Մեկնաբանություն

18.01.2018 11:25


Ո՞վ կդառնա «մեխի գլուխ»

Ո՞վ կդառնա «մեխի գլուխ»

Սերժ Սարգսյանն իր վարչապետությունն անվտանգ ու ցմահ դարձնելու նպատակով ապաքաղաքականացնում է քաղաքական ինստիտուտները: Նրա նախագահությամբ հիմա ապաքաղաքական են ինչպես ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այնպես էլ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջիններս որևէ քաղաքական տեքստ, նախադասություն կամ բառ չեն արտասանել: Դա, իհարկե, նոնսենս է, բայց այդպիսին է մեր իրականությունը:

Այս տարվա ապրիլից մարազմատիկ պատկեր ենք ունենալու նաև նախագահի հետ կապված: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ նախագահին նշանակելու է ՀՀԿ ղեկավարը: Ակնհայտ է նաև, որ այդ նշանակովի նախագահը քաղաքական առումով լինելու է «մեխի գլուխ» (Սարգսյանն արդեն սահմանել է այն «բարեմասնությունները», որոնցով պետք է աչքի ընկնի այդ «մեխի գլուխը»):

Հիմա շրջանառվում են մի քանի անուններ՝ «բոժի ադուվանչիկ» Ռալֆ Յիրիկյանից մինչև քաղաքականապես ոչ պակաս «ադուվանչիկ» Արմեն Սարգսյան:

Ուշագրավ է, որ գրեթե ամեն օր նոր անուններ են դրվում շրջանառության մեջ: Նույնիսկ Կճոյանին ու Քիմ Քարդաշյանին են հիշել (ի դեպ, Քիմն ամբողջությամբ համապատասխանում է Բ26-ի հայտարարած չափորոշիչներին, գումարած՝ նաև սեքսի է և կարող է աշխարհին ներկայանալ ոչ միայն հանրաճանաչ դեմքով, այլ նաև՝ հետույքով. բոլորի համար դրանից հետո պարզ կդառնա, թե հայ ժողովուրդն ում հետույքով է վեր-վեր թռնելու):

Պարզվում է հայ ժողովրդի մեջ ահագին նախագահացուներ կան՝ հատկապես մեխիգլխացո՛ւ նախագահացուներ:

Հաշվի առնելով տեսակային ու մտածողության առանձնահատկությունները՝ ՀՀԿ ղեկավարի համար ամենացանկալին կլիներ, իհարկե, սեփական եղբորը՝ Լևոն Սարգսյանին նախագահի աթոռ նվիրելը, իսկ մյուս եղբայր Ալեքսանդրին՝ ԱԺ նախագահ կարգելը, բայց դեռ այդ փուլին չենք հասել, Հայաստանի նեոբոլշևիկացման ու մահմեդականացման սինթեզը դեռ չի թևակոխել զարգացման այդ շրջան: Դա է պատճառը, որ ստիպված նախագահացու փնտրում են ընտանիքից դուրս:

Նողկալին այն է, որ նրանք, որոնց անունը դրվել է ՀՀ նշանակովի նախագահի հնարավոր թեկնածուների շարքում, շատ լավ գիտեն, որ «մեխի գլուխի» կարգավիճակ է ունենալու ապագա «պետության գլուխը», սակայն չեն հերքում, չեն վիրավորվում, արժանապատվությունից ցածր չեն համարում, չեն նշում, որ այս պայմաններով բացառվում է իրենց նախագահ դառնալը, չեն հայտարարում, որ իրենք «մեխի գլուխ» չեն դառնա:

Թեկնածուներն ուշի-ուշով սպասում են և հույս ունեն, որ իրենց «մեխի գլուխ» կնշանակեն, քանզի 7 տարի պետբյուջեի հաշվին ֆռֆռալու են ու պորտաբույծի պես ապրեն: Միակ պայմանը քաղաքականությամբ չզբաղվելն է, այն է՝ հայաստանյան խնդիրները չնկատելը և վարչապետին կից նախագահ աշխատելը․ կանեն, ի՞նչ է եղել որ: 7 տարվա «տժժալու» գինը հենց քաղաքական կուրությունը և կուսակցական կուսությունն է:

«Մեխի գլուխը», փաստորեն, անշառ, ջանք չպահանջող, «կաստում-շըլվարով» ու «պրեստիժնի» գործ է լինելու՝ անաշխատ եկամուտ ապահովելով 7 տարվա համար: «Հայկական երազանքի» պես մի բան:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը