Մեկնաբանություն

30.03.2018 10:15


«Արդարադատության» դաժան դեմքը

«Արդարադատության» դաժան դեմքը

Օրերս մի շատ խորհրդանշական դատավարություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Երեք անչափահասների միայնակ մայրը դատապարտվել է ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով: Սա արտաքուստ ապաքաղաքական ու սովորական գործ է, բայց իրականում ամենաքաղաքականը պետք է համարել և ահա թե ինչու:

Մայրն այդ իր ընկերուհու տանից 10.000 դրամ է գողացել, որպեսզի կերակրի երեխաներին: Ուրիշի տուն դռան կողպեքը վնասելու միջոցով մտնելով՝ նա ոչ մի բանի ձեռք չի տվել: Միայն 10.000 դրամը վերցրել է, հետո խանութից ուտելիք գնել ու տարել երեխաներին:

Ու թեև դատի ժամանակ տուժող և մեղադրվող կողմերը խնդրել են դատարանին մեղմ վարվել՝ հաշվի առնելով, թե՛ գողացածի չափը, թե՛ գողության նպատակը, թե՛ երեք անչափահասների առկայությունը, դատավորն անողոք է գտնվել՝ համարելով, որ պատճառվել է զգալի չափով գույքային վնաս:

Այս դատավարությունը խորհրդանշական է մի շարք առումներով: Փաստորեն, 10.000-դրամանոց ընտրությունների միջոցով իշխանություն եկածները սովի ու աղքատության են մատնել ահագին մարդու, ստիպել են նրանց դառնալ արտագաղթող կամ գողացող, բայց երեխաներին կերակրելու համար նույն 10.000 դրամ գողանալը համարվել է ծանր հանցագործություն և գողացողը դատապարտվել շուրջ վեց ու կես տարվա ազատազրկման:

Փաստորեն, 10.000 դրամ գողացողին վեց ու կես տարի են տալիս, իսկ ահա երկրի բյուջեն թալանողներին ու միլիարդներ կորզողներին՝ պաշտոն ու պատիվ: 10.000 դրամ գողացողին ոստիկանական «02» հաղորդաշարով են ցույց տալիս, իսկ 10.000-ով ընտրվածներին՝ լուրերի թողարկումներով: 10 հազար գողացողը վեց ու կես տարվա ազատազրկման արժանի հանցագործ է, իսկ 10 հազար բաժանողը՝ ռեյտինգային թեկնածու:

Հայաստանյան իշխանություններն առաջնորդվում են «Օտարներին՝ օրենք, իսկ յուրայիններին՝ ամեն ինչ» սկզբունքով: Օտարները տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիներն են, իսկ յուրայինները՝ Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարողները:

Մինչև ե՞րբ կդիմանա Հայաստանն այս կոնտրաստին:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Հարցն այն չէ, որ 10.000 դրամ գողացած կինը մեղավոր չէ: Մեղավոր է և ընդունել է իր մեղքը, սակայն գոյություն ունի ողջամտություն և պատժի տեսակի համարժեքություն:

Հիմա երեք անչափահաս երեխաներն ի՞նչ են անելու առանց մոր, ով հանցագործ էր դարձել նրանց կերակրելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը