Քաղաքական

Մայիս 15, 2018 14:58

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին (տեսանյութ)

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար և նշել. «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետևյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարևոր և կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների: Վարչապետն ընդգծել է, որ պետք է դիվանագիտական կորպուսը հնարավորինս զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից, ինչն աշխատանքի արդյունավետ կազմակերպման լավ միջոց է:
Էդուարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱԳ նորանշանակ նախարարին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ և համակարգի պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեությամբ հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ արտաքին քաղաքականության ոլորտում:
Նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ անցած տարիների ընթացքում դիվանագիտական կորպուսը բարձրացրել է մասնագիտական կարողություններն ու ներուժը: «Գիտակցում եմ առկա մարտահրավերների ողջ ծավալը, բայց ինձ զգում եմ վստահ և ուժեղ առկա մեծ թիմով: Հիմնվելով մեր հսկայական ներուժի վրա՝ վստահ եմ, որ միասին շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի օրակարգը»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է փոխվարչապետներին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: «Մենք կարևոր աշխատանք ունենք անելու և պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետև չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ և այստեղից պետք է հեռանանք կրկին նրա որոշմամբ: Սրանք են մեր գործունեության մեկնարկի և ավարտի մասին պատկերացումները և այս միջակայքում պետք է ծառայենք ՀՀ քաղաքացիներին ու հայ ժողովրդին:
Կառավարության գործունեությունը լինելու է հետևյալ տրամաբանությամբ. պետք է արդյունավետ քայլեր իրականացնենք և եթե որևէ քայլի ճշմարտացիության հարցում համոզված ենք, հաշվի առնելով առկա փաստարկները, ապա պետք է դրանք կիսենք հանրության հետ և նրան կարողանանք համոզել նույնկերպ, ինչպես ինքներս ենք համոզվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա պետք է լինի կառավարության գործելակերպը, ինչը բխում է ժողովրդավարության կանոններից: Վարչապետի խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ ինքն է որոշումների կայացման ամենակարևոր աղբյուրը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը չպետք է գնա պոպուլիստական ճանապարհով, իսկ բոլոր գործողություններն իրականացնելիս պետք է ունենա քաղաքացիների մանդատը: «Նրանք պետք է համոզված լինեն, որ մենք անում ենք առավել արդյունավետ քայլեր: Այս գործընթացի կազմակերպման ամենակարևոր դերակատարները փոխվարչապետներն են, և ես հաջողություն եմ մաղթում ձեզ գործունեության մեջ: Պետք է առավելագույնն անենք, որպեսզի Հայաստանի և սփյուռքի լավագույն ներուժը համախմբենք մեր կառավարության շուրջ: Գնահատման չափանիշը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունն աշխատանքին: Կարծում եմ, որ կառաջնորդվենք հետևյալ սկզբունքով. նրանք, ովքեր կհամապատասխանեն այդ չափանիշներին, կշարունակեն աշխատել: Ցանկացած ոք, ով ցույց կտա իր աշխատանքի արդյունավետությունը և կցանկանա աշխատել, իհարկե, շնորհակալ կլինենք, որպեսզի շարունակի իր ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև նախկին փոխվարչապետներին կատարած աշխատանքի համար:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին վստահության համար և ընդգծել, որ կիսում է վարչապետի ներկայացրած մոտեցումները, սկզբունքները՝ կապված իշխանության աղբյուրի՝ քաղաքացիների, անընդհատ նրանց հաշվետու լինելու հետ: «Կարծում եմ՝ առաջադրանքը բավականին հստակ է, և ներկաներն ու հանրությունը հստակ գիտակցում են, որ ապրում ենք նոր Հայաստանում, որ քաշվել է հստակ գիծ: Բոլորս գիտենք ինչից է պետք ազատվել, և մենք շատ հաստատուն ու վճռական քայլերով գնալու ենք այդ ուղղությամբ»,- նշել է Արարատ Միրզոյանը: Առաջին փոխվարչապետը հույս է հայտնել, որ պետական ապարատի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ կառավարության աշխատակազմը, հստակ գիտակցում է իր առջև դրված խնդիրը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ նոր կառավարության հիմնական գործունեության արդյունքները լինելու են իրական փոփոխությունները, որոնք սպասված են: «Կարծում եմ՝ այն փոփոխությունները, որոնք իրականացնելու է այս կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության համար լինելու է աննախադեպ: Ակնկալում եմ, որ կարճ ժամանակահատվածում կառավարման համակարգում ունենալու ենք տրամաբանության լրջագույն փոփոխություն»,-ասել է Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն արձանագրելու է լուրջ արդյունքներ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է միասնական աշխատանքն ու կարևորագույն ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ով մինչ գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետն էր: Հանդիպմանը ներկա էր նաև նախկին նախարար Վարդան Արամյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վարդան Արամյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

«Պարոնայք Վարդան Արամյանն ու Ատոմ Ջանջուղազյանը ինձ հաճելիորեն զարմացրած անձինք էին իմ վարչապետ դառնալուց հետո: Հաճելի էր լսել, որ ֆինանսական համակարգը բնականոն աշխատել է՝ չնայած ներքաղաքական լարված իրավիճակին: Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք հաղթահարել ցայտնոտի զգացումը: Առաջիկայում խնդիր ունենք պատշաճ ներկայացնել պետական բյուջեի, կարճաժամկետ ծախսերի նախագծերը: Համոզված եմ, որ այդ աշխատանքը կարող եք պատշաճ իրականացնել, պարոն Ջանջուղազյան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով Վարդան Արամյանին՝ վարչապետը նշեց. «Ձեզ համարում եմ պրոֆեսիոնալ մարդ, համոզված եմ, որ ամեն ինչ կանեք՝ նոր նախարարին աջակցելու հարցում»:

Արամյանը շնորհակալություն հայտնեց լավ խոսքերի համար և իր երախտիքի խոսքն ասաց նախարարության իր գործընկերներին: Նա նկատեց, որ Ջանջուղազյանը ֆինանսական համակարգին քաջատեղյակ անձնավորություն է, ով Հայաստանի գանձապետական համակարգի կնքահայրն է եղել. «Ես պատրաստ եմ բոլորին աջակցել ամեն հարցում»:

«Շնորհակալ եմ այս բարձր պաշտոնում մեր հայրենիքին ծառայելու հնարավորության համար»,-ասաց նորանշանակ նախարար Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարար է նշանակվել մայիսի 12-ին:

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյան․ «Էս էլ շակալներից մեկը» (տեսանյութ)

Փաշինյան․ «Էս էլ շակալներից մեկը» (տեսանյութ)

Մայիս 20, 2018 12:10 «Լավ չի երևում, բայց ձայնը լավ լսվում է»:
Հանրային քննարկում է տեղի ունեցել Սասնա Ծռերի մասով (տեսանյութ)

Հանրային քննարկում է տեղի ունեցել Սասնա Ծռերի մասով (տեսանյութ)

Մայիս 20, 2018 11:25 Որոշվել է մայիսի 21-ին, ժամը 08։00-ից ցույց իրականացնել գլխավոր դատախազության մոտ, իսկ չորեքշաբթի օրը՝ նաև Շենգավիթի դատարանի մոտ։
Շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ

Շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ

Մայիս 19, 2018 14:28 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։
Արայիկ Հարությունյան. «Շոու չեմ անում» (տեսանյութ)

Արայիկ Հարությունյան. «Շոու չեմ անում» (տեսանյութ)

Մայիս 19, 2018 13:35 «Ծնողները եկել էին բողոքի, թե իբրև շոու եմ սարքում և դրամահավաք չկա»։
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Կառավարական առանձնատունը (ուղիղ միացում)

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Կառավարական առանձնատունը (ուղիղ միացում)

Մայիս 19, 2018 12:55 Վարչապետ դառնալուց հետո նա այնտեղ է բնակվում՝ ընտանիքի հետ միասին։
ԱԱԾ ղեկավար․ «350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում»

ԱԱԾ ղեկավար․ «350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում»

Մայիս 19, 2018 12:31 «Շուտով կբացահայտնվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»,-ասել է Արթուր Վանեցյանը:
Փաստաբան Տիգրան Եգորյանը նկատողություն ստացավ

Փաստաբան Տիգրան Եգորյանը նկատողություն ստացավ

Մայիս 19, 2018 08:21 «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» գործով դատական նիստին դահլիճը լքելու համար։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեղավոր ճանաչվեց

Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեղավոր ճանաչվեց

Մայիս 19, 2018 08:11 «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ լքել էր նիստերի դահլիճը։
ԳԹԿ տնօրենին զանգել և պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել

ԳԹԿ տնօրենին զանգել և պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել

Մայիս 18, 2018 22:15 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից։
Ազատ է արձակվել նաև Վարդան Վարդանյանը

Ազատ է արձակվել նաև Վարդան Վարդանյանը

Մայիս 18, 2018 22:09 Դատապարտված էր «Շանթ և ընկերներ» գործով:
Ազատ է արձակվել Շանթ Հարությունյանի գործով ազատազրկման դատապարտված Լիպարիտ  Պետրոսյանը

Ազատ է արձակվել Շանթ Հարությունյանի գործով ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը

Մայիս 18, 2018 21:45 «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի եղբայրն է:
ԱԽ նոր քարտուղարն էլ է իր աշխատավայրից ուղիղ եթեր մտել (տեսանյութ)

ԱԽ նոր քարտուղարն էլ է իր աշխատավայրից ուղիղ եթեր մտել (տեսանյութ)

Մայիս 18, 2018 20:59 Ցույց է տվել իր աշխատասենյակը։
ԿԳ նախարարը դրամահավաքության դեպք է հայտնաբերել և դիմել ոստիկանություն (տեսանյութ)

ԿԳ նախարարը դրամահավաքության դեպք է հայտնաբերել և դիմել ոստիկանություն (տեսանյութ)

Մայիս 18, 2018 20:44 «Ծնողական ժողովին անսպասելի եկավ կրթության նախարարը»։
ԿԳ նախարարը հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին (լուսանկար)

ԿԳ նախարարը հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին (լուսանկար)

Մայիս 18, 2018 17:16 Հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ։