Մեկնաբանություն

18.03.2018 09:25


Ինչ է իրականում ուզում Արամ Սարգսյանը

Ինչ է իրականում ուզում Արամ Սարգսյանը

Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը հոդվածին կից նկարն է հրապարակել Ֆեյսբուքում ու տակն էլ գրառում թողել. «Այ սա եմ ուզում և վստահ եմ, որ սա շատ ավելի կարևոր, շատ ավելի երկարատև ու պիտանի է լինելու մեր հայրենիքին, քան առօրեական կարևորություն ունեցող փողոց դուրս գալ-չգալը...»:

Իր այդ գրառմամբ Դավալուի «արևմտամետը» փաստացի ցույց է տվել, որ սա, այսինքն՝ իրար գրկած եռյակը չկա կամ էլ եթե կա, ապա այն ջերմությունը չկա, ինչ նախկինում:

Մի խոսքով, «Ելք»-ի տունը կռիվ է ընկել: Մեկն ասում է, թե եկեք դեմքներս պահելու համար գնանք փողոց, որ հետո երբ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, ասենք, որ մենք գնացել էինք փողոց, բայց ժողովուրդը չեկավ և, հետևաբար, վերջինս դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Այսինքն՝ կիրառենք այն նույն տեխնոլոգիան, ինչ ԱԺ ընտրությունների ու թանկացումների դեմ հանրահավաքի ժամանակ՝ «Մեղավորը ծախվող կամ պայքարի չելնող ժողովուրդն է» դեմագոգիայի շրջանակներում: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ ժողովուրդը որոշել է դուրս գալ փողոց կամ էլ՝ կա «ռասկաչկայի» հնարավորություն, ապա պետք է տեղում լինել, որպեսզի «վեննա» մտնել փողոցային գործընթացին ու «Ելք»-ին մանդատի տեր սարքողներին «քցել»: Կարճ ասած՝ եթե փողոցի պայքարը ստացվի, ապա «Ելք»-ը կարող է փայատեր դառնալ, իսկ եթե չստացվի՝ մեղքը կգցեն ժողովրդի վրա: Սա՛ է «Ելք»-ի «հեղափոխական» թևի մարտավարական առաջարկը:

Երկրորդը՝ «կառուցողական» թևը, ասում է՝ եկեք ձևեր չթափենք, մի՞թե մենք դրա համար ենք հավաքվել: Համ էլ՝ Բ26-ում ամեն դեպքում վախենում են փողոցից, քանզի ամեն անկանխատեսելի բան հնարավոր է: Իսկ եթե վախենում են, նշանակում է՝ չեն խրախուսում նույնիսկ ձևականորեն փողոց դուրս գալը, քանի որ իշխանության ներսից կամ այլ տեղերից կարող են տոն տվողներ հայտնվել ու նախապես գծված պլանը «փոզմիշ» անել: Իսկ եթե չեն խրախուսում, ապա փողոց դուրս գալը կբարկացնի նրանց՝ «Ելք»-ի համար այդտեղից բխող բոլոր ֆինանսատնտեսական ու հետագա մանդատային հետևանքներով:

Առաջինի ու երկրորդի վեճի առարկան, կարելի է ասել, մեթոդաբանական բնույթ է կրում: Առաջինն ասում է, որ պետք է ատամ ցույց տալ, որպեսզի «վերևում» միշտ զգաստ լինեն ու իրենց լավ աչքով նայեն՝ «Լացող երեխային են կաթ տալիս» թեմայով: Երկրորդն ասում է, թե ինքը «վերևի» հետ բրոքերն է ու շատ լավ գիտի, որ փողոց դուրս գալը չի ողջունվում և հնարավոր են սանկցիաներ, ուստի՝ պետք է իրեն լսել ու դառնալ «լուսավոր»:

Երրորդը՝ Արամ Սարգսյանը (սա «Ելք»-ի «գիքորական» թևն է), իրականում ուզում է Էդմոն Մարուքյանի գծի վրա մնալ: Ու քանի որ մտածողությամբ «գեղցի» է, ուստի «ափաշքարա» է անում ամեն ինչ:

Ա. Սարգսյանը «լուսավոր հաճախորդների» համագումարին էլ «ափաշքարա» խոստովանեց, որ իր նախկին ընդդիմադիր կյանքը սխալ է համարում և ուզում է Էդմոնի հաջողակության հետևից գնալ: Իսկ հաջողակությունն այդ պայմանավորված է պարտաճանաչ հաճախորդությամբ: Արամն իր ֆեյսբուքյան գրառմամբ հենց դա է ասում: Ասում է, Նիկո՛լ ջան, թարգի՛, ամենակարևորը մեր ախպերությունն է, և մենք պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք իշխանություններից բան պոկել «չերեզ» Էդմոն, և ուրմեն ի՞նչ իմաստ ունի ընդդիմադիր դեմքներս պահելու համար ձևականորեն գնանք փողոց ու բարկացնենք իշխանություններին: Ահա սա՛ էր Արամի գրառման բուն իմաստը և սա՛ է իրականում ուզում Արամը: Նրա ուզածը շատ բան չէ՝ փորը կուշտ լինի, Գագիկ Հարությունյանը գա իրենց տուն ընտրություններից առաջ ու իշխանությունների անունից ճիշտ-ճիշտ խորհուրդներ և լավ-լավ խոստումներ տա, ինքը մանդատ ունենա, Էդմոնն էլ «գործ կպցնի» ու ախպերությանն էլ փայ հանի: Ուրիշ ի՞նչ պետք է ուզի Դավալուի «արևմտամետը»:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը դարձել է իշխանությունների կողմից 100 տոկոսով վերահսկելի: Անգամ ձևականորեն իշխանափոխության հարց առաջ չի քաշվում իշխանական կոալիցիայից դուրս գտնվող ուժերի կողմից:

«Ելք»-ը քաղաքական կյանքի ապաքաղաքականացման «ինստիտուցիոնալ» մարմնավորումն է: Պատկերացնո՞ւմ եք, իրեն թիվ մեկ և միակ ընդդիմադիր հռչակած «Ելք»-ում քննարկման առարկա է դարձել իշխանության դեմ պայքարել-չպայքարելու հարցը: «Լուսավոր հաճախորդների» ներկայացուցիչները ՀՀԿ-ականներից ավելի մեծ էնտուզիազմով են պաշտպանում Սերժ Սարգսյանի ապագա վարչապետության իրավունքը:

Ահա այսպիսի բաներ:

Այս խորագրի վերջին նյութերը