Կարծիք

10.05.2018 13:26


Տեր-Պետրոսյանը ստանձնում է ՀՀԿ-ի փաստաբանի կամ քաղաքական հուշարարի դերը

Տեր-Պետրոսյանը ստանձնում է ՀՀԿ-ի փաստաբանի կամ քաղաքական հուշարարի դերը

Նախագահը պետք է վեր լինի մանրախնդիր նախանձից

Հայաստանի առաջին նախագահի վերջին հոդվածում շարադրված մտքերի նույնիսկ հպանցիկ դիտարկումը չի կարող խիստ երկակի և նորմալ մարդու համար տհաճ հոգեբանական տպավորությոնւ չստեղծել: Թվում է, որ առաջին հերթին հենց Տեր-Պետրոսյանը ոչ միայն պետք է ողջուներ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ տեղի ունեցած թավշյա և անարյուն հեղափոխությունը, այլև առաջիններից մեկը պետք է կանգներ հեղափոխության երիտասարդ առաջնորդի կողքին: Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը 2008-ին կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, դարձավ նրա նախագահական ընտրաշավի փաստացի լոկոմոտիվներից մեկը: Ու թեպետ Տեր-Պետրոսյանի նախաձեռնած 2008-ի շարժումը քիչ դրական բան էր պարունակում և խորքում ուներ միայն այն օրվա իշխանությունների նկատմամբ ռեվանշի հասնելու ձգտում, Նիկոլ փաշինյանը ամեն ինչ դրեց այդ շարժման համար, և ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ սեփական առանձնատանը թիկնազորի պաշտպանության ներքո ծվարելու փոխարեն, հայտնվեց բանտում:
Եվ այսօր Տեր-Պետրոսյանը, երիտասարդ վարչապետին թիկունք կանգնելու փոխարեն, ըստ էության, ստանձնում է ՀՀԿ–ի փաստաբանի կամ քաղաքական հուշարարի դերը՝ մատնացույց անելով հանրապետականներին, թե համախմված մեծամասնությունը պահպանելու դեպքում, ինչպես կարող են տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Բայց աստվածաշնչյան կարևորագույն պատվիրանն է՝ մի՛ ուրացիր:
Նիկոլ Փաշինյանը և իր շուրջը համախմբված թիմը կատարել են մեծ գործ՝ առանց մի կաթիլ արյան ապամոնտաժել են այլևս ազգակցական ժառանգականության հավակնություններ ունեցող Սերժ Սարգսյանի ռեժիմը՝ ՀՀԿ-ով հանդերձ: Սա մի ծառայություն է մեր ժողովրդին, որ այլևս երբեք չի մոռացվի՝ անկախ նրանից, թե հետագայում ով կգա իշխանության: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամբողջ աշխարհին և Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեցին, որ Հայաստանը ինչ-որ միջինասիական կամ աֆրիկյան երկիր չէ, ուր իշխանությունը կարող է անցնել աներոջից փեսային, փեսայից՝ քավորկնոջը և հակառակը: Հայաստանում իշխանությունը այլևս և ընդմիշտ փոփոխելի է, առնվազն այնքան ժամանակ քանի մեր երկիրը որպես անկախ պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ գոյություն ունի աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Սա՛ է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ամենամեծ ծառայությունը: Փաշինյանը արեց այն, ինչ չկարողացավ անել Տեր-Պետրոսյանը 2008-ի մարտի մեկին, անգամ,երբ «փիլիսոփայական» հանգստությամբ օրվա իշխանությունների հետ բախման զոհասեղանին էր դնում Հայաստանի 10 քաղաքացիների կյանքը:
Ինձ այս գեղեցիկ շարժման հետ միավորել է ՀՀԿ-ական ռեժիմից անհապաղ ազատվելու հրամայականը: Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին ես հացադուլ սկսեցի Ազատության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը բացառելու պահանջով քաղաքական ուժերին միավորման կոչ անելով: Հացադուլը դադարեցրել եմ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում թավշյա հեղափոխության առաջին հանրահավաքի ժամանակ՝ տեսնելով որ իմ ակնկալած միավորումը սկսում է կայանալ: Հետագա բոլոր օրերին մեր կուսակցության անդամների հետ միասին մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին և բողոքի հնարավոր գործողություններին: Ու թեպետ նախկինում Նիկոլ Փաշինյանի թիմակիցը կամ քաղաքական համախոհը չեմ եղել, անհնար է չընդունել, որ նրան ու իր թիմին հաջողվեց անել այն, ինչ տաս տարի չէր կարողանում անել Հայաստանի ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը: Որտե՞ղ էր այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը՝ չգիտեմ: Հաստատ հրապարակում չէր: Գուցե շախմա՞տ էր խաղում Սերժ Սարգսյանի հետ, թեպետ վերջինս հազիվ թե շախմատի սիրտ ունենար:
Երկրի նախագահները, գործող թե նախկին, պետք է ի վիճակի լինեն վեր կանգնել անձնական նախապատվություններից, նախասիրություններից, առավել ևս անձնավորված մանրախնդիր նախանձի դրսևորումներից: Պետք է ի վիճակի լինեն ճիշտ գնահատելու քաղաքական իրադարձությունների բովանդակությունն ու նշանակությունը ողջ հայ ժողովրդի, ոչ թե սոսկ սեփական հաջողված կամ չհաջողված հավակնությունների տեսանկյունից: Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը, սակայն, ավելի շատ հենց այդպիսի տպավորություն է թողնում, որ եթե մի գործում ես չեմ հաջողել, չխոսելով արդեն անհաջողության ողբերգական հետևանքների մասին, թող չհաջողի նաև Փաշինյանը: Մինչդեռ ավելի ճիշտ կլիներ նոր վարչապետին գոնե բարոյակա աջակցություն հայտնել, եթե անգամ քաղաքական շոշափելի աջակցություն ցուցաբերելու ցանկություն կամ ռեսուսներ արդեն չկան:

Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը