Մեկնաբանություն

11.01.2018 12:20


Ճվճվները և ճղճղները

Ճվճվները և ճղճղները

Որո՞նք են ավելի վտանգավոր հանրության ու պետության համար՝ հաբռգած ճվճվնե՞րը, թե՞ հաճախորդացած ճղճղները:

Բնականաբար երկուսն էլ վտանգավոր են: Հարցը վտանգավորության աստիճանի մասին է:

Առաջին հայացքից հարցի պատասանը կարող է ակնհայտ թվալ, սակայն դա այդպես չէ:

Նախ ասենք, որ երկուսն էլ՝ ճվճվները և ճղճղները նույն «ծննդատնից» են: Երկուսին էլ իշխանությունն է ծնել: Ճվճվները, կարող եք չկասկածել, ընտրությունների ժամանակ աշխատել են ՀՀԿ-ի օգտին և օգնել տոկոս «խփելու» գործում: Իշխանությունները սրանց թևեր են տվել, որպեսզի հետո օգտագործեն: Սրանք էլ օգտագործվում են ու հետո հաբռգում:

Եթե ճվճվները օգնել են իշխանությանը տոկոս «խփել», ապա իշխանությունն օգնել է կեղծ ընդդիմությանը հայտնվել խորհրդարանում կամ այն վայրերում, ուր պետք է:

Իշխանությանը ճղճղ «ընդդիմությունը» պետք է, որպեսզի այն տարատեսակ ֆունկցիաներ իրականացնի՝ ճղճղան ձայնը գլուխը գցելով: Եվ ամենակարևորը՝ լեգիտիմացնի ճվճվների արած գործն ընտրությունների ժամանակ:

Վերջին օրերին մենք ականատեսն ենք և՛ ճվճվների, և՛ ճղճղների ակտիվացմանը:

Ճվճվ Արոյի որդիներից մեկը, ինչպես հայտնի է, Երևանի կենտրում երկու ոստիկանի մահվան պատճառ դարձավ, մյուսին էլ կողոպուտի համար բերման ենթարկեցին: Դե իսկ ճղճղ «ընդդիմությունը»՝ «Ելք» դաշինքը, պատրաստվում է գների թանկացման դեմ երթ անել:

Ճվճվների մասով ամեն ինչ պարզ է: Իսկ ահա ճղճղների վարքագիծը պարզաբանման կարիք ունի:

Այն, որ 2018-ի հունվարի 1-ից ապրանքաների ու ծառայությունների լայն տեսականու գների բարձրացում է սպասվում, հայտնի էր վաղուց, երբ ընդունվում էր հարկերի բարձրացում նախատեսող Հարկային նոր օրենսգիրքը: Այն ժամանակ մասնագետներն ու քաղաքական շրջանակների մի մասը ահազանգում էին ու առաջարկում կոշտ պայքար մղել հարկերի բարձրացման դեմ, սակայն լայն համախմբում չկար և օրենքն անցկացրին:

Ճղճղան «ընդդիմության»՝ «Ելք»-ի մաս կազմող սուբյեկտներն այն ժամանակ պետք է դուրս գային անխուսափելի գնաճի դեմ երթի, կամ էլ՝ պետք է պայքարեին Հարկային նոր օրենսգրքի (և ոչ միայն) դեմ, ինչի համար լավ առիթ էր 2017-ի խորհրդարանական ընտրությունը:

Բոլորի համար էլ պարզ էր, որ օրենսդիր մարմնում ՀՀԿ-ի նկատմամբ քանակային առավելությունը կարող էր միայն հնարավորություն տալ երկրում քաղաքականություն փոխել և, մասնավորապես, վերանայել հարկային օրենսդրությունը՝ կանխելով գնաճը:

Պարզ էր նաև, որ օրենսդիր մարմնում քանակային առավելության հասնելու համար լայն հասարակական-քաղաքական միավորում էր պետք: «Ելք»-ը, սակայն, ամբողջությամբ տրվեց իշխանական սցենարին ու իր մասով ամեն ինչ արեց լայն համախմբում չլինելու համար՝ ճղճղան «ընդդիմության» ֆունկցիան կատարելու դիմաց մի քանի մանդատ ստանալով խորհրդարանում:

Ի դեպ, «Ելք»-ի մաս կազմող գործիչները միշտ «պոստ ֆակտում» են «պայքարում» երևույթների դեմ ու, ըստ էության, գոլորշի բաց թողնելու ֆունկցիա կատարում:

Տեղին է հիշեցնելը, որ երբ սահմանադրական փոփոխություններ էին իրականացվում ու ակնհայտ էր, որ խնդիր էր դրված ոչ թե երկրում բարեփոխումներ, այլ ընդամենը «Վերարտադրություն» օպերացիան իրականացնել, Նիկոլ Փաշինյանն ու մյուսները սահմանադարական փոփոխություններ թույլ չտալը և փոփոխությունների դեմ պայքարելը հայտարարում էին կեղծ օրակարգ:

Ավելին՝ «արևմտամետիստ» Էդմոն Մարուքյանը «ընդդիմադիր» դիրքերից սատարում էր սահմանադրական փոփոխություններին՝ «սահմանադրական» ֆոտոսեսիաների ակտիվ մասնակիցը դառնալով:

Այժմ «Ելք»-ի անդամները իբր դեմ են ապրիլից հետո Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն և հայտարարություններ են անում, թե բա դա անընդունելի է: Սա կրկին կեղծ վարքագիծ է և ճղճղան պահվածք, քանի որ ՀՀԿ ղեկավարի վարչապետության հարցը լուծվել է սահմանադրական փոփոխություններով, որին ելքցիները ուղղակի կամ անուղղակի աջակցել են, և 2017-ի 10.000-դրամանոց խորհրդարանական ընտրություններով, որի լեգիտիմությունը «Ելք»-ը պաշտպանել է ՀՀԿ-ից էլ ավելի կրքոտ:

Այնպես որ, կապիկությունները կարող են հետաքրքիր լինել միայն հնդկական էժանագին սերիալների սիրահարների համար:

Ինչ մնում է ճվճվների ու ճղճղների վտանգավորության հարցի պատասխանին, ապա ակնհայտ է, որ վերջիններս շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում հանրության համար: Ճղճղները գործունեության լայն դաշտ են ապահովում ճվճվների համար՝ ատամներով պաշտպանելով ճվճվների բերած «քվեների» վրա հենվող իշխանությանը: Իշխանությունն էլ իր հերթին ճվճվներին է ատամներով պահում, քանի որ առանց նրանց ինքը կորած է: Մի խոսքով, գործ ունենք «ճվճվներ-ճղճղներ-իշխանություն» անխախտ միասնության հետ:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Սերժ Սարգսյանը գնաճի թեմայով խորհրդակցություն էր հրավիրել: Այդպիսով ՀՀԿ ղեկավարն իր վարչապետական կարգավիճակին էր ուզում հանրային լսարանին սովորեցնել (ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախկին էնտուզիազմը չունի և տրվել է հետամանորյա հանգստին՝ «Շատ աշխատենք, որ լավ ապրենք» ծրագրի շրջանակներում):

Սարգսյանը շատ լավ գիտի, որ գնաճը հարկերի բարձրացման հետևանք է: Գիտի, բայց դե տոնական օրերից հետո պետք էր հանրությանը ցույց տալ, որ նա սպասել է թեթև մրսածությունն անցնի ու զբաղվի գնաճով: Ոչինչ, որ այդ խորհրդակցությունից հետո գները չեն իջնելու: Կարևորը դիզվառելիքի համար բյուջետային դոտացիոն հատկացման հարցը լուծելն է: Գնաճի դեմ պայքարի շրջանակներո՛ւմ, անշուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը