Մեկնաբանություն

15.01.2018 14:05


Ինչ են ասելու և անելու Սարգսյանն ու Կարապետյանը

Ինչ են ասելու և անելու Սարգսյանն ու Կարապետյանը

Հետապրիլյան վարչապետի հարցը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում:

Թեև նախորդ տարի տեղի ունեցած 10.000-դրամանոց ընտրություններով արդեն որոշվել է, թե ով է գլխավորելու կառավարությունը նոր Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո (եթե, իհարկե, մի կողմ դնենք ֆորս մաժորը), սակայն կան երկու «փոքրիկ» հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս այսօր սպառել, այսպես կոչված, ինտրիգը:

Ինչպես հետ կանգնել խոստումից

Ներկայիս քաղաքական դասավորությունից ելնելով՝ ակնհայտ է, որ խորհրդարանի ՀՀԿ-ական մեծամասնությունն է որոշելու, թե ով կդառնա վարչապետ: Ավելի ճիշտ, ՀՀԿ-ն ոչ թե որոշելու է, այլ դակելու է որոշումը:

Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ-ն կդակի այն որոշումը, որը կհրամցվի Սերժ Սարգսյանի կողմից: Դե իսկ վերջինս ամեն կերպ (հիմնականում Շարմազանովի ու Գալուստ Սահակյանի միջոցով) ցույց է տալիս, որ ուզում է դառնալ վարչապետ՝ ըստ էության, գնալով 3-րդ ժամկետի և ցմահության:

Մնացել է հարցի ձևական կողմը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը շատ հստակ հայտարարել է, որ չի դառնա վարչապետ, եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգին: Ասել է՝ ուղիղ նայելով հայ ժողովրդի աչքերին: Թեև հանուն ճշմարտության պետք է ասել, որ նա հայ ժողովրդի աչքերին ուղիղ նայելով բազմաթիվ այլ հայտարարություններ էլ է արել, և բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես է կառուցվում Իրան-Հայաստան երկաթգիծը, ինչպես է կառուցվում նոր ատոմակայանը, ինչպես է գազի գինը մնում նույնը ...

Գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հստակ հայտարարել է, որ կարճ ժամանակով չի եկել ու զբաղեցրել վարչապետի աթոռը, և որ ցանկություն ունի վարչապետ մնալ նաև ապրիլից հետո: Նա հավաստիացրել է հայ ժողովրդին, որ լոկ տեղապահ չէ։

Տեղին է հիշեցնելը, որ Կարապետյանը ՀՀԿ-ի քարոզչադեմքն էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ և իր վարկանիշով զգալիորեն գերազանցում էր Սերժ Սարգսյանին:

Կարապետյանն ընտրարշավի ժամանակ փաստացի խոստանում էր, որ մնալու է վարչապետի աթոռին ու բարեփոխումներ անի (հանուն արդարության պետք է նշել, որ Կարապետյանի՝ վարչապետի աթոռը պահելու ցանկությունն ընդամենը «Երազելը վնասակար չէ» ծրագրի շրջանակներում է եղել, քանզի քաղաքական որևէ քայլ նա այդ ուղղությամբ չի արել՝ մնալով ապաքաղաքական վարչապետի (նոնսենս) կարգավիճակում):

Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով է գործող վարչապետը բարեփոխիչ ու անկեղծ իր քայլերում, հարկ է նկատել, որ Կ. Կարապետյանը, ինչպես և Ս. Սարգսյանը, կոնկրետ խոստում է տվել: Սարգսյանը խոստացել է չդառնալ վարչապետ 2018-ի ապրիլի 9-ից հետո, իսկ Կարապետյանը խոստացել է մնալ վարչապետ 2018-ի ապրիլի 9-ից հետո: Հիմա երկուսն էլ գնում են իրենց խոսքերից հրաժարվելու ուղղությամբ. Սարգսյանը՝ ուզելով, Կարապետյանը՝ թերևս, չուզելով:

Ինչ մնում է հանրությանը, ապա նրան երկուսն էլ երևի մի բան կասեն: Չէ՞ որ հայոց լեզուն ճկուն է և բարբարոս: Մանավանդ, որ երկուսն էլ բացատրություն տալու փորձ ու երևակայություն ունեն: Սարգսյանը կասի, որ ընդառաջ է գնացել «աշխատավորական կոլեկտիվների» բազմաթիվ խնդրանքներին: Իսկ Կարապետյանը կարող է հայտարարել, որ այս անգամ էլ է բարձր աշխատավարձով այլ աշխատանք գտել այնպես, ինչպես Երևանի քաղաքապետի պաշտոնը թողնելու ժամանակ:

«Ամենալիրիկականն» այն կլինի, որ Կարապետյանն ինքը հայտարարի, որ վարչապետի պաշտոնում առաջարկում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը