Կարծիք

07.12.2010 17:23


Խորհրդականների բացակայության հետևանքները

Խորհրդականների բացակայության հետևանքները

Հայաստանի ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանում խորհրդականների ինստիտուտն այդպես էլ չի ձևավորվել:

Երբ Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, մենք վստահ էին, որ նա միջին կարգի խորհրդականներ էլ չունի: Եթե ունենար, ապա հաղթական պատերազմից հետո ունենալով բավական բարձր վարկանիշ՝ չէր տապալի 1995թ. խորհրդարանական և 1996թ. նախագահական ընտրությունները:

Խորհրդականներով չէր փայլում Ռոբերտ Քոչարյանը: Եթե նրա կողքին մի քանի խելքը գլխին խորհրդական լիներ, ապա բազմաթիվ կոպիտ և ոչ այնքան կոպիտ սխալներ թույլ չէին տրվի:

Խորհրդականներով չի փայլում նաև Սերժ Սարգսյանը:

Դառնալով առաջին նախագահին՝ նկատենք, որ տարիների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ հետևություն խորհրդականների հարցում չի արել և կրկին իրեն շրջապատել է ավելի քան թույլ ֆիգուրներով կամ թիմակիցներով: Հակառակ դեպքում նրա խորհրդականներից և թիմակիցներից գոնե մեկը նրան կհուշեր, որ երկրի առաջին նախագահին, ընդդիմադիր ուժի առաջնորդին հարիր չէ ՀԺԿ կամ որևէ այլ կուսակցության համագումարի ամբիոնից հայ ժողովրդին բացատրել, թե ինչ է նշանակում գաղափարախոսություն եզրույթը:

Անկասկած, կգտնվեն մարդիկ, ովքեր չեն կարող հստակ բացատրել, թե ինչ է գաղափարախոսությունը, բայց դա դեռ հիմք չէ, որ երկրի առաջին նախագահն իր վրա վերցնի դասախոսի կամ ուսուցչի գործառույթը և դասախոսություն կարդա համագումարի ժամանակ: Ընդ որում, լուրջ մտորումների տեղիք է տալիս այն, որ իրեն ժողովրդավարական ուժ համարող Հայ ազգային կոնգրեսում ժողովրդավարության կամ խոսքի ազատության մասին պատկերացումներն այնքան աղճատված են, որ որևէ մեկը չի հանդգնել Լևոն Տեր-Պետրոսյանին մտերմաբար խորհուրդ տալ կամ ակնարկել, որ գաղափարախոսության մասին դասախոսությունը մեծամտության սովորական դրսևորում է և կարող է ավելի իջեցնել առաջին նախագահի և Հայ ազգային կոնգրեսի վարկանիշը: Մարգարե լինել պետք չէ գուշակելու համար, որ այս ելույթից հետո նույնիսկ ոմանք մոտեցել են առաջին նախագահին, սեղմել նրա ձեռքը և ասել, թե ելույթը հրաշալի էր: Ավելին, կգտնվեն քծնանքի դպրոց անցածներ, ովքեր կասեն, թե իրենք մինչ օրս պատկերացում անգամ չունեին, թե ինչ է գաղափարախոսությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ էր համարել ծավալուն ելույթով պատասխանել նրանց, ովքեր Հայ ազգային կոնգրեսին մեղադրում են նրանում, որ այնտեղ հավաքված են տարբեր գաղափարախոսություններ դավանող ուժեր: Իրականում Կոնգրեսի հասցեին շատ ավելի լուրջ քննադատություններ են հնչում, որոնց այդպես էլ պատասխան չի տրվում: Ավելին, որևէ լուրջ ուժ, լուրջ քաղաքական գործիչ ուշադրություն չի դարձնում ցածր մակարդակ ունեցողների ցածրամակարդակ քննադատություններին: Բոլոր առողջ ուժերն էլ հասկանում են, որ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար կարող են համագործակցել լիբերալները, սոցիալիստները և նույնիսկ կոմունիստներն ու ազգայնականները: Եվ երբ Կոնգրեսի առաջնորդը որոշում է երկարաշունչ ելույթով անդրադառնալ թույլիկ մեղադրանքներին, ապա ստիպված ենք լինում կրկին մտածել, որ լուրջ քննադատություններին և մեղադրանքներին ՀԱԿ-ն առայժմ պատրաստ չէ պատասխանել: Պատրաստ չէ այդ քննադատություններին անդրադառնալ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իսկապես, Կոնգրեսի գաղափարախոսական հենքի բացակայության մասին իշխանական քարոզչության մոգոնած խոսակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էժանագին սպեկուլյացիա՝ ժողովրդի ուշադրությունը երկրի առջև կանգնած իրական խնդիրներից շեղելու համար: Բայց անհասկանալի է, որ այդ էժանագին սպեկուլյացիային անդրադարձել է հենց ինքը' ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կարծում ենք, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմակիցները վերջապես պատասխանեն այն հարցին, թե ի՞նչ է Հայ ազգային կոնգրեսը: Մենք չենք ասում, թե ինչ գաղափարախոսություն է դավանում ՀԱԿ-ը կամ ինչ նպատակներ է հետապնդում, այլ հարցնում ենք, թե ի՞նչ է Հայ ազգային կոնգրեսը: Եթե կասեք, թե Կոնգրեսը կուսակցությունների և կազմակերպությունների դաշինք է հանուն սահմանադրական կարգի վերականգնման, ապա անհասկանալի է, թե այդ դեպքում ի՞նչ է նշանակում անհատական անդամակցությունը Կոնգրեսին: Ոմանք սա մանր հարց կհամարեն, բայց իրականում սա բոլորովին էլ մանր հարց չէ:

 Կարելի է կռահել, որ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում, որտեղ մեծ թիվ են կազմում անկուսակցականները կամ նրանք, ովքեր իրենց կուսակցության վարչության կամ խորհրդի անդամ չեն, մտադրություն ունեն Կոնգրեսը վերածել կուսակցության: ՀՀՇ-ին հասցված վերջին ծանր հարվածը վկայում է հենց այդ մասին: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կկատարեն իրենց վերապահած դերը և մի օր ստիպված կլինեն պատասխանել մի հարցի' իրենք ՀԱԿ կուսակցության մասնի՞կն են, թե՞ մնում են որպես առանձին կուսակցություն: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, ապա այն այլևս գոյություն չունի: Ավելի ճիշտ, «դե յուրե» կա, բայց «դե ֆակտո» գոյություն չունի:

Եվ որքան էլ Տեր-Պետրոսյանը պնդի, թե ՀԱԿ-ի հեղինակությունը չի ընկել, իրականությունը բոլորովին այլ է: Կոնգրեսի վարկանիշը կտրուկ անկում է ապրել և չէր կարող չապրել: Հանրահավաքների և երթերի մասնակիցների թվից անգամ կարելի է արձանագրել, որ Կոնգրեսին վստահողների թիվը կտրուկ նվազել է:

Առողջ զանգվածի համար հասկանալի է, որ չի կարելի պահանջել արտահերթ ընտրություններ և գնալ ամառային հանգստի, չի կարելի նոր կուռքեր ստեղծել և նրանց ֆետիշացնել: Չի կարելի մի քաղբանտարկյալին վեր դասել մյուս քաղբանտարկյալներից: Ժողովրդավարության հաղթանակի համար պայքարող ուժը նաև չի կարող խեղդել այլակարծությունը և խաբել արդարության սպասող ժողովրդին, իր շարքերում վնասարարներ հայտնաբերել և տեղի չունեցած իշխանափոխության ամբողջ մեղքը փորձել բարդել գոյություն չունեցող վնասարարների վրա: Եվ վերջապես, ՀԱԿ-ը պետք է շատ հստակ պատասխանի այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ մինչև ԼՂ հարցի կարգավորումը Հայաստանում հնարավոր են իրական բարփոխումներ և առաջընթաց: Այնպես որ, պետք է անդրադառնալ շատ ավելի լուրջ հարցերի և ոչ թե ծանրանալ «բեսեդկային» մեղադրանքների վրա:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը