Մեկնաբանություն

19.01.2018 00:05


Սերժ Սարգսյանը հաղթել է ու... մնացել մենակ

Սերժ Սարգսյանը հաղթել է ու... մնացել մենակ

Մենք հիմա Սերժ Սարգսյանի հաղթարշավին ենք ականատես դառնում: Նա վայելում է «ռեյտինգային» քվեարկության պտուղները:

ՀՀԿ ղեկավարը չի թաքցնում, որ գնում է վարչապետության, ու քաղաքական առումով որևէ խոչընդոտ չկա այդ ճանապարհին: Նա սահմանում է ապագա նախագահի ապաքաղաքական չափորոշիչներն ու բացահայտորեն ցույց տալիս, որ Հայաստանը դարձնում է մեկ մարդու՝ իր կողմից «ռուչնոյ» կառավարվող երկիր:

Թվում է, թե ամեն ինչ «OK» է իր համար ու ոչ մի խնդիր չկա, սակայն դա միայն առաջին հայացքից:

Հնազա՞նդ է արդյոք խորհրդարանը և «թիմը»

Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը պատրանքների գիրկը չընկնող «չոր» գործիչ է և հաշվի է նստում փաստերի ու հանգամանքների հետ: Իսկ փաստերը հետևյալն են՝ ինքը գրեթե 100 տոկոսով դարձել է լեգիտիմ պետական ապարատում, բայց, միևնույն ժամանակ, նա գրեթե զրոյական լեգիտիմություն ունի հանրության մեջ:

Նա շատ լավ գիտի, որ այսօրվա իր ազդեցության չափին հասել է 10.000-դրամանոց ընտրությունների միջոցով և պատրանքներ չունի, բայց ունի հավակնություններ: ՀՀԿ ղեկավարն ավտորիտար ու միանձնյա կառավարման համակարգ է ուզում ստեղծել՝ չունենալով հանրային «ավտարիտետ»: Իսկ դա շատ լուրջ խնդիր է:

Խնդրի լրջությունն ավելի է խորանում, երբ ակնհայտ երևում է, որ իշխանության ֆորմալ ինստիտուտներն ու սեփական կուսակցությունը Սարգսյանի համար վերածվել են բալաստի, ինչն էլ իր հերթին բերել է հակառակ ռեակցիայի. նրանց կողմից բեռ է դիտարկվում Սարգսյանը: Այս մասին բարձրաձայնումներ դեռ չկան, բայց ասվածի ապացույցներ՝ որքան ուզեք:

Սարգսյանին հաջողվել է իրար դեմ հանել «յուրայիններին»՝ կիրառելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքը, բայց նա շատ լավ հասկանում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում, երբ չկան նախագահական գերլիազորությունները, դա շատ ավելի դժվար է լինելու: Այսօրվա հակառակորդները կարող են միավորվել ու իրեն հակառակորդ հռչակել: Հատկապես, որ ինքն այլևս կախված է լինելու ԱԺ-ի «կոճակների» քանակից:

Անփոխարինելի՞ է արդյոք առաջնորդը

ՀՀԿ ղեկավարը հիմա մնացել է մեն-մենակ ադրբեջանական զինուժի, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների, արտագաղթի դեմ: Նա «զրոներով» է շրջապատել իրեն և հայտնվել թիրախում: Ու հենց նա վարչապետ դառնա, Հայաստանում այլևս մարդ չի մնալու, որ բոլոր խնդիրներում չմեղադրի անձամբ Սերժ Սարգսյանին ավելի շատ, քան դա արվում էր իր նախագահության շրջանում: Հիմա չկա ընդդիմություն և չկա իշխանություն: Կա մեկ մարդ, և այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ 2017-ին ձևավորված խորհրդարանն առաջինն է, որտեղ չկա ընդդիմություն: Ձևականորեն, իհարկե, կա, բայց իրականում՝ չկա:

ԱԺ-ում ներկայացված չորս ուժերն էլ սատարել են սահմանադրական փոփոխություններին, որի միակ նպատակը մեկ մարդու իշխանությունը վերարտադրելն ու է՛լ ավելի ամրապնդելն էր: Ասել է թե՝ խորհրդարանը չի կարող բուֆերի դեր կատարել Սերժ Սարգսյանի ու Հայաստանի հանրության միջև, Սերժ Սարգսյանի ու Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների միջև:

Ս. Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո կառավարությունն էլ՝ որպես ինքնուրույն միավոր, դուրս կմնա խաղից: Արդյունքում կունենանք մի կողմում Սերժ Սարգսյանին, իսկ մյուս կողմում՝ բոլորին ու ամեն ինչ: Այս պայմաններում իշխող բուրգի համար Սերժ Սարգսյանը խնդիր է դառնալու ոչ պակաս, քան հանրության համար: Այս ամենը շատ լավ գիտակցում է ՀՀԿ ղեկավարը, սակայն լուծումների հարցում խճճվել է ու առայժմ վայելում է «անփոխարինելի առաջնորդի» կարգավիճակը: Բայց դե անփոխարինելիությունը հարաբերական հասկացություն է, այն էլ՝ շատ ցածր հանրային լեգիտիմության և ՀՀԿ-ի պես քաղաքական հենարանի պարագայում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը