Մեկնաբանություն

28.12.2017 17:35


ԱԱԾ-ն և շպիոն Օնոն

ԱԱԾ-ն և շպիոն Օնոն

Սերժ Սարգսյանի համար ԱԱԾ-ն ավելին է քան ուժային կառույցը: ԱԱԾ-ն քարոզչական գործիք է: Նաև՝ ընդդիմախոսների դեմ պայքարելու գործիք:

Օրինակ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվեց ու հետագայում 6 տարվա ազատազրկման դատապարտվեց այն դեպքում, երբ այսպես կոչված «Իգլայի» գործով զենքի մաս հանդիսացող խողովակի մատակարարն ու գնորդը հանգիստ ման էին գալիս դրսում: Ավելի կոնկրետ, խողովակի մատակարարը որոնվում էր, իսկ գնորդը իշխանությունների ուզած ձևով գործ էր սարքում ու մնում ազատության մեջ: Բաբայանին դատապարտեցին այն բանի համար, որ պլանշետով տեսել էր այդ խողովակն ու կանխել դրա հետ կապված գործարքը: Սա՛ է ԱԱԾ-ի աշխատաոճը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի քարոզչական ոճին, ապա այն շպիոնօնոյական է: Սրանք իրենց հետ համագործակցող մամուլի միջոցով տարածում են, թե բա՝ մի շաբաթ առաջ իսլամիստ ահաբեկիչ ենք բռնել (փաստորեն, ԱԱԾ-ն համեստորեն լռել է այս ընթացքում): Մամուլի միջոցը հայտնում է, որ որտեղից որտեղ իմացել է, թե ինչ սխրանք են գործել ԱԱԾ-ականները, իսկ հետո արդեն ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատում է «անկախ» մամուլի միջոցով իր իսկ տարածած լուրը: Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Տեսնես այդ ո՞ր շպիոն Օնոն էր մամուլին հասցրել, թե բա՝ մեր քաջարիները իսլամիստ են բռնել (ստացվում է, որ ԱԱԾ-ից տեղեկատվական արտահոսքեր են լինում, այն էլ՝ ահաբեկչության թեմայով): Ի դեպ, եթե ԱԱԾ-ն այդքան աչալուրջ է, ապա թող Ադրբեջանի օգտին աշխատած ու Բաքու փախած Վահան Մարտիրոսյանին նախապես բացահայտեր, հատկապես որ այդ տղան նախագահական նստավայրին կից «ակծիվիստների» ու Աշոտյան Արմենի հետ էր լինում ու «քաղաքացիական» խաղում, ասել է թե՝ բոլորի աչքի առաջ էր:

Հարկ է նկատել, որ Հայաստանում ԱԱԾ-ն միայն այդ ֆորմալ կառույցը չէ: ԱԱԾ-ն մեզ մոտ ներառում է նաև «անկախ» մամուլի միջոցները, հաճախորդ քաղաքական գործիչները, արտահաստիքային «արևմտամետները» և նմանատիպ այլ կոնտինգենտը: Սրանք միասին մի գործ են անում՝ պայքարում են հանուն «անփոխարինելիի» աթոռի պահպանման և ընդդեմ ՀՀ քաղաքացիների:

Բ26-ի թեթև ձեռքով «ազատ» մամուլը շպիոն Օնոյի կարգավիճակում է հայտնվել: Իսկ թե ինչ կարգավիճակ է ստացել ՀՀ քաղաքացին, տեսնում ենք ամեն օր:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը