Քաղաքական

12.12.2017 21:59


ԱՄՀ ներկայացուցիչ․ Հայաստանում մրցակցությունը սահմանափակ է, գերիշխողներին պետք է արգելել՝ չարաշահել իրենց ուժը (տեսանյութ)

ԱՄՀ ներկայացուցիչ․ Հայաստանում մրցակցությունը սահմանափակ է, գերիշխողներին պետք է արգելել՝ չարաշահել իրենց ուժը (տեսանյութ)

Շուկայում բոլորի համար հավասար հնարավորութուններ ստեղծելու մասին իշխանությունների կողմից տարիներ ի վեր հնչեցվող խոստումների ֆոնին միջազգային հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչը փաստում է՝ Հայաստանի տնտեսության մեջ մրցակցությունը սահմանափակ է, և իշխանությունները դեռ շատ գործ ունեն անելու:

«Ազատության» հետ զրույցում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան ընդգծեց՝ շուկայում գերիշխող ուժերին չպետք է թույլ տրվի, որ նրանք չարաշահեն իրենց ուժը: «Մեր գնահատականն այն է, որ հայաստանյան շուկայում մրցակցությունն, իրոք, սահամանափակ է, և բարելավման շատ տեղ կա: Այս հարցը մենք բարձրացրել ենք ու քննարկել ենք Հայաստանի իշխանությունների հետ: Մեր կարծիքով՝ այն չի նպաստում տնտեսական աճին, և այս խնդիրը պետք է լուծում ստանա երկու ուղղությամբ:

Մի կողմից, անշուշտ, գերիշխող ուժերին չպետք է թույլ տրվի՝ չարաշահել իրենց ուժը: Մյուս կողմից, կարևոր է նպաստել գործարար միջավայրի բարելավմանը, որպեսզի նոր ընկերություններ մուտք գործեն շուկա և աճեն: Այդ ճանապարհը կսահմանափակի գերիշխող ուժերին»,- ասաց Յուլիա Ուստյուգովան:

Հայաստանյան տնտեսության համար պակաս կարևոր խնդիր չէ երկրի բնակչության թվի չդադարող կրճատումը: Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի խոսքով, ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ արտագաղթի ֆոնին շարունակում է բարձր մնալ գործազրկությունը:

«Բնակչության կրճատումը խնդիր է: Դա նշանակում է, որ աշխատուժն է կրճատվում, ինչպես նաև նվազում է այն արդյունքը, որը կարող է ստեղծվել, անշուշտ, եթե դա չի փոխհատուցվում բարձր արտադրողականությամբ: Սակայն այլ խնդիր էլ կա. թեև նախորդ տարիներին Հայաստանից շարունակվող արտագաղթի ականատեսն ենք եղել, բայց միևնույն ժամանակ՝ գործազրկությունը շարունակում է շատ բարձր մնալ՝ 20 տոկոս:

Սա բարդ իրավիճակ է: Մի կողմից, մարդիկ արտագաղթում են երկրից, մյուս կողմից՝ գործազրկության մակարդակը շարունակում է շատ բարձր մնալ և այն բարձր է հատկապես երիտասարդության շրջանում: 2017 թվականը լավ տարի է Հայաստանի համար, տնտեսական աճը կարող է անցնել 4 տոկոսը, սակայն դա չի լուծի գործազրկության խնդիրը: Սա նշանակում է, որ պետք է կենտրոնանալ խնդրին վերաբերող հատուկ քաղաքականության վրա: Արժույթի միջազգային հիմնադրամի խորհուրդն է՝ կենտրոնանալ աշխատատեղերի ստեղծման վրա, ուսուցանել այն մարդկանց, ովքեր աշխատանքի կարիք ունեն»,- ասաց Յուլիա Ուստյուգովան:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը