Մեկնաբանություն

23.03.2018 09:20


Հայաստանի վարչապետին ընտրում է Ալիևը՞

Հայաստանի վարչապետին ընտրում է Ալիևը՞

ՀՀԿ-ում մրցույթ է հայտարարված, թե ով ավելի լավ, ավելի ճոխ և ավելի հնարամիտ ձևով կբացատրի, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը դրժի իր խոսքը և դառնա վարչապետ:

Ամեն մեկը մի բառակույտ է գտնում, բայց բոլորի մոտ կա ընդհանուր գիծ: ՀՀԿ ղեկավարի բացահայտ ու թաքնված քարոզիչները պնդում են, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը կա, պետք է Սերժ Սարգսյանը մնա: Վերջինս իր հարցազրույցում էլ նույն հիմնավորումը ներկայացրեց. կա անվտանգության խնդիր:

-Ա՛յ, կլուծվի Ղարաբաղի խնդիրը և կլուծվեն անվտանգության խնդիրները, Սերժ Սարգսյանը դրանից հետո կհանձնի իշխանությունը երիտասարդ լիդերի,-պնդում են ՀՀԿ-ականները և ավելացնում,-բա Ալիևի հետ ո՞վ է բանակցելու, չէ՞ որ Սարգսյանն արդեն փորձ ունի, Կարեն Կարապետյանը կամ մյուսները ի՞նչ են հասկանում այս ամենից:

Նկատենք, որ սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի ցմահ անփոխարինելիության բանաձևն է: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում անվտանգության հարցը առնվազն մի քանի տասնամյակ մշտապես լինելու է պետական կառավարման թիվ մեկ խնդիրը, իսկ Ղարաբաղի հարցը զուտ բանակցային ճանապարհով տեսանելի ապագայում չի լուծվելու: Եվ, ուրեմն, եթե առաջնորդվենք Սերժ Սարգսյանի ու իր քարոզիչների ասածներով, ապա կստացվի՝ Սերժ Սարգսյանը պետք է ցմահ մնա վարչապետ, քանզի միշտ էլ կարելի է ասել, որ անվտանգության խնդիր կա ու Ալիևի հետ բանակցելու հարց կա:

Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանին անուղղակիորեն ՀՀ վարչապետ է ընտրում Իլհամ Ալիևը, քանի որ ՀՀԿ-ականները Ալիևի հետ բանակցությունների հարցն են որպես երկաթյա հիմնավորում ներկայացնում՝ թե ինչու պետք է Սարգսյանը հրաժարվի իր խոստումից ու դառնա վարչապետ: Այդ տրամաբանությամբ՝ ՀՀԿ ղեկավարը պետք է միշտ մնա, քանի որ Ալիևն էլ իր հերթին է անփոխարինելի Ադրբեջանում:

Ահա այսպիսի բաներ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը