Լրահոս

23.03.2018 17:02


Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա աղջկան իր ընկերոջ մոր անհատական էջ ապօրինի մուտք գործելու համար

Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա աղջկան իր ընկերոջ մոր անհատական էջ ապօրինի մուտք գործելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա աղջկա:

2017թ. հուլիսին Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ այլ անձ մուտք է գործել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջ և փոխել գաղտնաբառը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի որդու ընկերուհին է՝ ծնված 1996թ.:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 22-ամյա աղջիկը մի քանի անգամ ապօրինի մուտք է գործել իր ընկերոջ մոր՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող անհատական էջ և փոխել նշված էջի գաղտնաբառը՝ կնոջը զրկելով այն օգտագործելու հնարավորությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը