Մեկնաբանություն

18.12.2017 13:10


Աշխատավորական կոլեկտիվների խնդրանքով. ապագա վարչապետի հարցը

Աշխատավորական կոլեկտիվների խնդրանքով. ապագա վարչապետի հարցը

Թեև Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի ուզում սեթևեթել ու ծանրացնել իր քաղաքական ապագայի հարցը, այդուհանդերձ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում:

Որքան շատ է նա ձգում հարցի պատասխանը, այնքան օդիոզ ՀՀԿ-ականները ավելի մեծ ագրեսիվությամբ են պահանջում Սերժ Սարգսյանից դառնալ վարչապետ: Տեղի է ունենում բոլշևիկյան ժամանակներին հատուկ «աշխատավորական կոլեկտիվների խնդրանքով» բեմականացումը:

Այդ բեմադրության շրջանակներում «անփոխարինելի առաջնորդն» իրեն ծանր է պահում, չեմուչում անում, իսկ ահա շարքերը կատաղի ձևով պահանջում են նրանից մնալ: Վերջում, ըստ հայտնի սցենարի, «անփոխարինելի առաջնորդն» «ստիպված» ընդառաջ կգնա «աշխատավորական կոլեկտիվների խնդրանքին» ու «հակառակ իր կամքի»՝ կառաջադրվի վարչապետի պաշտոնում:

Եթե Սարգսյանը հավատարիմ է 2014-ին հնչեցրած իր տեսակետին, ապա 2018-ի ապրիլից վարչապետ դառնալու հեռանկարին վերաբերող հարցին ի պատասխան կարող է անմիջապես հիշեցնել երեք տարի առաջ հնչեցրած իր խոսքն ու փակել թեման: Նա, սակայն, դա չի անում: Այսինքն՝ ծանրացնում է: Թե ինչու է ծանրացնում և ինչու է պետք այս թամաշան, դժվար է միանշանակ պնդել: Կա առնվազն երկու տարբերակ՝

1. Սարգսյանն, իրոք, ուզում է վարչապետ դառնալ, բայց ինչ-որ բան իրեն խանգարում է հենց այսօր հայտարարել, որ 2014-ի հայտարարությունն ուժի մեջ չէ և ինքը մտքափոխվել է (չի բացառվում, որ Ս. Սարգսյանի վարչապետության դեմ ներքին ու արտաքին խոչընդոտներ կան)։

2. Սարգսյանն ուզում է վարչապետ դառնալ, բայց նաև ուզում է, որ «աշխատավորական կոլեկտիվների խնդրանքը» երկար ձգվի և իրեն շատ խնդրեն, որ մնա, համ էլ՝ հնարավոր կլինի տեսնել, թե ով ինչքան քծնեց և ով էր պասիվ:

Մենք կարող ենք, իհարկե, դիտարկել նաև 3-րդ տարբերակը, ըստ որի՝ Սարգսյանն իրոք հավատարիմ է իր 2014-ի հայտարարությանն ու չի ուզում վարչապետ դառնալ, բայց դա գիտաֆանտաստիկայի ոլորտից է: Նոր Սահմանադրությունն ընդունվել է, Ընտրական նոր օրենսգրքով 2017-ի 10.000 դրամանոց ընտրություններն անցկացվել են, քաղաքական դաշտն անապատացվել է, հաճախորդները խորհրդարան են մտցվել միայն մեկ նպատակով՝ մնալ (հնարավորության դեպքում՝ ցմահ) իշխանության ղեկին: Մնացածը լոլոներ են:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը