Մեկնաբանություն

12.03.2018 09:20


Մեդալներս ում նվիրեմ, թառամել են առանց քեզ-2

Մեդալներս ում նվիրեմ, թառամել են առանց քեզ-2

Դեռ չէր հասցրել բազմաչարչար հայ ժողովուրդն ու վիրտուալ հեղափոխական ֆեյսբուքահայությունը քննարկել և «քլնգել» նախորդ մեդալակիրներին ու պարգևատրվածներին, երբ մեդալակիրների ու պարգևատրվածների նոր խմբաքանակ ի հայտ եկավ:

Ու ամեն անգամ ավելի օդիոզ, ավելի «քլնգելի» ու «հնչեղ» դեմքերի են մեդալ կամ պարգև տալիս: Ու ամեն անգամ Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը և մյուսները շրջվում են իրենց գերեզմաններում: Ու ամեն անգամ սխալ ուղղությամբ է գնում քննարկումն ու «քլնգոցը»:

Այն, որ հայաստանյան անցումային փուլում կարիերային ու կարգավիճակային աճի, զուգահեռաբար նաև՝ իշխանության գնահատանքին արժանանում են քծնանքի, այլ ոչ թե տաղանդի, ծախվածության, այլ ոչ թե մասնագիտական որակների, ճամբարափոխության, այլ ոչ թե բարոյական նկարագրի, մարտնչող տգիտության, այլ ոչ թե խելքի շնորհիվ, դա անհերքելի փաստ է: Բայց անիմաստ է քննարկելը, թե ով է արժանի մեդալի, իսկ ով՝ ոչ: Պետք է հարցին մոտենալ այլ տեսանկյունից:

Իսկ ինչո՞ւ պետք է իշխանությունն՝ ի դեմս մեկ մարդու, մեդալներ ու պարգևներ բաժանի: Սա ի՞նչ սովետական մնացուկ է: Այն ժամանակ մարդկանց քիչ վճարելը և վատ կյանքը փոխհատուցում էին մեդալով: Հիմա ի՞նչ նպատակով են մեդալ բաժանում:

Պատկերացնու՞մ եք, Մայքլ Ջեքսոնին ժողովրդական արտիստի կոչում տային: Կամ էլ՝ Մայքլ Դուգլասին տային, ասենք, Վաշինգթոնի անվան մեդալ: Ալեն Դելոնին՝ Բալզակի անվան պարգև: Շերոն Սթոունին՝ Հեմինգուեյի անվան պետական մրցանակ: «Մետալիկա» խմբին՝ երախտագիտության մեդալ: «Լեդ Զեփփելին», «Փինգ Ֆլոյդ», «Բլեք Սաբբաթ», «Դիփ Փարփլ» խմբի անդամներին՝ Շեքսպիրի անվան մեդալ: Ջենիս Ջոփլինին ու Ջիմի Հենդրիքսին՝ Ջեֆերսոնի անվան պետական մրցանակ: Մոնիկա Բելուչիին ու Սոֆի Լորենին՝ Նիկոլո Մաքիավելլիի անվան մեդալ:

Դերասանը, գրողը, երաժիշտը և մյուսները պետք է հանրային գնահատականի արժանանան իրենց գործերով: Ու կախված այն բանից, թե ինչ մակարդակի վրա է գտնվում հանրությունը, այդպիսի մակարդակի էլ կլինեին իր սիրելիները: Այդ առումով Հայաստանում, թող զարմանալի չթվա, ճիշտ մարդկանց են պարգևատրում (երգիչ Արմենչիկ, սերիալային գրող Դիանա և այլն), քանզի մեր հանրության մեծամասնության մակարդակը, թերևս, դա է: Բայց պետության քաղաքականությունը պետք է լինի ոչ թե իջած ճաշակի հետևից վազելը, այլ որակ բարձրացնելը:

Հասկանալի է, որ մեդալներ ու պարգևներ տալով Բ26-ում ոչ թե «բարձր» արվեստն են գնահատում, այլ լրիվ ուրիշ ֆունկցիա են իրականացնում: Ցույց են տալիս, թե ում են իրենցով արել, ում են խրախուսում և ովքեր են իրենց մարդիկ: Համ էլ՝ կրկնօրինակում են սովետական «վոժդերի» վարքագիծը:

Այսքան բան:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը