Մեկնաբանություն

21.12.2017 09:25


«Մեծ եղբայրը» գրանցվել է «Ֆեյսբուք»-ում և հետևում է բոլորին

«Մեծ եղբայրը» գրանցվել է «Ֆեյսբուք»-ում և հետևում է բոլորին

Օրերս ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց ահաբեկչության կազմակերպման փորձի մասին: Ըստ այդ ուժային կառույցի՝ ԱՄՆ քաղաքացի հայը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով փորձել է մարդկանց հավաքագրել ու հետագայում ահաբեկչություն անել՝ որպես թիրախ ընտրելով ՀՀ իշխանություններին:

ԱԱԾ-ից հայտնում էին, որ այդ մարդու հարցով զբաղվում են, իսկ նրա համախոհներին՝ փնտրում:

Թե որքանով է համապատասխանում իրականությանը ԱԱԾ-ի ներկայացրածը, թողնենք ՀՀ բազմաչարչար քաղաքացիների որոշմանը:

Մեկ բան ակնհայտ է. իշխանությունները սպանել են քաղաքական կյանքը և ճանապարհ բացել քաղաքական ահաբեկչության համար այնպես, ինչպես, օրինակ, ցարական Ռուսաստանում էր ծաղկում ահաբեկչության գաղափարը նարոդնիկների, նիհիլիստների և հեղափոխական կոմունիստների շրջանում:

Բ26-ը գիտի, որ փակել է քաղաքականության ճանապարհը ու հիմա ահաբեկում է հանրությանը, թե՝ տես, հա՜, «Մեծ եղբայրը» արդեն գրանցվել է «Ֆեյսբուք»-ում ու հետևում է բոլորին:

ԱԱԾ-ի հայտարարության միջոցով իշխանությունն ուզում է ասել, որ անգամ սոցիալական ցանցում արված գրառումը կարող է ահաբեկչության փորձ որակվել ու արժանանալ համապատասխան վերաբերմունքի:

Այսպես շարունակվելու դեպքում կարող են ահաբեկչության կազմակերպման փորձ գնահատել փողոցում որևէ տատիկի կողմից հնչեցրած «սրանցից մենակ մի ձևով կարող ենք պրծնել», «նույնիսկ թուրքը սրանց պես չէր անի», «ոնց որ իրանք եկան, նենց էլ պետք ա դրանց հեռացնել» և նմանատիպ այլ ձևակերպումները:

Իշխանությունը 10.000 դրամով գնեց պետությունը, բայց հիմա վախենում է, որ կարող են հայտնվել «ռոմանտիկներ» և փչացնել իդիլիան: Վախենում է ու դրանից էլ աչքերը լայն բացած հետևում է բոլորին և պոտենցիալ ահաբեկիչ տեսնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեջ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը