Քաղաքական

12.04.2018 16:30


Դավիթ Հարությունյանն ու Էդուարդ Շարմազանովն իրար հակասում են

Դավիթ Հարությունյանն ու Էդուարդ Շարմազանովն իրար հակասում են

Հանրապետական կուսակցությունում վարչապետի մի քանի թեկնածություն է քննարկվել, և այդ քննարկումները երբեմն եղել են թեժ:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իշխող ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս, սակայն, հրաժարվեց հրապարակել քննարկված թեկնածությունները, հայտնում է Ազատություն-ը։

«Նախկինում էլ եմ առիթ ունեցել նշելու, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու: Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել և չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: Սակայն, բնականաբար, հաշվի առնելով առկա մարտահրավերները, մենք որոշակի որոշումներ ենք կայացնում: Կուսակցությունն ունի իր ներքին կառուցվածքը, ժողովրդավարության ներքին մեխանիզմները, և այդ մեխանիզմների արդյունքում ծնվող որոշումներին դուք, բնականաբար, կտեղեկացվեք»,-լրագրողներին ասաց Դավիթ Հարությունյանը:

Մինչդեռ ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հիշեցնենք, հայտարարել էր«Կարծում եմ, պարզ է, թե ով է մեր վարչապետի թեկնածուն լինելու, որովհետև այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել և որևէ մեկի մտքով չի էլ անցել։ Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր կուսակցության նախագահին և պարոն Կարեն Կարապետյանի առաջարկը Գործադիր մարմնի բոլոր անդամների մոտ՝ առանց բացառության, հավանություն է գտել: Բացի Սերժ Սարգսյանից այլ անուն չի էլ եղել»:

Դավիթ Հարությունյանն այսօր, մասնավորապես, նշեց․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կուսակցության ներսում այդ քննարկումերը բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել։ Դետալների մասին, իհարկե, չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»:

***

«Ես չգիտեմ՝ ո՞վ ի՞նչ է հայտարարել եւ ո՞վ՝ ո՞ւմ հետ ի՞նչ է քննարկել, կամ որտե՞ղ է քննարկել, բայց ես արձանագրել եմ փաստը. ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց, մինչ օրս, քննարկել է միայն երեկ՝ ԳՄ նիստի ընթացքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը մանրամասնում է՝ Կարեն Կարապետյանի կողմից Սերժ Սարգսյանի թեկնածության առաջարկը պաշտպանել են բոլորը, առանց բացառությունների, այդ թվում նաեւ Դավիթ Հարությունյանը. «Բացառությամբ երեկվա նիստից, պաշտոնական որեւէ քննարկում չի եղել: Ոչ ԳՄ, ոչ խորհրդի նիստերում, ոչ էլ ՀՀԿ խմբակցության նիստերում վարչապետի թեկնածուի հարցի որեւէ քննարկում չի եղել: Երեկ մենք քննարկել ենք մեկ թեկնածություն եւ բոլորը, միահամուռ կերպով, բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի ծառայությունները, նրա փորձը, իմաստնությունը, մարտահրավերներին դիմակայելու ճկունությունը, անվտանգության համակարգին լավագույնս տիրապետելու հմտությունները, կողմ են արտահայտվել ու պատրաստվում ենք շաբաթ օրը՝ խորհրդի նիստում, առաջադրել մեր կուսակցության նախագահ թեկնածությունը: ԳՄ բոլոր անդամներն արտահայտվել են այդ հարցի շուրջ եւ ես վերահաստատում եմ՝ այլ առաջադրում չի եղել, ավելին, այլ թեկնածուի քննարկում չի եղել, նույնիսկ ակնարկ չի եղել այլ թեկնածուի վերաբերյալ: Եթե իմ հարգարժան գործընկերն ասում է, որ թեժ քննարկումներ են եղել, այլ թեկնածուներ են եղել, թող մի քանի թեկնածուի կամ մեկ թեկնածուի անուն տա»:

Դիտարկմանը՝ Դավիթ Հարությունյանը միգուցե փորձել է փրկել ՀՀԿ-ի դեմքը՝ ցույց տալով, որ իբր ժողովրդավար կուսակցություն եք, քննարկումներ են լինում, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց՝ ՀՀԿ-ն ժողովրդավար կուսակցություն է, ոչ թե ժողովրդավարության իմիտացիա անող. «Ժողովրդավարությունն էլ չի նշանակում, որ պետք է ձեւական 20 թեկնածու առաջադրենք, հետո ասենք՝ այս մեկին ենք ընտրում: Ոչ միայն ՀՀԿ-ում, այլ ՀՀ-ում Սերժ Սարգսյանի փորձն ու իմաստությունն ունեցող, գործադիր մարմինը ղեկավարելու համար արժանի ոչ միայն հավասար, այլ մոտ կանգնած գործիչ չկա: Բոլորի նկատմամբ խորը հարգանք տածելով՝ սա ոչ միայն իմ գնահատականն է, այլ այսօրվա իրականությունը: ՀՀԿ-ն կայացած քաղաքական, լուրջ, տարբեր ոլորտներում վաստակ ունեցող գործիչների կուսակցություն է, որտեղ կա մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը