Մեկնաբանություն

20.03.2018 12:50


Խոզին խոզություն է հասնում (տեսանյութ)

Խոզին խոզություն է հասնում (տեսանյութ)

Ձեզ ենք ներկայացնում անգլիացի աշխարհահռչակ գրող Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» անտիուտոպիայից մի քանի հատված:

. . .

ՅՈԹ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ

1.Բոլոր երկոտանիները թշնամի են։

2.Բոլոր չորքոտանիները կամ թեւավորները բարեկամ են։

3.Անասունը երբեք հագուստ չի հագնի։

4.Անասունը երբեք անկողնում չի քնի։

5.Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի։

6.Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի։

7.Բոլոր անասունները հավասար են։ [...]

Մի օր ամռան սկզբին Զռանը ոչխարներին հրամայեց հետեւել իրեն եւ տարավ ֆերմայի հեռավոր ծայրի մի տափարակը, որը ծածկված էր ծփիների մատղաշ ծառերով։ Ոչխարներն ամբողջ օրը մնացին այնտեղ, արածելով Զռանի հսկողության ներքո։ Երեկոյան նա վերադարձավ ֆերմա, բայց, քանի որ եղանակը տաք էր, ոչխարներին հետ չբերեց։ Ոչխարներն այնտեղ մնացին մի ամբողջ շաբաթ, որի ընթացքում նրանց ոչ ոք չէր տեսնում։ Օրվա մեծ մասը Զռանն անց էր կացնում նրանց հետ։ Նա ասաց, որ ոչխարներին սովորեցնում է մի նոր երգ, որի համար առանձնացում է պահանջվում։

Ոչխարների վերադարձից շատ չանցած, երբ գեղեցիկ մի երեկո անասունները հետ էին գալիս դաշտային աշխատանքներից, ֆերմայի բակից ձիու սարսափելի մի խրխինջ լսվեց։ Ընկրկելով, անասունները մեխվեցին իրենց տեղերում։ Խրխինջը կրկնվեց։ Ճանաչելով Երեքնուկի ձայնը, բոլորը վարգով նետվեցին բակը եւ տեսան… Երեքնուկի տեսածը։

Մի խոզ քայլում էր հետեւի ոտքերի վրա։

Այո, հենց Զռանը։ Մի քիչ անշնորհք, ասես դեռ անսովոր իր զգալի քաշը պահելուն, սակայն կատարյալ հավասարակշռությամբ, նա կտրում֊անցնում էր բակը։ Հաջորդ պահին տան դռնից դուրս եկավ խոզերի երկար մի շարան՝ բոլորը հետեւի ոտքերի վրա։ Ոմանք մյուսներից ավելի լավ էին քայլում, իսկ մի երկուսը թեթեւակի երերում էին, ասես ձեռնափայտի կարիք զգալով, բայց բոլորը հաջողությամբ անցան ամբողջ բակով մեկ։ Վերջապես, շների զարհուրելի հաչոցի ու սեւ աքաղաղի զիլ կանչի ներքո, տնից դուրս եկավ փառավորապես ուղղաձիգ Նապոլեոնը։ Նա ամբարտավան հայացքներ էր գցում չորս կողմը, շուրջը թռչկոտում էին շները։

Նրա տոտիկում մտրակ էր սեղմված։

Մեռյալ լռություն տիրեց։ Ապշահար ու ահաբեկված, անասուններն իրար սեղմված դիտում էին խոզերի դանդաղ երթը բակով մեկ։ Աշխարհն ասես շուռ էր եկել։ Ապա, առաջին ցնցումը հանդարտվելուն պես, եկավ մի պահ, երբ, հակառակ ամեն ինչի,— հակառակ շների վախի, հակառակ երբեք չտրտնջալու, ինչ էլ որ լինի՝ երբեք չբողոքելու տարիներով մշակված սովորույթի,— անասուններն ուր որ է կընդվզեին։ Սակայն հենց այդ պահին, ասես ազդանշանով, ոչխարները սկսեցին բարձր մայել։

— Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։ Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։ Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ։

Այսպես շարունակվեց հինգ րոպե անընդմեջ։ Երբ ոչխարները լռեցին, բողոքելու հնարավորությունն արդեն անցել էր, քանի որ խոզերը շարքով մտել էին տուն։

Ինչ֊որ մեկը հպվեց Բենիամինի ուսին։ Նա շուռ եկավ։ Երեքնուկն էր։ Նրա ծեր աչքերն ավելի մշուշված էին, քան երբեւէ։ Առանց որեւէ բան ասելու, նա կամացուկ քաշեց Բենիամինի բաշից ու տարավ նրան ամբարի այն պատի տակ, որին գրված էին Յոթ Պատվիրանները։ Մի քանի պահ նրանք լուռ նայում էին սպիտակ տառերով սեւ պատին։

— Ես արդեն լավ չեմ տեսնում։— Վերջապես ասաց Երեքնուկը։— Նույնիսկ ջահել օրերին ես, միեւնույն է, չէի կարողանա կարդալ։ Բայց ինձ թվում է, որ գրությունը փոխվել է։ Ասա ինձ, Բենիամին, Յոթ Պատվիրանները նո՞ւյնն են, թե՞ չէ։

Կյանքում առաջին անգամ Բենիամինը խախտեց իր օրենքը եւ բարձրաձայն կարդաց պատի գրությունը։ Այնտեղ ոչինչ չկար, միակ Պատվիրանից բացի․

ԲՈԼՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՈՐՈՇ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ՔԱՆ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Դրանից հետո արդեն զարմանալի չթվաց, որ հաջորդ օրն աշխատանքները վերահսկող բոլոր խոզերը մտրակներ ունեին։ Զարմանալի չթվաց, որ խոզերը ռադիոընդունիչ են գնել, հեռախոս են անցկացնում եւ բաժանորդագրվել են «Զոն Բուլ», «Դեսից֊դենից» եւ «Դեյլի միրըր» թերթերը։ Զարմանալի չթվաց, որ Նապոլեոնը պարտեզում զբոսնում է ծխամորճը բերնին, եւ որ խոզերը պահարանից հանել ու հագնում են միստր Ջոնզի շորերը։ Նապոլեոնը սեւ բաճկոն, որսորդական անդրավարտիք ու կաշվե ոտնակալներ էր հագնում, իսկ իր սիրելի մերունը՝ միսիս Ջոնզի կիրակնօրյա մետաքսե զգեստը։

Մեկ շաբաթ անց ֆերմա ժամանեցին մի քանի երկանիվ կառքեր։ Հարեւան ֆերմերների պատվիրակությունը հրավիրված էր ստուգայցի։ Ամբողջ ֆերման ուսումնասիրելով, նրանք իրենց հիացմունքը հայտնեցին տեսածով եւ մանավանդ՝ հողմաղացով։ Անասուններն այդ ժամանակ զբաղված էին շաղգամի արտը քաղհանելով։ Նրանք ջանասիրաբար աշխատում էին, խուսափելով հողից կտրել մռութները, չիմանալով՝ խոզերի՞ց ավելի վախենալ, թե՞ մարդկանցից։

Այդ երեկո տնից բարձր ծիծաղ ու երգեցողություն լսվեց։ Խառը ձայները հանկարծ շարժեցին անասունների հետաքրքրասիրությունը։ Ի՞նչ էր այնտեղ կատարվում այժմ, երբ անասուններն ու մարդիկ առաջին անգամ հանդիպում էին որպես հավասարներ։ Միասնական մղումով նրանք սկսեցին հնարավորին չափ անձայն սողոսկել տան հետեւի այգին։

Դռնակի մոտ նրանք կանգ առան, վախենալով անցնել, բայց Երեքնուկը նրանց առաջնորդեց ներս։ Կճղակների ծայրերին նրանք մոտեցան տանը, եւ այն անասունները, ում հասակը բավարարում էր, ներս նայեցին հյուրասենյակի պատուհանից։ Երկար սեղանի շուրջ նստած էին հինգ֊վեց ֆերմերներ եւ նույնքան բարձրաստիճան խոզեր։ Նապոլեոնը գրավում էր սեղանի գլխի պատվավոր տեղը։ Խոզերն իրենց աթոռներին նստած էին միանգամայն անբռնազբոս։ Բոլորն ակներեւաբար մի պահ ընդհատել էին թղթախաղը կենաց ասելու համար։ Մի մեծ սափոր փոխանցվում էր մեկից մյուսին, թարմացնելով գավաթների պարունակությունը։ Պատուհանից նայող ապշահար անասուններին ոչ ոք չէր նկատել։ [...]

Հավատալով, որ նախկին կասկածամտությունը հաղթահարված է ֆերմայում, այդուհանդերձ, մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք պիտի ծառայեն վստահության հետագա ամրապնդմանը։ Անասունների միջեւ մինչ այդ տարածված էր իրար դիմելու «ընկեր» հիմար ձեւը։ Այսուհետեւ այն հայտարարվում է ապօրինի։ Կար նաեւ տարօրինակ մի սովորույթ, որի ծագումն անհայտ է, ամեն կիրակի շարքով անցնել այգում գամված մի ծեր խոզի գանգի կողքով։ Դա նույնպես պիտի դադարեցվի։ Այցելուները նկատած կլինեն այգում ծածանվող կանաչ դրոշը։ Նրանց ուշադրությունը հրավիրվում է այն փաստին, որ նախկինում դրոշի վրա տեղ գտած սպիտակ կճղակն ու պոզն այլեւս չկան։ Այսուհետեւ դրոշը լինելու է պարզապես կանաչ։

Այս խորագրի վերջին նյութերը