Խմբագրական

26.01.2018 11:50


Ինչի վրա է հիմնված հայաստանյան ավտորիտարիզմը

Ինչի վրա է հիմնված հայաստանյան ավտորիտարիզմը

1991-ին անկախություն ձեռքբերելուց հետո Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ անցումային փուլից:

Հայտարարվեց, որ անցում է կատարվում տոտալիտար կառավարման համակարգից դեպի ժողովրդավարականի: Վերջինս ենթադրում է ընտրովի իշխանություններ, մասնավոր ու խառը սեփականության ինստիտուտների պաշտպանվածություն, մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավոր հանդիսացող անկախ դատական համակարգ, իշխանության և բիզնեսի տարանջատում, կայացած քաղաքացիական ինստիտուտներ և հասարակություն, իշխանության ճյուղերի տարանջատում, մրցակցային աշխատաշուկա, ազատ 4-րդ իշխանություն:

Մեզ մոտ ավտորիտարիզմ է: Երբեմն այն կոշտ տեսք է ստանում, իսկ երբեմն էլ՝ փափուկ: Իշխանությունը կոշտացնում է իր քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ, երբ սեփական դիրքը կորցնելու վտանգ է տեսնում, իսկ «փափկում» է, երբ աթոռին բան չի սպառնում:

Ռացիոնալ և իռացիոնալ ավտորիտարիզմ

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դեպի ժողովրդավարություն անցումն ավտորիտար համակարգով է հնարավոր կազմակերպել: Հարցն այն է, թե ի՞նչ հիմքերի վրա է դրված ավտորիտարիզմը: Եթե այն, այսպես ասած, լուսավոր է, ապա դրական անցումն ի վերջո տեղի կունենա, իսկ եթե առկա է հետադիմական ավտորիտարիզմ (աֆրիկյան, արաբական կամ միջինասիական որոշ երկրների տարբերակով), ապա ժողովրդավարական ազատություններ ակնկալելը միամտություն է:

Հասարակական ու քաղաքական ինստիտուտների չկայացվածության պայմաններում մեծանում է անձերի դերը: Հատկապես պետության առաջին դեմքի դերը. ավտորիտարիզմը նախևառաջ անձի իշխանություն է և հետո միայն՝ օրենքի:

Քաղաքագիտական կանոն է, որ ավտորիտարիզմը հիմնվում է առաջին դեմքի, այսպես կոչված, ավտարիտետի՝ հեղինակության վրա: Այդ հեղինակությունը, քաղաքական հոգեբան և սոցիոլոգ Ֆրոմի սահմանման համաձայն, հիմնականում լինում է ռացիոնալ կամ իռացիոնալ:

Կոմպետենտություն

Ռացիոնալ հեղինակության գլխավոր հատկանիշը կոմպետենտությունն է: Սա այն դեպքն է, երբ և՛ անմիջական ենթակաները, և՛ հանրության լայն շրջանակներն ընդունում են պետության գլխի՝ որոշումներ կայացնելու իրավունքը՝ ելնելով դրական սպասումներից ու արդյունքներից:

Ռացիոնալ լիդերները պատմական որոշակի առաքելություն են իրականացնում, իսկ հետագայում իրենց տեղը զիջում են նոր սերնդին: Եթե իշխանության հանձնում-ընդունումը տեղի է ունենում ժողովրդավարական մեխանիզմներով, ապա համարվում է անցումային փուլն ավարտված (քաղաքագետ Հանթինգթոնը գտնում էր, որ եթե երկու անգամ անընդմեջ իշխանությունը փոխվում է լեգիտիմ ընտրությունների միջոցով, ապա անցումային փուլը կարելի է ավարտված համարել):

Ռացիոնալ ավտորիտարիզմը օբյեկտիվորեն փոխարինում է պետական ինստիտուտների ու ժողովրդավարական ավանդույթների չկայացվածությանը: Վակուումը լցնում է անձը, և հանրությունը, ժողովրդավարական ձգտումներով հանդերձ, ժամանակավորապես ընդունում է այդ անձի ավտորիտար կառավարման լեգիտիմությունը: Այս պայմաններում դրվում են ապագա ժողովրդավարության տնտեսական հիմքերը, որին հաջորդում է քաղաքական խաղի կանոնների ժողովրդավարացումը: Արդյունքում ստացվում է քաղաքագետ Դալի նկարագրած պոլիարխիկ՝ բազմիշխանական համակարգ, որի պայմաններում հանրության տարբեր կազմակերպված խմբերը (կուսակցություններ, լոբբիստական կառույցներ, ֆինանսատնտեսական միավորներ և այլն) մրցակցային հիմունքներով պայքարում են իշխանության համար: Այս ամենն, ի դեպ, բերում է հզոր արհմիությունների կայացմանը, որի հիմքի վրա էլ գործում են ձախ ուժերը:

Վախ

Ի տարբերություն ռացիոնալի, իռացիոնալ ավտորիտարիզմի հիմքում վախն է: Ավտորիտար լիդերը վախենում է, որ կկորցնի իշխանությունը և կիրառում է բոլոր մեթոդներն այն պահելու համար (կոմպրոմատներ, բռնություններ, կեղծիքներ, բանսարկություններ, կաշառումներ և այլն):

Իռացիոնալ լիդերը վախենում է իր շրջապատից, զգուշանում հանրությունից ու կասկածում բոլորին: Մյուս կողմից էլ՝ իռացիոնալ լիդերի ենթակաների վախն արտահայտվում է սեփական տեղը իշխանական բուրգում չկորցնելու ձգտման մեջ. քծնանքը, շողոքորթությունը, թիմակիցներին տրորելը, վերևից եկող ոչ օրինական հրամանները կատարելու պատրաստակամությունը դառնում են խաղի կանոններ: Առաջանում է խոր անջրպետ իշխող վերնախավի ու հանրության լայն շերտերի միջև՝ նպաստելով պետության լեգիտիմության կորստին:

Ինքնին հասկանալի է, որ իռացիոնալ ավտորիտարիզմը լեգիտիմ չի համարվում հանրության համար, քանզի պետության ու հանրային շահերի տեսանկյունից, որպես կանոն, բացասական արդյունքներ են արձանագրվում:

Իռացիոնալ ավտորիտարիզմի պայմաններում պետությունը տնտեսապես թուլանում է, խաթարվում է անվտանգության համակարգը, մարդիկ աղքատանում են, աճում է արտագաղթը: Բացի այդ՝ իռացիոնալ ավտորիտարիզմի դեպքում հանրային ցնցումների ու ֆորսմաժորների հավանականությունը մեծանում է:

Իռացիոնալ լիդերությամբ երկրները կա՛մ չեն հաղթահարում անցումային փուլը ու դառնում են հետամնաց պետություններ (աֆրիկյան փորձը դա է ցույց տալիս), կա՛մ դուրս են գալիս այդ վիճակից ներքին ցնցումների (մեծ կամ փոքր) և այլ ֆորսմաժորային (ներքին կամ արտաքին) գործոնների ազդեցությամբ:

Ռացիոնալ և իռացիոնալ ավտորիտարիզմի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջինի դեպքում լիդերն ունի ոչ միայն իշխանությունը պահելու, այլ նաև պետական առաքելություն (հայ «բարեփոխիչների» սիրելի Սինգապուրում այդպիսին էր Լի Կվան Յուն):

Իռացիոնալ ավտորիտարիզմի նպատակն ու առաքելությունը բացառապես անձնական իշխանության պահպանումն ու հանրային ռեսուրսների հաշվին հարստացումն է: Իռացիոնալ ավտորիտարիզմի պայմաններում չկա հանրային ու պետական նշանակության առաքելություն:

. . .

Հաշվի առնելով վերը նկարագրված հատկանիշները՝ դժվար չէ հասկանալ, թե ինչպիսի ավտորիտարիզմ է Հայաստանում և ինչպիսի գործընթացներ կարող են տեղի ունենալ: Երբ իշխանությունը կոմպետենտ չէ և ընդամենն ունի աթոռը պահելու ինքնանպատակ, այն էլ՝ վախը սրտում, ապա հետևանքները ողբերգական են լինում:

ՀՀ նոր Սահմանադրության պայմաններում ներիշխանական քաոսը և կառավարման անկայունությունը նորմ է դառնալու: Արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Հարցն այն է, թե ինչպե՞ս Հայաստանը դուրս կգա այս վիճակից: Եվ ամենակարևորը՝ ի՞նչ գնով:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը