Մեկնաբանություն

31.12.2017 11:30


Մեդալներս ու՞մ նվիրեմ, թառամել են առանց քեզ

Մեդալներս ու՞մ նվիրեմ, թառամել են առանց քեզ

Երեկ մեր հանրապետությունում առանձնակի դաժանությամբ մեդալներ, կոչումներ ու պարգևներ են շնորհվել: Չի անտեսվել ոչ մի ենթակա, ոչ մի հաճախորդ, ոչ մի պնակալեզ, ոչ մի ճամբարափոխ, ոչ մի պալատական գործիչ ու գործիք, ոչ մի իշխանամետ ու իշխանալեզ, ոչ մի պրոֆեսիոնալ հայրենասեր, ոչ մի սկսնակ սրիկա ու նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»:

Պետությունը բանակի զինվորից կտրում է, բժշկից կտրում է, մյուսից կտրում է, որ տնտեսված փողերով մեդալ սարքի ու բաժանի: Բաժանի, որ տիրի: Տիրի, որ աշխատի: Փող «աշխատի»: Օդից փող: Ավելի ճիշտ՝ պաշտոնից:

Մենք հիմա լիքը պարգևատրվածներ ունենք: Մարշալներ ու ֆելդմարշալներ, վաստակավորներ ու վաստակաշատներ, երախտագետներ ու մի քիչ էլ՝ երախտամոռներ: Ոչ մի վատ բան «անպատիժ» չի մնացել:

Հաշվի առնելով, որ 2018-ին սպասվում են բրեժնևյան ու չեռնենկոյական գործընթացներ՝ մեդալների պակաս չի զգացվելու: Պարգևների սրտաճմլիկ անունների առատություն է լինելու և պագոնների բարձրացման հրավառություն:

Բայց սաղ հեչ: Դե հիմա մեդալ է կամ պարգև է, թող ստանան, գլուխները քարը: Այս պատմության մեջ, սակայն, մի մեծ անարդարություն կա: Բոլորը պարգևատրվում են, բացի պարգևատրողից: Բայց չէ՞ որ Բրեժնևը, մեր ժողովրդական լեզվով ասած, սկզբում իր բոստանն էր ջրում, հետո նոր միայն հարևանինը, այսինքն՝ ինքն իրեն էր պարգևատրում ու մեդալապատում, հետո նոր ուրիշներին:

Կարծում ենք, որ այս անարդարությունը պետք է շտկվի: 2018-ի ապրիլը հիանալի առիթ է պատմական արդարությունը վերականգնելու համար: Մանավանդ որ Շարմազանովն ու Գալուստը առանձնակի դաժանությամբ կարող են դա անել:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը