Աշխարհ

16.03.2018 18:26


Վրաստանում խստացվում է ընտանեկան բռնության համար պատիժը

Վրաստանում խստացվում է ընտանեկան բռնության համար պատիժը

Վրաստանում խստացվում է ընտանեկան բռնություն գործելու համար պատիժը: Ընտանեկան բռնության փաստով կանչի դեպքում ոստիկանությունը միանգամից պետք է սահմանափակման օրդեր ներկայացնի: Բացի այդ, ընտանեկան բռնություն գործելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձինք պետք է զրկված լինեն զենք կրելու իրավունքից:

Համապատասխան փոփոխությունները պլանավորվում է կատարել «Կանանց դեմ բռնության և/կամ ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության զոհերին պաշտպանելու և օգնելու մասին» օրենքում:

Սահմանափակման օրդերը նշանակում է, որ մեղադրյալի որոշ հնարավորություններ կարող են սահմանափակվել, օրինակ, նրան կարող են արգելել հայտնվել զոհի աշխատավայրի տարածքում կամ մոտենալ նրա բնակության վայրին, նրան հեռախոսով զանգահարել: Եթե այս սահմանափակումներից մեկը խախտվի, ապա տուժած կողմը պետք է այդ մասին հայտնի համապատասխան մարմիններին:

Ըստ գործող օրենսդրության՝ սահմանափակման օրդեր տալը ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունն է, և նա դա դուրս է գրում սեփական հայեցողությամբ՝ ելնելով իրավիճակից, իսկ նոր օրենքի համաձայն՝ օրդեր դուրս գրելը պարտադիր է դառնում:

Օրենսդրությանը կից մեկնաբանությունում նշվում է Վրաստանի Գլխավոր դատախազության 2017թ-ի հաշվետվությունը: Այն վկայում է ընտանեկան բռնության փաստերի ավելացման և ոստիկանություն դինելու փաստերի թվի ավելացման մասին:

Վիճակագրության համաձայն՝ 2014թ-ին ընտանեկան բռնության փաստերով 550 քրեական գործ է հարուցվել, 2015թ-ին՝ 1066, 2016թ-ին՝ 1356, 2017թ-ին՝ 1986 քրեական գործ:

Օրինագիծը մշակվել է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից, և կառավարությունը փոխանցել է այն խորհրդարանի դիտարկմանը: Օրենսդրական փոփոխությունների փաթեթին ծանոթացել է «ՄԱԿ-կանայք» կազմակերպությունը, որն այն դրական է գնահատել: Չի բացառվում, որ օրինագիծը մարտի 21-ին քննարկման է դրվելու լիակատար նիստին:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը