Աշխարհ

19.02.2010 11:38


«The Economist». «Թուրքիա-Հայաստան. զրոյական գործընթաց»

«The Economist». «Թուրքիա-Հայաստան. զրոյական գործընթաց»

Հեղինակավոր «The Economist» պարբերականը վերլուծել է հայ-թուրքական ներկայիս գործընթացը.

«Երբ Թուրքիայի կառավարությունը 2009թ. հոկտեմբերին Հայաստանի հետ ստորագրեց համաձայնագիր, այն ներկայանում էր Անկարայի հռչակած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում որպես իրական ձեռքբերում։ Կողմերը պայմանավորվեցին բացել սահմանը, որը 1993-ին փակել էր Թուրքիան՝ ի զորակցություն Ադրբեջանի։ Հայ-թուրքական պայմանավորվածությունը նաև հույս էր տալիս «թաղել անցյալի ուրվականները»՝ ստեղծելով 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի մասսայական բնաջնջման փաստերն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով։ Սակայն անցյալն այդքան էլ հեշտ չէ մոռանալ։ Արձանագրությունների ստորագրման անմիջապես հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ դրանք չեն կարող կյանքի կոչվել, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից։ Դա այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրություններում այդ մասին ոչինչ ասված չէ։ Հիմա էլ Թուրքիան ընկել է նոր հիստերիայի մեջ։ Վերջերս Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որում ասված է, որ արձանագրությունները չեն հակասում պետության հիմնարար սկզբունքներին և ենթադրում են նաև ջանքերի գործադրում՝ միջազգայնորեն ճնաչելու 1915-ի ողբերգությունը որպես ցեղասպանություն։ Վախենալով նման զարգացումներից՝ Թուրքիան պահանջեց վերանայել այդ որոշումը։ Շատերի կարծիքով, կաշկանդված լինելով ներսում ազգայնականների, դրսում՝ ադրբեջանցիների պահանջներով, Թուրքիան կառչել է Հայաստանի ՍԴ ձևակերպումներից իր կասկածները հիմնավորելու համար։ Իսկ Հայաստանն արձանագրություններն արդեն ներկայացրել է երկրի խորհրդարան։ Թուրքիան մեկուսացված է երևում։ Նրա գործընկեր Ամերիկան անցել է Հայաստանի կողմը։ Ռուսաստանը պնդում է, որ հայ-թուրքական արձանագրությունները չպետք է շաղկապվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Նույն կարծիքին է Վաշինգտոնը։ Սակայն հայ-թուրքական ներկա գործընթացը միանշանակ չի ընդունվում նաև Հայաստանում։ Ընդունելով համապատասխան որոշում՝ Հայաստանի ՍԴ-ն, հավանաբար, պատասխանել է ազգային ուժերին, որոնց զայրացրել էր այն, որ երկրի իշխանությունը համաձայնվել է ճանաչել Թուրքիայի հետ սահմանը (նրանք պնդում են, որ Արևելյան Թուրքիայի մի հատվածը Հայաստանի պատմական հայրենիքն է)։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ արձանագրությունների վավերացումը հայկական կողմից կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան դա կանի։ Գործընթացին ուշադիր հետևում է ԱՄՆ-ը։ Եթե գործարքը տապալվի, ԱՄՆ Կոնգրեսում հայերի Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման ճանապարհը կբացվի։ Դա այն է, ինչը վաղուց արդեն հասունանում է։ Միևնույն ժամանակ Կոնգրեսի նման որոշումը կարողէ հակաամերիկյան տրամադրություններ առաջացնել Թուրքիայում, ինչը Անկարային կստիպի պատասխան քայլեր ձեռնարկել։ Դրանցից մեկը կարող է լինել ամերիկացիների վտարումը Ինջիրլիք ռազմավարական ավիաբազայից»։

Ըստ «Regnum»-ի

Այս խորագրի վերջին նյութերը