Հարցազրույց

04.04.2018 13:13


Երվանդ Բոզոյան. ««Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» անհեռանկարային կառույցներ են»

Երվանդ Բոզոյան. ««Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» անհեռանկարային կառույցներ են»

«Փաստի» հարցազրույցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

-Արդեն մի քանի օր է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենց ճանապարհային քարտեզին համահունչ շարժման մեջ են: Բայց «Ելք»-ի մյուս կուսակցությունները չեն պատրաստվում միանալ: Գևորգ Գորգիսյանը օրեր առաջ նշել էր, թե իրենք չեն հավատում այդ քայլերի հաջողությանը և, բացի այդ, գործող համակարգի դեմ պայքարելու համար պետք է այդ համակարգի դեմ մեկ այլ համակարգ ստեղծել: Արդյոք ճի՞շտ է այսպես մի կողմ քաշվելը, և սա կարո՞ղ է խոսել «Ելք»-ի մոտալուտ պառակտման մասին:

-Իմ կարծիքով, «Ելք»-ը տակտիկական տեսակետից արդեն իսկ պառակտված է, որովհետև արդեն այդ խզումը եղել է, և իրենք չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի՝ այսպես կոչված փողոցային գործընթացներին, ինչը միանշանակ կազդի նրանց հարաբերությունների վրա նաև Ազգային ժողովում:

Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց գնալ փողոց, որովհետև ինքն ուներ ռեյտինգ, և չէր ուզում կորցնել դա՝ ի տարբերություն Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի, ովքեր որևէ ռեյտինգ չունեն և նրանց մասնակցել-չմասնակցելը գոյություն չունեցող ռեյտինգի վրա որևէ կերպ չէր ազդի: Այսինքն՝ այստեղ ստրատեգիական տարաձայնություններ չկան, կան զուտ տակտիկական տարաձայնություններ, թե ինչպես պետք է հակազդեն վարչապետության խնդրին, որը հայտնի կլինի ապրիլից հետո:

Այստեղ ամեն մի կողմ փորձում է իր խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ հաշվետու լինել, որպեսզի ապագայում իր վարկանիշը չգցի, իսկ նրանք վարկանիշ չունեն, այն գցելու խնդիր չունեն և չեն ցանկանում փողոցային գործընթացների մեջ մտնելով՝ ինչ-ինչ հարաբերություններ փչացնել իշխանության հետ:

-ՔՊ-ն փորձում է նաև ցույց տալ, որ անում է ամեն հնարավորը, ինչը կարող էր: Այնպես չէ՞:

-Այո՛, փորձում են ապագայի համար վարկանիշը պահել:

-Ըստ Ձեզ՝ այս երկուշաբաթյա քայլարշավն, ի վերջո, կարո՞ղ է ինչ-որ արդյունք ունենալ:

-Զուտ որպես փողոցային գործընթաց մեծ հեռանկարներ չեմ տեսնում: Սակայն չի բացառվում, որ եթե հարթակը տաքանա և պրոցեսը այլ պրոցես առաջացնի, այսպես ասած՝ ձնագնդու էֆեկտը աշխատեցնի, կարող է պառակտում առաջացնել իշխանական վերնախավում: Այդպիսի բան հնարավոր է:

-Եթե արդյունքում ոչ մի այլ գործընթաց չզարգանա, հաշվի առնելով նաև պառակտվածությունը «Ելք»-ում, հետագայում այս ամենը կարո՞ղ է հանգեցնել «Ելք»-ի «պաշտոնական» քայքայմանը, կամ դրա այլևս գոյություն չունենալուն:

-Քանի որ նրանց միջև ստրատեգիական տարաձայնություն չկա, չեմ կարծում, որ այս փուլում Փաշինյանը փորձի միանգամից տարանջատվել իրենցից, եթե, իհարկե, անձնական հարաբերությունների այդ վատթարացումը չվերածվի քաղաքական, հրապարակային հակամարտության: Այս փուլում այնպիսի իրավիճակ չի կարող առաջանալ, որ երկուստեք անհաղթահարելի հակասություն լինի և հայտարարեն, որ այլևս «Ելք» դաշինք գոյություն չունի: Սակայն հաշվի առնելով իր վարկանիշը՝ Նիկոլ Փաշինյանը հետագայի համար կփորձի ավելի ակտիվ գործընկերներ փնտրել: Մինչդեռ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» արդեն որևէ հեռանկար չունեն, դրանք անհեռանկարային կառույցներ են, որոնք ոչ մեկին հետաքրքիր չեն:

-Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից նաև հետևություններ կանի:

-Հետևություն կանի հետագայում, ոչ այս պահին, եթե, իհարկե, անձնական հարաբերությունները շատ չխորանան:

Այս խորագրի վերջին նյութերը