Կարծիք

12.02.2010 16:04


Ցինիզմի և հակահեղա- փոխականության արմատները հետսովետական տարածքում-2

Ցինիզմի և հակահեղա- փոխականության արմատները հետսովետական տարածքում-2

Նախորդ հոդվածում հիշատակեցի բոլորի կողմից մոռացված «Լենինիզմի հարցերը» Ստալինի բրոշյուրը, ուր հիմնավորվում էր մեկ երկրում սոցիալիզմ կառուցելու գաղափարը (իհարկե, Ստալինն ասում էր, որ դա ոչ թե ի՛ր, այլ Լենինի միտքն էր, բայց իրականում այդ գաղափարը Լենինի մի երկիմաստ մեջբերման կամայական մեկնաբանությունն էր): Ստալինի այս գաղափարը խստորեն քննադատվեց դասական մարքսիզմի գիտակների և հոկտեմբերյան հեղափոխության հիմնական դերակատարների կողմից, բայց դա չէր կարող ազդեցություն ունենալ, քանի որ քննադատները չէին կարող պատասխանել գործնական մի կարևոր հարցի: Ի՞նչ անել, եթե համաշխարհային հեղափոխությունը չստացվեց՝ արդյոք հանձնել իշխանությունը և ցրվել տներո՞վ (война окончена, всем спасибо): Իսկ Ստալինի տեսությունը որքան էլ անարվեստ էր, բայց թույլ էր տալիս նոր՝ լեգիտիմ հիմնավորում տալ բոլշևիկների իշխանությանը: Մեզ ի՞նչ փույթ այս հնադարյան վեճերից: Իրականում այս վեճերն այնքան էլ ռետրո չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Մինչ այսօր էլ հետսովետական տարածքում տիրող ցինիզմը, գավառականությունը և հակահեղափոխականության գաղափարախոսությունն իրենց ակունքներով հասնում են 20-30-ականների ներբոլշևիկյան վեճերին: Մի փոքր համբերության դեպքում թերևս համոզվենք այդ բանում:

Մեկ երկրում սոցիալիզմ կառուցելու գաղափարով ավարտվեցին սոցիալիզմն ու հեղափոխութունը, և սկսվեց «սովետը»: Ի՞նչ է սովետը: Նախ և առաջ՝ մեկուսացում և գավառականություն: «Առանձին երկրում»-ը բերում է փակ համակարգի ստեղծմանը, իսկ փակ համակարգը սպանում է միտքն ու բանական մտածողությունը և ծնում մարազմը: Մարազմի կառուցվածքը միշտ նույնն է՝ անկախ որոշակի պայմաններից և բովանդակությունից. մենք շրջապատված ենք թշնամիներով, հետևաբար պետք է «միասնական» լինենք, պետք է նաև աչալուրջ լինենք և հսկենք, որովհետև ցանկացած քննադատություն կամա թե ակամա սպասարկում է թշնամու շահերը։ Եվ, բացի այդ, բոլոր անհաջողությունների ու թերացումների աղբյուրը, միևնույն է, թշնամու դավադրական գործունեությունն է: Բայց սա մի քիչ առանձին թեմա է: Մեզ տվյալ դեպքում հետաքրքրում է ոչ այնքան մարազմը, որքան ցինիզմը: Ստալինի տեսությունը դարձավ ցինիզմի հիմք, որովհետև նա զոհում և խեղաթյուրում էր տեսությունը, սկզբունքները և իդեալը հանուն առկա իրականության և հանուն «նպատակի» (բայց նպատակն ինքն իմաստազրկվում էր, քանի որ առանց հիմքում ընկած արժեքների և սկզբունքների՝ նպատակը կեղծիք է):

Սկզբում թվում էր, թե տեսության այդ թեթևակի խեղաթյուրումն առանձնապես վնաս չի բերում: Ճիշտ է, 1917-ի հեղափոխականները և բոլոր նրանք, ովքեր իրապես սոցիալիզմի իդեալի կրողն էին կամ առնվազն Ստալինից մի քիչ ավելի էին գլուխ հանում մարքսիզմից, գրեթե իսպառ բնաջնջվեցին 1937-38թթ., բայց մյուս կողմից իդեալիզմը և պաթոսը արտաքուստ դեռ տիրապետող էին Սովետական Միության մեջ: Շարքային սովետական քաղաքացիները ոչինիչ չգիտեին տեղի ունեցած կեղծիքի մասին: Նրանք անկեղծորեն դավանում էին սոցիալիզմի գաղափարները և հավատով կառուցում նոր հասարակություն: Նրանք քիչ հաջողության չհասան այդ ուղու վրա, և մեր՝ հետնորդներիս կողմից, որ ունենք հետադարձ հայացքի հնարավորություն, անարդար ու անխիղճ կլիներ մեր պապերի անկեղծ այդ հավատքին հեգնանքով և արհամարհանքով վերաբերվելը: Տեղի ունեցած կեղծիքի գաղտնիքին ամբողջապես տիրապետում էին միայն մի քանի հոգի, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ միայն մեկ հոգի բարձր ղեկավարությունից: Կարևոր է չմոռանալ նաև, որ Սովետական Միությունից դուրս գտնվող բազմաթիվ մտավորականների ու շարքային մարդկանց համար այդ երկրի գոյությունը նույնպես հույսի մարմնավորում էր, և նրանք կա՛մ չէին նկատում, կա՛մ աչք էին փակում սովետական իրականության ստվերոտ կողմերի վրա: Նրանց էլ պետք է հասկանալ: Իր գրեթե ողջ պատմության ընթացքում մարդկությունն ապրել է այլընտրանքային հասարակության հույսով: Եվ ահա թվում էր, թե այդ վաղեմի երազանքը կարող է իրականություն դառնալ: Մանավանդ որ այն թվականների կապիտալիզմը պետք չէ շփոթել այսօրվա «լայթս» տարբերակի հետ:

Բայց ցինիզմի բացիլը, որը դրված էր սովետական համակարգի հիմքում, չէր կարող ուշ թե շուտ չթունավորել ողջ հասարակությանը: Հերթական պարադոքսը՝ կեղծիքը սկզբնապես արված էր տեսության մեջ և հանուն իրականության: Բայց ինքն իրականությունը ընդամենը որևէ մի տեսության մարմնավորումն է: Եվ ահա, կեղծ տեսության վրա կառուցված իրականությունը սկսում է իր վրեժը հանել տեսությունից: Սովետական Միության գոյության երկրորդ փուլի հիմնական հակասությունը պաշտոնական տեսության և իրականության խզումն էր: Հանուն իրականության կատարված տեսական կեղծիքն սկսում է հակադրության մեջ մտնել հենց բուն իրականության հետ, քանի որ իրականությունն էլ իր հերթին արդյունք էր կեղծված տեսության: 60-ականները իդեալիզմի վերջին ալիքի տարիներն էին Սովետական Միության մեջ: Բայց դա արդեն ավելի շատ այլախոհական, հակասովետական իդեալիզմի ալիքն էր: Իսկ ահա 70-ականներին արդեն գերիշխող է դառնում ցինիզմը: Սովետական քաղաքացիների մեծ մասն այս կամ այն չափով թերահավատ էր պաշտոնական գաղափարախոսության նկատմամբ: Երկար տարիների փորձը նրանց սովորեցրեց երկակի կյանքին խոսքերի, մտքերի և գործերի աննախադեպ հակասության պատմության մեջ: Անեկդոտը դարձավ սովետական շարքային մարդու հիմնական տեքստը՝ ի հակադրություն պաշտոնական պոռոտախոսության՝ արժեքը կորցրած նախկին պաթոսի: Այսպես, դեռ սովետական հասարակության ընդերքում սաղմնավորվեց հետսովետական՝ գավառական և արևելյան «պոստմոդեռնը»: Հետսովետական իրականության մեջ արդեն անեկդոտը վերածվեց իրականության, երբ բացարձակ բանահյուսական մականունավոր կերպարները դարձան հայտնի քաղաքական գործիչներ: Ինչպես տեսնում ենք, անեկդոտը, վերածվելով անեկդոտիկ իրականության, արդեն այդքան էլ ծիծաղելի չէ:

Բայց կար գործընթացի մեկ այլ կարևոր հատված: Դա մտավորականությունն էր, որն այս կամ այն չափով տարված էր այլախոհությամբ: Հակասովետական այլախոհությունը նույնպես անմասն չէր գիտակցված, իսկ ավելի հաճախ՝ չգիտակցված ցինիզմի աշխարհայացքի տարրերից: Սա է պատճառներից մեկը (մեկը, բայց ոչ միակը), որ 80-ականների վերջի, ըստ էության, հեղափոխական գործընթացն անհաջող ավարտ ունեցավ: Արդեն հիշատակված մուկն ու ձուկը միանգամից չհայտնվեցին: Նրանք հետսովետական հեղափոխության տապալման արդյունքն էին: Սովետական այլախոհական մտավորականության աշխարհայացքի ձևավորման և կառուցվածքային տարրերի մասին կխոսենք մյուս անգամ, և այդ խոսակցությունը մեզ ավելի կմոտեցնի մեր արդի իրականությանը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը