Մեկնաբանություն

25.03.2018 12:00


Սերժ Սարգսյանի ոչ ամբողջական ցուցակը

Սերժ Սարգսյանի ոչ ամբողջական ցուցակը

Սերժ Սարգսյանը կրկին պետական պարգևներ է հանձնել: Բնականաբար՝ յուրայիններին: Նրանց, ովքեր անձամբ իրեն ծառայություններ են մատուցել՝ լրագրողի, ընտրական հանձնաժողովականի, երբեմնի ընդդիմադիրի, վերլուծաբանի կամ այլ կարգավիճակում:

ՀՀԿ ղեկավարը վերջին շրջանում առանձնակի դաժանությամբ է պարգևատրում: Դա յուրօրինակ ցուցահանդես է. հանրությանը ցույց են տալիս, թե ովքեր են Բ26-ի հպատակները:

Պարգևատրվածներից ոմանց նույնիսկ իրենց շենքի բնակիչների մեծ մասը չի ճանաչում, իսկ ում էլ ճանաչում է՝ այնքան էլ լավ կարծիքի չէ, բայց դա էական չէ: Էականն այն է, որ Սերժ Սարգսյանն է նրանց ճանաչում ու գնահատում արածները:

«Հայտնի ճշմարտություն է, որ տաշած քարը գետնին չի մնա: Հայաստանի պետությունն առաջնորդվում է հենց այդ ժողովրդական իմաստնությամբ: Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել և չի մնալու: Հայաստանում առկա ազատությունը, ամեն ինչ բաց ու ազնիվ քննարկելու հնարավորությունը մշտապես նպաստելու են արժանավորներին առանձնացնելու և խրախուսելու գործին: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պարգևատրումից հետո արձագանքներ են լինում: Մարդիկ իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են հայտնում: Բայց մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որ պետական մարմինները, որոնք քննարկում են թեկնածություններն ու ներկայացնում պարգևատրման, ավելի քաջատեղյակ են, և նրանց կարծիքը մեզ համար վճռորոշ է: Կարծում եմ, որ ավելի լավ է ինչ-որ պարագաներում արժանիքը մի քիչ ավելի բարձր գնահատել և խրախուսել, քան երկնչել որոշակի քննադատությունից և անտեսել մարդկանց կատարածը»,-պարգևատրումների հիմնավորում է ներկայացրել Ս. Սարգսյանը:

Այո՛, տաշած քարը գետնին չի մնա: Մանավանդ, երբ այն հետևողականորեն տաշողը գետնից վերցնում է ու պարգևատրում:

Պարգևատրումների հարցում, սակայն, որոշակի բաց կա: Չի հրապարակվում ՀՀԿ ղեկավարին ծառայություններ մատուցողների ամբողջական ցուցակը: Պարգևատրվում են, այսպես ասած, ֆորմալ թիմակիցները, իսկ ահա ոչ ֆորմալները՝ հաճախորդները, անտեսվում են:

Ճիշտ է, հաճախորդները՝ «անկախ» լրատվամիջոցները, «ընդդիմադիր» գործիչները, «թունդ արևմտամետները», «վերլուծաբանները», նորաթուխ գեղամյանները, «քաղաքացիական ակԾիվիստները» և այլք, պարգևատրում ստանում են դրամական հատկացումների տեսքով, բայց ճիշտն այն կլինի, որ Սարգսյանը հրապարակային պարգևատրումների միջոցով բացահայտի իրեն ծառայություններ մատուցողների ամբողջական ցուցակը: Հանրությունը պետք է հատ առ հատ ճանաչի իր «հերոսներին», որպեսզի հետո «կռուտիտ» լինողներ չլինեն, թե բա՝ մենք Սարգսյանի հետ կապ չենք ունեցել ու նրան ծառայություններ չենք մատուցել: Թե բա՝ մենք ընդամենը տուն էինք պահում և զուգահեռաբար մտածում երկրի մասին:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը