Մեկնաբանություն

21.12.2017 10:30


Ներիշխանական բաժանարար գծերը

Ներիշխանական բաժանարար գծերը

Իշխանությունը (տվյալ դեպքում նկատի ունենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան) հիմա բաժանված է երեք խմբի՝ ադեկվատներ (ռացիոնալներ), ոչ ադեկվատներ (հնամաշներ) և դիտորդներ («առնետներ»):

Սկսենք ոչ ադեկվատներից: Սրանք ՀՀԿ-ից են: Սրանց կարելի է տարբերել Սերժ Սարգսյանին արևելյան ոճով քծնելու հրապարակային ակցիաներից:

Ոչ ադեկվատները գտնում են, որ ՀՀԿ ղեկավարն անփոխարինելի է, ամենաիմաստունն է, ազգի առաջնորդն է և այլն: Ըստ այս թիմի անդամների՝ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը դառնա փոխարինելի, ապա մեր ազգն ու պետությունը կկործանվեն:

Ոչ ադեկվատների թիմը գլխավորում է տխրահռչակ Գալուստ Սահակյանը: Նրա հետ են Վազգեն Կարախանյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և նմանատիպ այլ դեմքեր:

Հասկանալի է, որ սրանք ոչ թե Սերժ Սարգսյանին են համարում անփոխարինելի, այլ չեն ուզում իրենց տաքուկ տեղերը փոխարինել այլ տեղերով: Ոչ ադեկվատներն իրենց ունեցվածքն ու կարգավիճակն են համարում անփոխարինելի և ՀՀԿ ղեկավարին տեսնում են այդ անփոխարինելիության երաշխավոր: Ասել է թե՝ Սարգսյանին նրանք ինքնամոռաց քծնում են նեղ անձնական շահերից ելնելով:

Իշխանության ադեկվատների հատվածը ներկայացնում են այն մարդիկ (ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից), ովքեր զերծ են մնում արևելյան ոճի քծնանքային ձևակերպումներից, չեն համարում, որ անփոխարինելի մարդիկ կան, կարծում են, որ ցանկացած իրավիճակում կա այլընտրանք, իսկ ապագա վարչապետի հարցում էլ դեռ չեն շտապում անուններ տալ՝ հայտարարելով, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի:

Ադեկվատներն՝ ի տարբերություն ոչ ադեկվատների, ագրեսիվ չեն ու հրապարակային հայտարարությունների քանակի առումով գոնե այս պահին զիջում են ոչ ադեկվատներին:

Ադեկվատ էր, օրինակ, Դավիթ Հարությունյանի ձևակերպումը ապագա վարչապետի հարցում: Ադեկվատ և ռացիոնալ գնահատականներ այս թեմայով ներկայացրեց նաև դաշնակցական Աղվան Վարդանյանը՝ հատուկ ընդգծելով, որ անփոխարինելի մարդիկ չկան և միշտ պետք է այլընտրանք ունենալ:

Ինչ վերաբերում է իշխանության ներսում առկա դիտորդներին, ապա սրանք այն հատվածն են, որոնք միշտ վազում են ուժեղի կողմը՝ չունենալով սեփական տեսակետը: Սա այն գորշ զանգվածն է, որը կոչվում է իշխանական բյուրոկրատիա: Թե ուր կփախչեն այս «առնետները», պարզ կդառնա այն բանից, թե ի վերջո ո՞ր տեսակետը կդառնա դոմինանտային՝ ադեկվա՞տը, թե՞ ոչ ադեկվատը:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Իշխանության ներսում կա նաև այսպես կոչված 4-րդ տեսակը, որը տեսակետ ունի, բայց հրապարակավ այդ տեսակետը չի հայտնում և սպասում է, որպեսզի ժողովրդական լեզվով ասած՝ շները կռվեն և դրա արդյունքում ճամփորդի գործը հաջողի: Սրանք դիտորդ չեն, այլ «տակից» գործողներ և բոլորի հետ կապ պահողներ:

Այս խորագրի վերջին նյութերը