպես չէ։

Ս.Ս.-Խոսքն այն մասին է, որ միջազգային հանրության հայտնի ներկայացուցիչները, այո՛, ցույց են տալիս, որ ամեն ինչ արվում է Հայաստանի և Թուրքիայի կամքով։ Հայաստանի իշխանությունները մտնում են այդ օղակի մեջ և հայտարարում, որ իրենց վրա գործադրվող ճնշում չկա, և արդյունքում իրական ճնշումները ներկայացնում ենք որպես երաշխիքներ։ Ինչևիցե։ Բայց խնդիրը տվյալ պարագայում հետևյալն է։ Ինչո՞ւմ են նաև սխալվել Հայաստանի իշխանությունները՝ ի թիվս այլ սխալների։ Մեզ մշտապես թվացել է, որ միջազգային հանրությունը Հայաստանին շատ պուպուշ, ենթարկվող, չհամառող կողմ է նայում, և երբ պրոցեսին նայում ես օտարի աչքերով, հստակ տեսնում ես, որ Հայաստանի և Թուրքիայի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն կա։ Երբ Հայաստանի իշխանություններն ինչ-որ հայտարարություն են արել, սպասել են, որ դրա արդյունքում Թուրքիային պետք է ծեծեն աշխարհի հզորները, և Հայաստանին էլ չնեղացնեն։ Արդյունքում հայտարարություն հնչեց Սերժ Սարգսյանի կողմից, որ եթե Թուրքիայի վրա լուրջ ճնշումներ չբանեցվեն և այլն, և այլն, մենք հետ կվերցնենք ստորագրությունները։ Դա Էրդողանի և Օբամայի հանդիպման նախաշեմին էր։ Բայց խնդիրն այն է, որ Թուրքիան այն խաղացողը չէ, որի վրա կարողանան ճնշում բանեցնել։ Նա բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ պայմանների լեզվով որևէ մեկը չի կարող խոսել։ Արդյունքում ստացվեց այն, որ 2-ին էլ ճնշում են, բայց Թուրքիան կարողանում է դիմակայել ճնշումներին, որովհետև շատ մեծ պետություն է, և նրա հետ կապված սպասելիքները շատ մեծ են։ Լոնդոնը, Փարիզը, Վաշինգտոնը, Բրյուսելը, Մոսկվան ակնկալիքներ ունեն, և այդ ամենի արդյունքում Հայաստանն էլ է ճնշումների ենթարկվում, և սա լուրջ մտահոգության առարկա է։ Հայաստանի դիվանագիտության բոլոր սխալներն առաջին հերթին գալիս են իրավիճակի ոչ ադեկվատ գնահատականից։ Կանխատեսում է արվում, թե ինչ կլինի հետագայում։ Ես միանգամայն հակառակ բանն եմ սպասում, և դրա նախանշաններն արդեն իսկ կան։ Ֆիլիպ Գորդոնի ընկերը, Թուրքիայի համալսարանի փորձագետը (ով Ֆիլիպ Գորդոնի հետ համահեղինակել է Թուրքիայի վերաբերյալ աշխատություն՝ «Հաղթել Թուրքիային» կամ «Հաղթող Թուրքիան») վերջերս առաջարկել է հայ-թուրքական հարաբերությունները շոկից հանելու համար միմյանցից բաժանել երկու արձանագրությունները, առաջին արձանագրությունը վավերացնել հիմա, բայց պայման դնել, որ երկրորդ արձանագրությունը վավերացվի այն ժամանակ, երբ ղարաբաղյան հարցով որևէ փաստաթուղթ ստորագրվի։ Սա դանդաղ գործողության ռումբ է։ Հավատացե՛ք, որ դա իսկապես Սպիտակ տանը սպասարկող հետազոտական կենտրոնի առաջարկ է դարձել, բայց այդ ծրագիրն, իհարկե, իրականացնում է թուրք վերլուծաբանը, և շատ մեծ է մտահոգությունը, որ հենց այս սցենարով էլ զարգացումները կգնան։ Ընդ որում, բավական մտահոգիչ էր նաև Գորդոնի հայտարարությունը, որ ներկայացվում է որպես հայկական կողմի դիրքերին աջակցություն, իսկ Ֆիլիպ Գորդոնը նշել էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը կարևոր էր նրանով, որ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել արձանագրույթունները, և դրանք խորհրդարաններում պետք է վավերացվեն այն տեսքով, ինչ տեսքով նախաստորագրվել և ստորագրվել են։ Այսինքն, որևէ ստորակետ, որևէ բառ ավելի չլինի։ Այս կտրվածքով ունենալ լավատեսություն թե՛ հայ-թուրքական արձանագրությունների մասով, թե՛ ղարաբաղյան խնդրի մասով ուղղակի տեղին չէ։ Հակառակը՝ այս ամբողջը վկայում է, որ պետք է շատ լուրջ մտահոգվել ղարաբաղյան խնդրի զարգացումներով, որովհետև շատ ռիսկային է դարձել, որ իսկապես կարող են փաստաթուղթ ստորագրել տան, որովհետև այսօր ղարաբաղյան խնդրով որևէ փաստաթղթի ստորագրումը դարձել է հայ-թուրքական հարաբերությունների՝ այս փակուղուց դուրս գալու միակ ելքը։ Ի դեպ, օրերս մի ուշագրավ տեղեկատվություն տարածվեց։ Բոլորը հիշում են, որ այս ամիսների ընթացքում պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան ազատ առևտրի համաձայնագիրը, բայց շատ հետաքրքիր էր Եվրամիության հայաստանյան գրասենյակից տարածված հաղորդագրությունը, և պատահական չէ, որ այդ համաձայնագրի ստորագրումը պահվելու է այնքան ժամանակ, իմաստ է ունենալու առաջին հերթին այն ժամանակ, երբ Եվրամիությունը Թուրքիայով ուղիղ ցամաքային սահման կունենա Հայաստանի հետ։ Այսինքն, եթե Հայաստանը և Թուրքիան վավերացնեն արձանագրությունները, նոր այդ արձանագրությունը որպես խթանիչ, որպես նվեր կմատուցվի Հայաստանին, և դրանք պահվում են զուտ այդ նկատառումներով՝ գայթակղեցնում են։

Ա.Զ.- Ցանկացած գործողություն, հայտարարություն կարելի է  ամենատարբեր ձևով մեկնաբանել։ Ես այդ հայտարարության մեջ տեսնում եմ շատ դրական, նորմալ բան։ Այդ հայտարարությունը նաև վերաբերում է Թուրքիային, որովհետև նույն Թուրքիան ունի Եվրամիության առաջ ստանձնած պարտավորություններ և շատ ավելի նպատակային և վաղ ժամանակահատվածից է ձգտում դեպի Եվրամիություն, շատ ավելի մեծ շահեր է հետապնդում Եվրամիության շրջանակներում, քան մենք։ Այսինքն, սա ևս մեկ անգամ «մեսիջ» էր Թուրքիային, որ հարգելի՛ս, հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը բխում է նաև ձեր երկուսի շահերից, այնպես որ սա ևս մեկ լրացուցիչ խթան է, որպեսզի դուք կարողանաք հաշվի առնել նաև ա՛յս հանգամանքները։ Ինչ վերաբերում է տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետների հայտարարություններին, աշխարհում կան միլիոնավոր փորձագետներ, վերլուծական կենտրոններ, որոնք ամենատարբեր, ֆանտաստիկ, ոչ իրատեսական, երևակայական ամենատարբեր զարգացումների շուրջ կարող են և պարտավոր են նաև իրենց դիրքորոշումներն ասել։ Սա՛ չէ էականը։ Էականն այն է, որ մենք այս պահին ունենք այն, ինչ ունենք։ Այս պահին մենք ունենք շատ նորմալ, բնականոն զարգացող գործընթաց, որտեղ ՀՀ-ի շահերը որևէ կերպ չեն տուժում։

Ս.Ս.- Հանրապետական կուսակցությունն առանց վավերապայմանների վավերացնելո՞ւ է արձանագրությունները։

Ա. Զ.- Հանրապետական կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է։ Նախ Սահմանադրական դատարանի մեկնաբանություններն արձանագրությունների շուրջ, կարծում եմ, լիարժեք բավարար են, որ դրանք արդեն իմպերատիվ իրավական ուժով հաշվի առնվեն նաև հաջորդող բոլոր գործընթացներում։

Ս.Ս.-  Վավերապայման լինելո՞ւ է։

Ա.Զ.- Գտնում եմ, որ սխալ է վավերապայմաններ այդ գործընթացում մտցնելը։

Ս.Ս.- Դա Ձե՞ր կարծիքն է, թե՞ Հանրապետական կուսակցության։

Ա.Զ.- Դա իմ կարծիքն է, և ես կարծում եմ, որ դա նաև քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ է, իսկ դա նշանակում է շեղել գործընթացը։ Իհարկե, մենք սպասում ենք Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը, և առաջիկայում, կարծում եմ, Թուրքիայում այդ գործընթացը կսկսվի։ Թե ի՞նչ արդյունք կունենա խորհրդարանում, հիմա դժվար է կանխատեսել, բայց որ կսկվեն քննարկումները, և փաստաթղթերը կդրվեն խորհրդարանի քննարկմանը, կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն է, ինչը Թուրքիայի համար խիստ ցավոտ խնդիր է, և Թուրքիան էլ է շատ լավ հասկանում, որ անպայման կդառնա գերտերությունների ուշադրության առարկա, և արդեն ստիպված կլինի էական ուշադրություն դարձնել արձանագրություններին։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ասում եք՝ Թուրքիան նախ մի արձանագրությունը կվավերացնի, հետո կսպասի, մյուսը կվավերացնի, արձանագրության մեջ հստակ գրված է, որ 2 փաստաթղթերը մեկը մյուսի հետ շաղկապված են։ Այսինքն, հայտարարել դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին և որպես առաջին գործողություն՝ բացել հայ-թուրքական սահմանը։ Մնացած բոլոր խնդիրները միջկառավարական հանձնաժողովների միջոցով կարգավորվող խնդիրներ են՝ հաշվի առնելով արդեն երկկողմ շահերը, համապատասխան օրենսդրական, իրավական դաշտը և այլն։ Նաև ավելացնեմ, որ ինձ համար հպարտություն և ուրախություն է, որ Հայաստանի քաղաքական համակարգում գործող բոլոր կազմակերպությունները, այդ թվում նաև «Ժառանգություն» կուսակցությունը, էապես և խորապես մտահոգված են ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացով, բայց այս հարցում Հանրապետական կուսակցությունը, լինելով և՛ ղարաբաղյան գոյապայքարի ակունքներում, և՛պետության անկախության կայացման և այլ սկբունքներում, պակաս շահագրգռված չէ, եթե չասեմ, որ նույնիսկ առավել քան շահագրգռված է, որ այս խնդիրն իրոք հաղթական ավարտ ունենա մինչև իր վերջին հանգրվանը։

Ս.Ս.- Քանի որ ես դեմ եմ արձանագրություններին, բայց Դուք կողմ եք, և գտնում եք, որ առանց վավերապայմանների պետք է վավերացվեն, Ձեր սցենարի համար շատ օրիգինալ առաջարկ եմ անում՝ շատ արագ վավերացրեք արձանագրությունները և Թուրքիայի վրա թողեք ճնշումները, բայց, ի տխրություն Ձեզ, ուղղակի կանխատեսում եմ՝ ապրիլի 24-ին ամերիկյան Կոնգրեսի Ցեղասպանության ճանաչման սպառնալիքը հաղթահարելու համար ի՞նչ է անելու Թուրքիան՝ Աղթամարի եկեցու վրա խաչ կդնի, կանցկացնի պատարագ, Աֆղանստան կուղարկի ԱՄՆ-ին ցանկալի զորախումբը, և Դուք հերթական անգամ կմնաք կոտրած տաշտակի առաջ։

Ա. Զ.- Մենք հերթական անգամ կոտրած տաշտակի առաջ չենք մնա, որովհետև մենք հայտարարել ենք՝ սա Թուրքիայի՛ խնդիրն է. եթե Թուրքիան պատրաստ է Ամերիկային աչքակապությունով ևս մեկ անգամ խաբել, դա Ամերիկայի խնդիրն է։

Ս.Ս.- Բա մեր խնդի՞րը որն է։

Ա.Զ.- Մեր խնդիրը հետևյալն է՝ մենք նախաձեռնել ենք գործընթացը, մենք պատրաստակամություն ենք հայտնել բաց տեքստով, բաց հարաբերությունով ինտեգրվել միջազգային հանրությանը, առաջադրված սկզբունքներին համապատասխան։ Այսինքն, եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգանան Ձեր ասած սցենարով, դրանք հայ-թուրքական կամ հայ-ամերիկյան հարաբերությունները չեն։ Անկախ մեր կամքից՝ բազմակի անգամ Միացյալ Նահանգների Կոնգրեսում և նաև Մեծ Բրիտանիայում խնդիրը քննարկման ենթարկվել է։ Այսինքն, եթե հերթական անգամ Թուրքիան փորձի շահարկել կամ աչքակապություն անել, դա մեզ չի ուղղված. Թուրքիայի հետ բանակցային գործընթացում բոլոր պայմանավորվածությունները Հայաստանը պահել է և շարունակելու է պահել։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը