Մեկնաբանություն

15.12.2017 18:20


Գնացո՞ղ, թե՞ մնացող է Սերժ Սարգսյանը

Գնացո՞ղ, թե՞ մնացող է Սերժ Սարգսյանը

Որքան շատ է Սերժ Սարգսյանը ձգում պաուզան 2018-ի ապրիլից հետո իր անելիքների մասով, այնքան ավելի քծնանքն ագրեսիվ է դառնում ՀՀԿ-ի քաղաքականապես հնամաշ հատվածի մոտ:

Գալուստ Սահակյանը, թերևս, նաև քնի մեջ է հայտարարում, որ ապագա վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը: Շարմազանովը շարունակում է Սարգսյանի անփոխարինելիության մասին ավելի բարձրաձայն հայտարարել: Սույն գործիչներին միացել են ևս մի քանիսը՝ Վազգեն Կարախանյան, Միհրան Հակոբյան և այլն:

Նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ Ս. Սարգսյանի վարչապետության օգտին խոսում է ՀՀԿ-ի ծեր հատվածը: Խոսքը, բնականաբար, տարիքային ծերության մասին չէ: Տվյալ դեպքում նկատի է առնվում մտածողության ծերությունը:

Ուշագրավն այն է, որ երեկվա հարցազրույցով Սարգսյանը ոչ թե հստակություն մտցրեց իր մասով, այլ խորացրեց անորոշությունը, ընդ որում՝ ոչ միայն իր հետագա պաշտոնավարման, այլ նաև քաղաքականության մեջ մնալ-չմնալու մասով:

Կար, իհարկե, նաև որոշակիություն: Որոշակին ՀՀԿ ղեկավարի խոսքում այն էր, որ ինքը և ՀՀԿ-ն դրական են գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը (այս գնահատականն ակնհայտորեն դուր չեկավ հարց տվողին, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ հեռուստաընկերությունում էր հյուրընկալվել Սարգսյանը): Բացի այդ՝ Սարգսյանը առողջ համարեց Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում 2018-ի ապրիլից հետո մնալու ցանկությունը (այսինքն՝ ստացվում է, որ առողջ ցանկությանն ընդդիմանալը հիվանդ վարքագիծ է):

Ակնհայտ է, որ Սարգսյանն անկեղծորեն դեռ չգիտի, թե ինչ է լինելու, քանզի որոշակի հանգամանքներ նրան խանգարում են այսօրվանից հստակություն մտցնել ապագա իշխանության կառուցվածքի հարցում: Ներքի՞ն ծագում ունեն այդ հանգամանքները, թե՞ արտաքին, առանձին խոսակցության թեմա է: Հստակ է մեկ բան, որ նա Սահմանադրությունը փոխել է, նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններն անցկացրել ու գրպանային խորհրդարան է ձևավորել, որպեսզի պահի իշխանությունը: Հստակ է նաև, որ այս պահին նա չի հայտարարում վարչապետ դառնալու ցանկության մասին ոչ թե այն պատճառով, որ ամաչում է (նա սահմանադրական հանրաքվեից առաջ հայտարարել էր, որ եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին), այլ՝ ուրիշ խանգարող գործոնների ազդեցության տակ:

Թե ինչ վերջնական լուծում կունենանք, պարզ կդառնա Սուրբ ծննդյան տոներից հետո: Պետական ապարատը դեռ կշարունակի հարցական նշանի ձև ընդունած հետևել զարգացումներին ու կշարունակի զբաղվել քամիների ուղղություն գուշակելով:

Պետական ու հանրային շահի տեսանկյունից շատ կարևոր է, որ գալուստսահակյանական մտածողությունը դուրս մղվի պետական կառավարման համակարգից: Մնացածը լուծելի հարցեր են:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը