Քաղաքական

29.01.2018 21:19


Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ական պատգամավորներին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ական պատգամավորներին (տեսանյութ)

ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր մոտ մեկ ժամ անցկացրել է Հանրապետական պատգամավորների հետ։ Հանդիպումն իր նախաձեռնությամբ է եղել։

«Պարոն Սարգսյանն իր նախաձեռնությամբ ցանկություն էր հայտնել զրուցելու հանրապետական կուսակցության ֆրակցիայի ներկայացուցիչների հետ, զրուցում էինք իր տեսլականի, ինչպես նաև ֆրակցիայի անդամների հետ ուներ հարցեր, հստակեցրինք»,- a1plus.am-ը նշում է, որ հանդպիպման ավարտին նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը փակագծերը բացեց, բայց միայն իր մասով։ Ինքը հարց է տվել․ «Դուք ընտրվելուց հետո կպահպանե՞ք այդ լավ տրադիցիաները կապված ազգային փոքրամասնությունների հետ, ինքը պատասխանեց, որ միշտ կպահպանի այդ տրադիցիաները»։

ՀՀԿ-ում հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը գնացել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրո, որտեղ հանդիպելու է ՀՅԴ խմբակցության պատգամավորների, դաշնակցական նախարարների, ՀՅԴ Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել, թե՛ խորհրդարանական, և թե՛ արտախորհրդարանական ուժերին։

ՀՀԿ–ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյում հանդիպման ժամանելուց հետո լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ինչից հետո կայացնելու է իր որոշումը:

«Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց Արմեն Սարգսյանը լրագրողների այլ հարցերին չպատասխանելով:

Այս խորագրի վերջին նյութերը