Հարցազրույց

22.02.2018 20:27


Մխիթարյան. «Ինչու՞ չենք կարող ես և Օզիլը խաղալ իրար հետ» (տեսանյութ)

Մխիթարյան. «Ինչու՞ չենք կարող ես և Օզիլը խաղալ իրար հետ» (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր «ESPN»-ին, խոսել «զինագործների» կազմը համալրելու պատճառների, թիմակից Մեսութ Օզիլի հետ համագործակցության և այլնի մասին.

«Որոշ մարդիկ ասում են, թե ես և Օզիլը չենք կարող միասին խաղալ, բայց ես չեմ կարողանում հասկանալ նման բան ասող մարդկանց: Ես պարզապես հաճույք եմ ստանում Մեսութի հետ խաղալուց, նա հիանալի ֆուտբոլիստ է: Նրա հետ խաղալով` ես ավելի լավն եմ դառնում, բոլորը գիտեն, թե նա ինչ որակներ ունի, ապա ինչո՞ւ` ոչ: Ամեն ինչ հնարավոր է, ինչու՞ դաշտում չունենալ երկու 10 համար»,- ասել է Մխիթարյանը և շարունակել.

«Գիտեք, եթե մենք լավ խաղանք, միևնույն է` բարելավելու տեղ ունենք: Նույնիսկ եթե պաշտպանողական ֆուտբոլ խաղայինք, կարող էինք լավացնել: Նկատի ունեմ` մենք կարող ենք առաջընթաց գրանցել բոլոր դիրքերում, նշանակություն չունի մենք որ դիրքում ենք ուժեղ, և որ դիրքում` թույլ, բարելավելու տեղ միշտ էլ կա»:

Մխիթարյանը հավատացած է, որ «Արսենալն» ավելի է համապատասխանում իր խաղաոճին, քան «Մանչեսթեր Յունայթեդը».

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Հաճույք եմ ստանում հարձակողական ֆուտբոլ խաղալուց և «Արսենալի» մի մասնիկը լինելուց: Հարձակողական ոճ նախընտրող ֆուտբոլիստն, ինչպես ես, միշտ ցանկանում է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չես կարող ամբողջ ընթացքում պաշտպանվել: Ես փորձում եմ «Արսենալին» տալ այն ամենն, ինչ կարող եմ»,- եզրափակել է իր խոսքը հայ ֆուտբոլիստը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը